Մատթեոս 26
26
Դավ Հիսուսի դեմ
(Մրկ. 14.1-2, Ղուկ. 22.1-2, Հովհ. 11.47-53)
1Երբ Հիսուսն այս բոլոր խոսքերն ավարտեց, իր աշակերտներին ասաց. 2«Գիտեք, որ երկու օր հետո Զատիկ է, և Մարդու Որդին պիտի մատնվի խաչվելու համար»։ 3Այդ ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում 4և խորհուրդ արեցին, որ նենգությամբ բռնեն Հիսուսին ու սպանեն։ 5Բայց ասում էին. «Ո՛չ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի»։
Հիսուսի օծումը Բեթանիայում
(Մրկ. 14.3-9, Հովհ. 12.1-8)
6Երբ Հիսուսը Բեթանիայում էր՝ Սիմոն բորոտի տանը, 7նրա մոտ եկավ մի կին, որն իր հետ ուներ ալաբաստրե մի շիշ թանկագին յուղ։ Երբ Հիսուսը սեղան էր նստել, նա այն նրա գլխին թափեց։ 8Աշակերտները, այդ տեսնելով, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար էր յուղի այդ վատնումը։ 9Որովհետև կարելի էր այդ յուղը բարձր գնով վաճառել և աղքատներին տալ»։ 10Հիսուսը, այդ իմանալով, նրանց ասաց. «Ինչո՞ւ եք այդ կնոջն անհանգստացնում. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ 11Աղքատներն ամեն ժամ ձեզ հետ են, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ 12Նա, այդ յուղն իմ մարմնի վրա լցնելով, ինձ թաղման նախապատրաստեց։ 13Ճշմարիտ եմ ասում ձեզ. ամբողջ աշխարհում որտեղ էլ այս Ավետարանը քարոզվի, նրա հիշատակի համար պիտի պատմվի նաև այն, ինչ նա արեց»։
Մատնության գինը
(Մրկ. 14.10-11, Ղուկ. 22.3-6)
14Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, քահանայապետների մոտ գնաց 15ու ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ կշռեցին, տվեցին նրան։ 16Դրանից հետո նա հարմար առիթ էր փնտրում նրան մատնելու։
Վերջին ընթրիքը
(Մրկ. 14.12-21, Ղուկ. 22.7-23, Ա Կրնթ. 11.23-25)
17Բաղարջակերաց տոնի առաջին օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և նրան հարցրին. «Որտե՞ղ ես ուզում, որ քեզ համար զատկական ընթրիքը պատրաստենք»։ 18Նա ասաց. «Գնացե՛ք քաղաք՝ այսինչ մարդու մոտ, ու նրան ասե՛ք. "Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մոտ է. իմ աշակերտների հետ Զատիկը քեզ մոտ եմ տոնելու"»։ 19Աշակերտներն արեցին այնպես, ինչպես Հիսուսն էր իրենց կարգադրել, և պատրաստեցին զատկական ընթրիքը։
20Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկուսի հետ սեղան նստեց։ 21Եվ մինչ նրանք ուտում էին, ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ»։ 22Աշակերտները շատ տխրեցին և սկսեցին մեկառմեկ նրան հարցնել. «Մի՞թե ես եմ, Տե՛ր»։ 23Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ ափսեի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։ 24Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»։ 25Հուդան՝ նրան մատնողը, պատասխանեց ու ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»։
Հաղորդության խորհրդի հաստատումը
(Մրկ. 14.22-26, Ղուկ. 22.17-20)
26Մինչ նրանք ուտում էին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց, տվեց աշակերտներին և ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ 27Ապա վերցրեց բաժակը, գոհություն հայտնեց, տվեց նրանց և ասաց. «Բոլորդ խմե՛ք դրանից, 28որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ 29Բայց ասում եմ ձեզ. այսուհետև որթատունկի այս բերքից այլևս չեմ խմելու մինչև այն օրը, երբ ձեզ հետ նորը կխմեմ իմ Հոր արքայության մեջ»։ 30Եվ սաղմոսելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։
Հիսուսը կանխասում է Պետրոսի ուրացումը
(Մրկ. 14.27-31, Ղուկ. 22.31-34, Հովհ. 13.36-38)
31Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ ինձանով պիտի գայթակղվեք, որովհետև գրված է.
"Հովվին կհարվածեմ,
և հոտի ոչխարները կցրվեն" (Զաք. 13.7բ)։
32Բայց հարություն առնելուց հետո ձեզանից առաջ պիտի Գալիլեա գնամ»։ 33Պետրոսը նրան ասաց. «Թեկուզ բոլորն էլ քեզանով գայթակղվեն, ես երբեք չեմ գայթակղվի»։ 34Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ»։ 35Պետրոսը նրան ասաց. «Եթե հարկ լինի քեզ հետ մեռնել, քեզ չեմ ուրանա»։ Նույնը նաև բոլոր աշակերտներն էին ասում։
Աղոթք Գեթսեմանիում
(Մրկ. 14.32-42, Ղուկ. 22.39-46)
36Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի տեղ, որ Գեթսեմանի էր կոչվում, և աշակերտներին ասաց. «Նստե՛ք այստեղ, մինչև գնամ այնտեղ աղոթեմ»։ 37Եվ իր հետ վերցնելով Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել ու տագնապել։ 38Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մահու չափ տրտմած է. այստե՛ղ մնացեք ու ինձ հետ արթո՛ւն կացեք»։ 39Եվ մի քիչ առաջանալով՝ երեսնիվայր ընկավ, աղոթում էր ու ասում. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, թող այս բաժակն ինձանից հեռու անցնի. բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ 40Եվ եկավ աշակերտների մոտ ու նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, մեկ ժամ է՞լ չկարողացաք ինձ հետ արթուն մնալ։ 41Արթո՛ւն կացեք ու աղոթե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք. հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ 42Դարձյալ, երկրորդ անգամ Հիսուսը գնաց, աղոթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի»։ 43Եկավ և նրանց դարձյալ քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ 44Թողեց նրանց, նորից գնաց, երրորդ անգամ աղոթեց և նույն խոսքն ասաց։ 45Այդ ժամանակ աշակերտների մոտ եկավ ու նրանց ասաց. «Այսուհետև քնե՛ք ու հանգստացե՛ք. ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ 46Վե՛ր կացեք գնանք. ահա հասավ ինձ մատնողը»։
Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը
(Մրկ. 14.43-50, Ղուկ. 22.47-53, Հովհ. 18.1-12)
47Հիսուսը դեռ խոսում էր, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ՝ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից ուղարկված։ 48Հիսուսին մատնողը նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում համբուրեմ, նա է, նրա՛ն բռնեք»։ 49Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ 50Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր, հանձնարարությո՛ւնդ կատարիր»։ Այդ ժամանակ մոտեցան, Հիսուսին բռնեցին ու ձերբակալեցին։ 51Եվ ահա Հիսուսի հետ եղողներից մեկը ձեռքը մեկնեց, հանեց իր սուրը և հարվածելով քահանայապետի ծառային՝ ականջը կտրեց։ 52Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով պիտի կորսվեն։ 53Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ հիմա ինձ հրեշտակների ավելի քան տասներկու գունդ#26.53 Գունդը բաղկացած է 6000 զինվորից։ ուղարկի։ 54Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե՝ այսպես պետք է լինի»։
55Այդ ժամանակ Հիսուսն ամբոխին ասաց. «Սրերով ու մահակներով դուրս եք ելել ինձ բռնելու, ինչպես մի ավազակի՞։ Ամեն օր ձեզ մոտ՝ տաճարում, նստում էի և ուսուցանում, և ինձ չձերբակալեցիք։ 56Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այդ ժամանակ բոլոր աշակերտները նրան թողեցին ու փախան։
Հիսուսը ատյանի առջև
(Մրկ. 14.53-65, Ղուկ. 22.66-71, Հովհ. 18.12-14, 19-24)
57Իսկ նրանք բռնեցին Հիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ դպիրներն ու ծերերն էին հավաքվել։ 58Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։ 59Քահանայապետները և ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։ 60Եվ չէին գտնում, չնայած որ բազում սուտ վկաներ էին եկել։ Վերջապես երկու հոգի մոտեցան 61և ասացին. «Սա ասում էր. "Ես կարող եմ Աստծու տաճարը քանդել ու երեք օրում կառուցել"»։ 62Քահանայապետը վեր կացավ և նրան ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. դրանք քո դեմ ի՞նչ են վկայում»։ 63Հիսուսը լռում էր։ Քահանայապետը պատասխանեց ու նրան ասաց. «Կենդանի Աստծով եմ քեզ երդվեցնում, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։ 64Հիսուսը նրան ասաց. «Դո՛ւ ասացիր. սակայն ասում եմ ձեզ.
Այսուհետ կտեսնեք Մարդու Որդուն՝
նստած Զորության աջ կողմում
և երկնքի ամպերի վրայով գալիս (Դան. 7.13, Մտթ. 24.30բ)»։
65Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստները և ասաց. «Հայհոյեց. մեզ էլ ի՞նչ վկաներ են պետք։ Ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։ 66Ձեզ ի՞նչ է թվում»։ Նրանք պատասխանեցին ու ասացին. «Մահապարտ է»։ 67Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան. ոմանք էլ նրան ապտակեցին՝ ասելով. 68«Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։
Պետրոսն ուրանում է Հիսուսին
(Մրկ. 14.66-72, Ղուկ. 22.54-62, Հովհ. 18.15-18, 25-27)
69Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին նրան մոտեցավ և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ 70Նա բոլորի առաջ ուրացավ և ասաց. «Չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ 71Երբ նա դեպի դարպասն էր գնում, նրան մի ուրիշ աղախին տեսավ ու այնտեղ գտնվողներին ասաց. «Սա նույնպես Հիսուս Նազովրեցու հետ էր»։ 72Եվ նա երդմամբ դարձյալ ուրացավ. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։ 73Քիչ անց այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրապես որ դու էլ ես նրանցից, քանի որ խոսվածքդ էլ է քեզ մատնում»։ 74Այդ ժամանակ նա սկսեց անիծել ու երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ իսկույն աքաղաղը կանչեց։ 75Եվ Պետրոսը հիշեց Հիսուսի այն խոսքը. «Աքաղաղը դեռ չկանչած՝ երեք անգամ կուրանաս ինձ»։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ։
Currently Selected:
Մատթեոս 26: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018