YouVersion Logo
Search Icon

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10

10
Բարի հովիվը
1«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով ոչխարների փարախը դռնով չի մտնում, այլ ուրիշ տեղով է բարձրանում, նա գող է ու ավազակ։ 2Սակայն ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է։ 3Դռնապանը նրա համար բացում է դուռը, և ոչխարները լսում են նրա ձայնը։ Նա իր ոչխարներին կանչում է անուն առ անուն և նրանց դուրս է հանում։ 4Եվ երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, գնում է նրանց առջևից, իսկ ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ 5Բայց օտարի հետևից չեն գնա, այլ նրանից կփախչեն, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում»։ 6Հիսուսը նրանց այս առակն ասաց, բայց նրանք չէին հասկանում, թե ինչի՛ համար էր նա այդ ասում իրենց։
7Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ես եմ ոչխարների դուռը։ 8Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են, ուստի ոչխարները նրանց չեն լսել։ 9Ես եմ դուռը. եթե մեկն իմ միջով ներս մտնի, կփրկվի. կմտնի, կելնի և արոտ կգտնի։ 10Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու և ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան և առատ կյանք։
11Ես եմ բարի հովիվը. բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ 12Բայց վարձկանը, որ հովիվ չէ, և ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում։ Եվ գայլը հափշտակում է նրանց ու ցրում։ 13Իսկ վարձկանը փախչում է, որովհետև վարձկան է և ոչխարներին հոգ չի տանում։ 14Ես եմ բարի հովիվը, և ես ճանաչում եմ իմ ոչխարներին, ու նրանք էլ ճանաչում են ինձ։ 15Ինչպես Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հորը և իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար։ 16Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է առաջնորդեմ, և իմ ձայնը կլսեն ու կդառնան մեկ հոտ՝ մեկ հովիվով։ 17Իմ Հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ 18Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս. ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու. ես այս պատվերն իմ Հորից եմ ստացել»։
19Արդ, այս խոսքերի պատճառով հրեաների մեջ դարձյալ երկպառակություն առաջացավ։ 20Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի և մոլագար է. ինչո՞ւ եք դրան լսում»։ 21Ուրիշներն էլ ասում էին. «Այս խոսքերը դիվահարի խոսքեր չեն. մի՞թե դևը կարող է կույրի աչքերը բացել»։
Հիսուսը՝ Աստծու Որդի
22Այդ ժամանակ Երուսաղեմում Նավակատիքի տոնն էր։ Ձմեռ էր։ 23Հիսուսը քայլում էր տաճարում՝ Սողոմոնի սրահում։ 24Հրեաները նրա շուրջը հավաքվեցին ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեր հոգին տանջելու. եթե դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»։ 25Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, ու չեք հավատում. այն գործերը, որ իմ Հոր անունով կատարում եմ, դրանք իմ մասին են վկայում։ 26Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ 27Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ու ես նրանց ճանաչում եմ, և նրանք գալիս են իմ հետևից։ 28Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, ու ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի։ 29Իմ Հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ Հոր ձեռքից հափշտակել։ 30Ես և Հայրը մի ենք»։
31Հրեաները դարձյալ քարեր վերցրին, որ նրան քարկոծեն։ 32Հիսուսը նրանց ասաց. «Ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի իմ Հոր կողմից. դրանցից ո՞ր գործի համար եք ինձ քարկոծում»։ 33Հրեաները պատասխանեցին. «Քեզ ոչ թե բարի գործի համար ենք քարկոծում, այլ հայհոյության, որ դու, մարդ լինելով, ինքդ քեզ Աստծու տեղ ես դնում»։ 34Հիսուսը նրանց պատասխանեց. «Ձեր օրենքում գրված չէ՞. "Ես ասացի՝ աստվածներ եք" (Սաղ. 82.6)։ 35Գրքում աստվածներ են կոչվում նրանք, որոնց ուղղված է Աստծու խոսքը։ Իսկ այն, ինչ գրված է Գրքում, չի կարող ջնջվել։ 36Նրան, ում Հայրը սրբացրեց ու աշխարհ ուղարկեց, դուք ասում եք՝ հայհոյում ես. նրա՞ համար, որ ասացի, թե Աստծու Որդին եմ։ 37Եթե իմ Հոր գործե՛րը չեմ կատարում, ինձ մի՛ հավատացեք։ 38Իսկ եթե կատարում եմ, թեկուզ ինձ չհավատաք, գոնե գործերի՛ն հավատացեք, որպեսզի իմանաք ու ճանաչեք, որ Հայրն իմ մեջ է, ու ես՝ Հոր մեջ»։ 39Դարձյալ ուզում էին բռնել Հիսուսին, բայց նա ազատվեց նրանց ձեռքից։
40Դարձյալ գնաց Հորդանանի մյուս կողմը, որտեղ նախկինում Հովհաննեսն էր մկրտում։ Եվ Հիսուսն այնտեղ էր մնում։ 41Շատերն էին նրա մոտ գալիս և ասում. «Հովհաննեսը ոչ մի նշան չի արել։ Բայց այն ամենը, ինչ Հովհաննեսն ասել է Հիսուսի մասին, ճշմարիտ էր»։ 42Եվ այնտեղ շատերը հավատացին նրան։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in