Մատթեոս 19
19
Ամուսնալուծության մասին
(Մրկ. 10.1-12)
1Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, Գալիլեայից հեռացավ և եկավ Հրեաստանի սահմանները՝ Հորդանանի մյուս կողմը։ 2Նրա հետևից ժողովրդի մեծ բազմություն էր գնում, և նրանց այնտեղ բժշկում էր։
3Փարիսեցիները նրա մոտ եկան և նրան փորձելու համար ասում էին. «Արդյոք թույլատրվո՞ւմ է, որ մարդն առանց որևէ պատճառի արձակի իր կնոջը»։ 4Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Չե՞ք կարդացել, որ արարիչը սկզբից արու և էգ ստեղծեց նրանց (Ծնն. 1.27, 5.2) 5ու ասաց. "Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն" (Ծնն. 2.24), 6որպեսզի այլևս չլինեն երկու, այլ մեկ մարմին։ Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»։ 7Նրան ասացին. «Ուրեմն ինչո՞ւ Մովսեսը մեզ պատվիրեց արձակման թուղթ տալ ու արձակել նրան» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։ 8Նրանց ասաց. «Մովսեսը ձեր խստասրտության պատճառով ձեզ թույլատրեց ձեր կանանց արձակել, բայց սկզբում այդպես չի եղել։ 9Բայց ասում եմ ձեզ. ով իր կնոջն արձակի ոչ պոռնկության պատճառով և ուրիշի հետ ամուսնանա, շնություն արած կլինի. շնություն է անում նաև նա, ով արձակվածի հետ է ամուսնանում»։ 10Աշակերտներն ասացին նրան. «Եթե ամուսնու հարաբերությունը կնոջ հետ այդպիսին է, ավելի լավ է չամուսնանալ»։ 11Իսկ Հիսուսն ասաց նրանց. «Ոչ բոլորն են դրան ընդունակ, այլ նրանք, ում տրված է։ 12Որովհետև կան ներքինիներ, որոնք մոր որովայնից են այդպես ծնվել, կան նաև ներքինիներ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձվել, ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայության համար են իրենք իրենց ներքինի դարձրել։ Ով կարող է այս ճանապարհով ընթանալ, թող ընթանա»։
Հիսուսն օրհնում է մանուկներին
(Մրկ. 10.13-16, Ղուկ. 18.15-17)
13Այդ ժամանակ Հիսուսի մոտ երեխաների բերեցին, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները հանդիմանում էին նրանց։ 14Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է»։ 15Եվ ձեռքը դրեց նրանց վրա ու այնտեղից գնաց։
Հարուստ երիտասարդը
(Մրկ. 10.17-27, Ղուկ. 18.18-26)
16Ահա մեկը Հիսուսի մոտ եկավ ու ասաց. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ բարի գործ անեմ, որ հավիտենական կյանքն ունենամ»։ 17Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. բարին մեկն է։ Իսկ թե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»։ 18Նրան ասաց. «Որո՞նք»։ Հիսուսն ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ մի՛ վկայիր, 19պատվի՛ր քո հորն ու մորը և սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ելք 20.13-16, 12, Բ Օր. 5.17-20, 16, Ղևտ. 19.18)։ 20Երիտասարդը նրան ասաց. «Այդ ամենն իմ մանկությունից ի վեր պահել եմ, էլ ի՞նչ է ինձ պակասում»։ 21Հիսուսը նրան ասաց. «Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ունեցվածքդ ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձ կունենաս. ու եկ ի՛նձ հետևիր»։ 22Երբ երիտասարդն այս խոսքը լսեց, տրտմած հեռացավ, որովհետև մեծ հարստություն ուներ։
23Հիսուսն աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ է երկնքի արքայություն մտնելու։ 24Բայց դարձյալ ասում եմ ձեզ. ուղտն ասեղի ծակով ավելի հեշտ կանցնի, քան հարուստը Աստծու արքայություն կմտնի»։ 25Երբ աշակերտները լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Հապա ո՞վ կարող է փրկվել»։ 26Հիսուսը նայեց նրանց և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է»։
Առաքյալների վարձատրությունը
27Այդ ժամանակ Պետրոսն ասաց Հիսուսին. «Ահա մենք ամեն ինչ թողեցինք ու եկանք քո հետևից. հիմա մեզ ի՞նչ կլինի»։ 28Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք՝ իմ հետևից եկողներդ, երբ Մարդու Որդին երկրորդ գալստյանն իր փառքի աթոռին նստի, դուք տասներկու աթոռների վրա կնստեք՝ Իսրայելի տասներկու ցեղերին դատելու։ 29Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը, կամ մորը, կամ կնոջը, կամ զավակներին, կամ արտերը, հարյուրապատիկը կստանա ու հավիտենական կյանքը կժառանգի։ 30Շատ առաջիններ վերջիններ կլինեն, իսկ վերջինները՝ առաջիններ»։
Currently Selected:
Մատթեոս 19: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018