YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 51

51
Սփոփիչ խոսքեր Երուսաղեմին
1«Լսե՛ք ինձ, ո՛վ արդարության հետևողներ, ո՛վ Տիրոջը փնտրողներ, նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք, և այն գուբի փոսին, որից դուք հանվել եք։ 2Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի և օրհնեցի ու բազմացրի։ 3Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։ 4Լսի՛ր ինձ, ո՛վ իմ ժողովուրդ, ակա՛նջ դիր ինձ, ո՛վ իմ ազգ, որովհետև օրենքն ինձնից է դուրս գալու, և ես իմ իրավունքն իբրև լույս պիտի հաստատեմ ժողովուրդների համար։ 5Մոտ է իմ արդարությունը, գալիս է իմ փրկությունը, և իմ բազուկները դատում են ժողովուրդներին։ Ծովեզրերը սպասում են ինձ և ապավինում իմ բազկին։ 6Բարձրացրե՛ք ձեր աչքերը դեպի երկինք և նայե՛ք դեպի ցած՝ երկրին. որովհետև երկինքը պիտի փարատվի ծխի նման, երկիրը պիտի մաշվի ձորձի պես, և նրա բնակիչները մոծակների պես պիտի մեռնեն։ Բայց իմ փրկությունը հավիտյան կմնա, և իմ արդարությունը երբևէ չի պակասի։
7Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից, 8որովհետև ցեցն ուտելու է նրանց հանդերձի նման, և ցեցը կրծելու է նրանց բրդի պես. բայց իմ արդարությունը կմնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդեսերունդ»։
9Զարթնի՛ր, զարթնի՛ր, զորությո՛ւն հագիր, ո՛վ Տիրոջ բազուկ, զարթնի՛ր ինչպես նախկին օրերին, ինչպես հին սերունդների օրոք. մի՞թե դու նա չես, որ Ռահաբին ջարդուփշուր արեցիր, խոցեցիր վիշապին։ 10Մի՞թե դու նա չես, որ ցամաքեցրիր ծովը, մեծ անդունդի ջրերը, ծովի խորքերում ճանապարհ բացեցիր փրկվածների անցնելու համար։ 11Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։
12«Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։ 13Դու մոռանում ես Տիրոջը՝ քո արարչին, որ տարածեց երկինքն ու հաստատեց երկրի հիմքերը. դու միշտ և ամեն օր վախենում ես բռնավորի զայրույթից, որը պատրաստվում է ոչնչացնելու. բայց ո՞ւր է բռնավորի զայրույթը։ 14Կքած կալանավորը շուտով կարձակվի, մեռնելով գուբը չի ընկնի, և նրա հացը չի պակասի։ 15Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հուզում է ծովին, որ նրա ալիքները գոռան. Զորությունների Տեր է իմ անունը։ 16Ես իմ խոսքերը քո բերանում դրեցի և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ, որպեսզի տարածեմ երկինքը, հաստատեմ երկրի հիմքերն ու ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։
17Զարթնի՛ր, զարթնի՛ր, վե՛ր կաց, ո՛վ Երուսաղեմ. դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա զայրույթի բաժակը, որ խմեցիր ցմրուր, քամեցիր թմրության թասը։ 18Իր ծնած բոլոր որդիների մեջ չկա մեկը, որ առաջնորդի իրեն, և իր մեծացրած բոլոր ուստրերից չկա մեկը, որ բռնի իր ձեռքից։ 19Երկու բաներ պատահեցին քեզ, ո՞վ կարող է քեզ սփոփել. կործանում ու կոտորած և սով ու սուր։ Ես քեզ ինչո՞վ մխիթարեմ։ 20Քո որդիները նվաղել են, պառկել են բոլոր փողոցների անկյուններում ցանցի մեջ բռնված վայրի այծի նման. նրանք լի են Տիրոջ զայրույթով, քո Աստծու հանդիմանությամբ։ 21Ուրեմն լսի՛ր այս, ո՛վ թշվառ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։ 22Այսպես է ասում Տերը՝ քո Տերը, և քո Աստվածը, որ պաշտպանում է իր ժողովրդի դատը. «Ահա քո ձեռքից վերցնում եմ թմրության բաժակը, իմ զայրույթի թասը, և դու այլևս չես խմելու։ 23Այն դնում եմ քեզ վշտացնողների ձեռքում, որոնք ասում էին քեզ. “Խոնարհվի՛ր ու պառկի՛ր, որ մենք անցնենք”։ Եվ դու անցորդների համար քո մեջքը գետնի նման ու փողոցի պես դարձրիր»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 51: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in