YouVersion Logo
Search Icon

Ա Կորնթացիներին 5

5
Բարոյական անկարգություններ Կորնթոսում
1Առհասարակ լսելի է ձեր մեջ եղած պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ նույնիսկ չկա, ինչպես՝ ինչ-որ մեկը իր հոր կնոջ հետ է կենակցում։ 2Եվ դուք պարծենում եք՝ փոխանակ սգալու, որպեսզի ձեր միջից վերացվի նա, ով այդ արարքը կատարել է։ 3Թեև ես մարմնով հեռու եմ, բայց հոգով ներկա եմ։ Որպես ներկա՝ արդեն վճռել եմ նրա համար, ով նման բան է կատարել. 4մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով երբ մեկտեղ հավաքվեք, ես ևս հոգով ձեզ հետ կլինեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությամբ. 5այդպիսի մեկին մատնել սատանային, որպեսզի մարմինը կորչի, և հոգին փրկվի մեր Տեր Հիսուսի դատաստանի օրը։ 6Ձեր պարծենալը լավ չէ. չգիտե՞ք, որ մի փոքր թթխմորն ամբողջ զանգվածն է խմորում։ 7Հին խմորը մաքրե՛ք, որպեսզի նոր անթթխմոր զանգված լինեք. որովհետև մեր Զատիկը՝ Քրիստոսը, մեզ համար մորթվեց։ 8Ուստի ոչ թե հին խմորով տոնը կատարենք, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ անկեղծության և ճշմարտության անթթխմոր հացով։
9Նամակում ձեզ գրեցի պոռնիկների հետ չխառնակվել։ 10Ամենևին նկատի չունեի այս աշխարհի պոռնիկներին, կամ ագահներին, կամ հափշտակողներին, կամ կռապաշտներին. այլապես հարկ կլիներ, որ դուք աշխարհից հեռանայիք։ 11Հիմա ձեզ գրեցի չխառնակվել, որ եթե մեկը, որ եղբայր է կոչված, պոռնիկ կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ հարբեցող, կամ հափշտակող լինի, այդպիսի մեկի հետ անգամ հաց չուտեք։ 12Քանզի ինձ ի՞նչ պետք է, որ եկեղեցուց դուրս գտնվողներին էլ դատեմ. չէ՞ որ դուք եկեղեցու ներսում գտնվողներին եք դատում։ 13Իսկ դրսիններին Աստված է դատելու։ Չարը ձեր միջից վերացրե՛ք (հմմտ. Բ Օր. 22.21)։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in