YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 147

147
Ամենակարող Աստծու փառքը
1Օրհներգեցե՛ք Տիրոջը, որովհետև բարի է սաղմոս ասել մեր Աստծուն, որովհետև քաղցր և վայելուչ է օրհնաբանությունը։
2Տերը վերաշինում է Երուսաղեմը և ժողովում է Իսրայելի ցրված որդիներին։
3Նա բժշկում է կոտրած սիրտ ունեցողներին և փաթաթում է նրանց խոցերը։
4Նա հաշվում է աստղերը և նրանց բոլորին կոչում է իրենց անուններով։
5Մեծ է մեր Տերը և շատ զորավոր, նրա իմաստությանը չափ չկա։
6Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։
7Երգեցե՛ք Տիրոջը գոհությամբ, քնարով սաղմո՛ս երգեցեք մեր Աստծուն,
8Որ երկինքը ծածկում է ամպերով, անձրև է պատրաստում երկրի համար և սարերին խոտ է աճեցնում.
9Անասուններին տալիս է իրենց կերակուրը և ագռավի ձագերին, որ կանչում են։
10Նա հաճություն չունի ձիու զորության հանդեպ և չի հավանում զորեղ մարդու սրունքները։
11Տերը հավանում է իրենից վախեցողներին, նրանց, որ իրենց հույսը դրել են իր ողորմության վրա։
12Ո՛վ Երուսաղեմ, գովի՛ր Տիրոջը. օրհներգի՛ր քո Աստծուն, ո՛վ Սիոն.
13Որովհետև նա ամրացնում է քո դռների նիգերը և օրհնում է քո որդիներին քո մեջ։
14Նա խաղաղություն է տալիս քո սահմաններին և ընտիր ցորենով կշտացնում է քեզ։
15Նա իր հրամանը ուղարկում է երկիր, և նրա խոսքը վազում է իսկույն։
16Նա բրդի պես ձյուն է տալիս և եղյամ է ցանում մոխրի պես։
17Նա իր սառույցն է ուղարկում կտորտանքների պես. ո՞վ կարող է կանգնել նրա ցրտի առջև։
18Նա ուղարկում է իր խոսքը և հալեցնում է նրանց. փչել է տալիս իր քամին, և ջրեր են վազում։
19Նա իր խոսքը պատմում է Հակոբին, իր հրամաններն ու իրավունքները՝ Իսրայելին։
20Ոչ մի ազգի համար այսպես չարեց, և նրանք չեն ճանաչում նրա դատաստանները։ Ալելուիա՜։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in