ԺՈՂՈՎՈՂ 4
4
1Եվ ես շրջվեցի ու տեսա արևի տակ կատարվող բոլոր կեղեքումները. ահա կեղեքվածների արտասուք կար, բայց մխիթարիչ չունեին. նրանց կեղեքիչների ձեռքում՝ ուժ, բայց նրանք մխիթարիչ չունեին։
2Եվ ես գովաբանեցի մեռածներին, որոնք արդեն մեռել էին, ավելի, քան այն ապրողներին, որոնք դեռևս ապրում են։
3Բայց այդ երկուսից էլ լավագույնը նա է, ով դեռևս չի եղել, որ չի տեսել արեգակի տակ գործվող չարությունը։
4Եվ ես տեսա, որ ամբողջ տքնանքն ու բոլոր ձեռքբերումները մարդու նախանձից են իր ընկերոջ նկատմամբ. սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
5Անմիտը ծալում է իր ձեռքերը և իր միսն ուտում։
6Ավելի լավ է մի բուռ հանգստությամբ լի, քան թե երկու բուռ՝ տքնանքով և քամուն հետապնդելով։
7Ես շրջվեցի և ունայնություն տեսա արեգակի տակ։
8Մեկը կա, որ մի հաջորդ#4.8 Բռց. երկրորդ։ չունի. ո՛չ որդի և ո՛չ եղբայր, բայց նրա ամբողջ աշխատանքը վերջ չունի, և նրա աչքը չի կշտանում հարստությամբ. «Ո՞ւմ համար եմ ես աշխատում և իմ անձը զրկում բարիքից»։ Ահա սա էլ է ունայնություն և չար զբաղմունք։
9Երկուսը մեկից լավ է, որովհետև նրանք լավ վարձ ունեն իրենց տանջանքից։
10Որովհետև եթե վայր ընկնեն, մեկն իր ընկերոջը կկանգնեցնի. բայց վա՜յ մեկին, որ ընկնում է, և չկա մի երկրորդը, որ կանգնեցնի նրան։
11Նաև, երբ որ երկուսը միասին պառկեն, կտաքանան, իսկ մեկն ինչպե՞ս կտաքանա։
12Եվ եթե մեկը նրան բռնանա, երկուսը նրա դեմ կկանգնեն. եռապատիկ թելը շուտ չի կտրվի։
13Լավ է աղքատ և իմաստուն տղան, քան թե ծեր և անմիտ թագավորը, որն այլևս խրատվել չգիտի։
14Որովհետև մեկը կալանավորների տնից է դուրս գալիս, որ թագավորի, իսկ մյուսը, թագավոր ծնված լինելով, աղքատանում է։
15Արեգակի տակ ման եկող բոլոր ապրողներին ես տեսա այն տղայի հետ, որ պիտի կանգնի թագավորի տեղում։
16Թիվ չկա այն ամբողջ ժողովրդին՝ այն բոլորին, որ նրանցից առաջ էին, սակայն նրանց հաջորդները նրանով չեն ուրախանալու։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։
Currently Selected:
ԺՈՂՈՎՈՂ 4: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018