YouVersion Logo
Search Icon

Ա Կորնթացիներին 7

7
Ամուսնությանը վերաբերող հարցեր
1Արդ այն բաների մասին, որ գրել էիք ինձ։ Մարդու համար լավ է, որ կնոջ չմոտենա։ 2Սակայն պոռնկությունից խուսափելու համար թող ամեն մարդ իր կինն ունենա, և ամեն կին իր ամուսինն ունենա։ 3Ամուսինը թող իր կնոջ հանդեպ պարտքը կատարի, նույն կերպ էլ կինը՝ իր ամուսնու հանդեպ։ 4Կինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ ամուսինը. նույն կերպ էլ ամուսինն իր մարմնի վրա իշխանություն չունի, այլ կինը։ 5Միմյանց մի՛ զրկեք, այլ միայն ժամանակավոր փոխհամաձայնությամբ, որպեսզի աղոթքով զբաղվեք։ Ապա նորից միմյա՛նց վերադարձեք, որպեսզի ձեր անժուժկալության պատճառով սատանան չփորձի ձեզ։ 6Բայց սա թույլ տալով եմ ասում և ոչ թե հրամայելով։ 7Որովհետև կամենում եմ, որ ամեն մարդ ինձ նման լինի։ Սակայն յուրաքանչյուր ոք Աստծուց իր շնորհն ունի. մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։
8Բայց ամուրիներին ու այրիներին ասում եմ. նրանց համար լավ է, որ ինձ պես մնան։ 9Իսկ եթե ժուժկալություն չունեն, թող ամուսնանան, որովհետև ավելի լավ է ամուսնանալ, քան այրվել։ 10Բայց ամուսնացածներին պատվիրում եմ ոչ թե ես, այլ Տերը, որ կինն իր ամուսնուց չբաժանվի։ 11Իսկ եթե բաժանվի, թող առանց ամուսնանալու մնա կամ իր ամուսնու հետ հաշտվի։ Ամուսինն էլ կնոջը չթողնի։ 12Բայց մյուսներին ես եմ ասում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և նա հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ 13Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ 14Որովհետև անհավատ ամուսինը կնոջ միջոցով է սրբագործված լինում, անհավատ կինն էլ ամուսնու միջոցով է սրբագործված լինում. այլապես ձեր զավակները պիղծ կլինեին, բայց հիմա սուրբ են։ 15Իսկ եթե անհավատը բաժանվում է, թող բաժանվի. նման բաներում որևէ եղբայր կամ քույր ստրկացված չէ. Աստված մեզ խաղաղությամբ ապրելու է կանչել։ 16Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։
17Միայն թե ամեն ոք թող ապրի այն վիճակում, որ Տերը բաժին է հանել. ինչպես որ նրան Աստված կանչեց, թող այնպես ընթանա։ Ես բոլոր եկեղեցիներում այսպես եմ պատվիրում։
Ապրի՛ր, ինչպես Աստված քեզ կոչել է
18Մեկը թլփատվա՞ծ է կանչվել, թող անթլփատ չձևանա. մեկն անթլփա՞տ է կանչվել, թող չթլփատվի։ 19Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ Աստծու պատվիրանները պահելը։ 20Ամեն ոք ինչ կոչման մեջ որ կանչվեց, թող նրա մեջ մնա։ 21Ծառա՞ էիր, երբ կանչվեցիր, հոգ մի՛ արա, բայց եթե կարող ես նաև ազատ լինել, առավել ևս դրանի՛ց օգտվիր։ 22Որովհետև Տիրոջով կանչված ծառան Տիրոջ ազատն է, նույն կերպ էլ իբրև ազատ կանչվածը Քրիստոսի ծառան է։ 23Մեծ գնով եք գնվել. մարդկանց ծառաներ մի՛ դարձեք։ 24Եղբայրնե՛ր, յուրաքանչյուր ոք ինչ կոչմամբ կանչվեց, Աստծու առաջ թող դրա մեջ մնա։
Ամուրիների և այրիների մասին
25Կույսերի վերաբերյալ Տիրոջից հրաման չունեմ, սակայն որպես Տիրոջից ողորմություն գտած և վստահելի մեկը՝ խրատ եմ տալիս։ 26Արդ կարծում եմ, որ ներկայիս նեղության պատճառով լավ է մարդն այդպես լինի։ 27Կնոջ հետ կապվա՞ծ ես, մի՛ փորձիր բաժանվել, բաժանվա՞ծ ես կնոջից, այլ կին մի՛ փնտրիր։ 28Բայց եթե ամուսնանաս, մեղանչած չես լինի, և եթե մի կույս ամուսնանա, մեղանչած չի լինի. բայց այդպիսիները մարմնական նեղություն կունենան, իսկ ես կցանկանայի ձեզ խնայել։
29Սակայն սա եմ ասում, եղբայրնե՛ր, որ այսուհետև ժամանակը կարճ է, այնպես որ կին ունեցողները չունեցողների պես թող լինեն, 30լաց լինողները՝ չլացողների պես, ուրախացողները՝ չուրախացողների, իսկ գնորդները թող լինեն այնպես, իբր գնածի տերը չեն, 31այս աշխարհից օգտվողները՝ չօգտվողների պես, որովհետև այս աշխարհի արտաքինը ստվերի պես հեռանում է։ 32Ուզում եմ, որ դուք առանց հոգսի լինեք. չամուսնացածը Տիրոջ գործերի մասին է հոգ անում, թե ինչպե՛ս Տիրոջը հաճելի լինի, 33սակայն ամուսնացածն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս կնոջը հաճելի լինի։ 34Իրարից տարբերվում են նաև ամուսնացած կինն ու կույսը. կույսը Տիրոջ գործերի մասին է հոգում, որ մարմնով ու հոգով սուրբ լինի, իսկ ամուսնացած կինն աշխարհիկ գործերի մասին է հոգում, թե ինչպե՛ս իր ամուսնուն հաճելի լինի։ 35Սա ես ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա բեռ եմ դնում, այլ որպեսզի պարկեշտությամբ և անարգել Տիրոջը ծառայեք։
36Եթե մեկն իր կույսի համար ամաչի, որ նա հասուն տարիքում է, և դա այդպես պետք է լինի, թող անի, ինչ որ կամենում է. մեղանչած չի լինի, թող ամուսնացնեն։ 37Սակայն ով իր սրտում հաստատուն է և կարիք էլ չունի, նա իր կամքի վրա իշխանություն ունի. և ով իր սրտում վճռել է իր կույսին պահել, ճիշտ է անում։ 38Ուստի ով իր կույսին ամուսնացնում է, լավ է անում, իսկ ով չի ամուսնացնում, է՛լ ավելի լավ է անում։
39Կինը կապված է այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամուսինը կենդանի է։ Իսկ եթե նրա ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։ 40Սակայն է՛լ ավելի երանելի է, թե որ ըստ իմ խրատի այնպես մնա։ Կարծում եմ, որ ես էլ Աստծու Հոգին ունեմ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in