ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3
3
Երկրում մնացած ազգերը
1Սրանք են այն ազգերը, որոնց Տերը թողեց, որ նրանցով փորձի Իսրայելին, այսինքն՝ ամենքին, որոնք չգիտեին քանանացիների բոլոր պատերազմների մասին. 2միայն նրա համար, որ պատերազմել սովորեցնեն Իսրայելի որդիների սերունդներին, մանավանդ նրանց, որոնք առաջվանից պատերազմել չգիտեին. 3փղշտացիների հինգ նախարարությունները, բոլոր քանանացիներին ու սինոդացիներին, խևացիներին, որոնք բնակվում էին Լիբանան սարում՝ Բաաղ-Հերմոն սարից մինչև Եմաթի մուտքը։ 4Սրանցով պիտի փորձեր Իսրայելին, որ իմանար, թե արդյոք կլսե՞ն Տիրոջ պատվիրանները, որ Մովսեսի միջոցով պատվիրեց նրանց հայրերին։
5Եվ Իսրայելի որդիները բնակվեցին քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների մեջ, 6նրանց աղջիկներին իրենց համար կին առան և իրենց աղջիկներին նրանց տղաներին տվեցին ու պաշտեցին նրանց աստվածներին։
Գոթոնիել
7Իսրայելի որդիները չարիք գործեցին Տիրոջ առաջ, մոռացան իրենց Տեր Աստծուն և պաշտեցին Բահաղիմներին ու Աստարովթներին։ 8Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նա նրանց մատնեց Միջագետքի#3.8 Եբր. Արամ-Նահարայմ։ Քուսարսաթեմ թագավորի ձեռքը, և Իսրայելի որդիներն ութ տարի ծառայեցին Քուսարսաթեմին։
9Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, և Տերն Իսրայելի որդիների համար մի փրկիչ առաջ բերեց՝ Քաղեբի փոքր եղբայր Կենեզի որդի Գոթոնիելին, որն ազատեց նրանց։
10Տիրոջ Հոգին իջավ նրա վրա, և նա դատավորություն էր անում Իսրայելում, ու երբ պատերազմի ելավ, Տերը նրա ձեռքը մատնեց Միջագետքի Քուսարսաթեմ թագավորին, և նրա ձեռքը զորացավ Քուսարսաթեմ թագավորի դեմ։ 11Երկիրը քառասուն տարի հանգստացավ, և Կենեզի որդի Գոթոնիելը մեռավ։
Ավոդ
12Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը զորացրեց Մովաբի Էգղոն թագավորին Իսրայելի դեմ՝ Տիրոջ առաջ նրանց գործած չարիքի պատճառով։ 13Եվ Էգղոնն իր մոտ ժողովեց Ամմոնի ու Ամաղեկի որդիներին և գնաց զարկեց Իսրայելին ու տիրեց Արմավենիների քաղաքին։ 14Եվ Իսրայելի որդիները Մովաբի Էգղոն թագավորին ծառայեցին տասնութ տարի։ 15Երբ Իսրայելի որդիներն աղաղակեցին Տիրոջը, Տերը նրանց համար առաջ բերեց մի փրկիչ՝ Բենիամինի ցեղից Գերայի որդի Ավոդին#3.15 Եբր. Էհուդ։, որը ձախլիկ էր. և Իսրայելի որդիները նրա միջոցով ընծաներ ուղարկեցին Մովաբի Էգղոն թագավորին։ 16Ավոդը մեկ կանգուն երկարությամբ երկսայրի սուր շինեց իր համար և այն կապեց իր հանդերձների տակից՝ իր աջ ազդրի վրա։ 17Եվ ընծան տարավ Մովաբի Էգղոն թագավորին (Էգղոնը խիստ գեր մարդ էր)։ 18Եվ երբ ընծան տվեց վերջացրեց, ընծան կրող մարդկանց ետ ուղարկեց, 19և ինքը Գաղգաղայում եղած կուռքերի մոտից ետ դարձավ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քեզ ծածուկ ասելու խոսք ունեմ»։ Նա ասաց. «Լո՛ւռ կաց»։ Բոլոր նրա մոտ եղողները դուրս ելան։ 20Եվ Ավոդը մոտեցավ նրան, իսկ նա նստած էր իրեն հատկացված ամառանոցի վերնատանը, և Ավոդը նրան ասաց. «Ես Աստծու խոսք ունեմ քեզ համար». և նա վեր կացավ աթոռի վրայից։ 21Ավոդն իր ձախ ձեռքը մեկնեց, սուրը քաշեց իր աջ ազդրի վրայից և կոխեց նրա փորը։ 22Սրի ետևից կոթն էլ ներս մտավ, և սուրը ծածկվեց ճարպով, որովհետև սուրը չհանեց նրա փորից, և աղբը դուրս ելավ։ 23Եվ Ավոդը դուրս եկավ նախասրահը, վերնատան դռները փակեց իր ետևից ու կողպեց։ 24Եվ ինքը դուրս եկավ ու գնաց։ Նրա ծառաները գնացին տեսան, որ վերնատան դռներն ահա կողպված էին, և ասացին. «Նա, անտարակույս, իր ամառանոցի սենյակում բնական կարիքի է գնացել#3.24 Եբր. ոտքերը ծածկել է։»։ 25Երկար սպասեցին, բայց ահա վերնատան դռները ոչ ոք չէր բացում, և բանալին վերցրին, բաց արեցին, տեսան՝ ահա իրենց տերը մեռած ընկած էր գետնի վրա։ 26Եվ քանի դեռ նրանք ուշանում էին, Ավոդը փախավ և անցնելով կուռքերի մոտով՝ ողջ ու առողջ հասավ Սեիրա։
27Երբ տեղ հասավ, փող հնչեցրեց Եփրեմի սարի վրա, և Իսրայելի որդիներն այն սարից իջան նրա հետ, և ինքը նրանց առջևում էր։ 28Եվ նրանց ասաց. «Եկե՛ք իմ ետևից, որովհետև Տերը ձեր թշնամի մովաբացիներին ձեր ձեռքը մատնեց». և նրա ետևից իջան ու բռնեցին Հորդանանի այն գետանցները, որոնք Մովաբի առաջ էին, և թույլ չտվին, որ մի մարդ անցնի։ 29Այդ ժամանակ նրանք Մովաբից տասը հազարի չափ մարդ սպանեցին՝ բոլորն էլ հաղթանդամ և զորավոր մարդիկ, և ոչ մեկը չազատվեց։ 30Եվ այդ օրը Մովաբը նվաճվեց Իսրայելի ձեռքի տակ, և երկիրն ութսուն տարի հանգստացավ։
Սամեգար
31Եվ հետո Անաթի որդի Սամեգարը եղավ, որ եզների խթանով փղշտացիներից վեց հարյուր մարդ կոտորեց. սա էլ ազատեց Իսրայելին։
Currently Selected:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 3: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018