YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 1

1
ԵԳԻՊՏՈՍԻՑ ԵԼՔԸ
(1.1–15.21)
Եգիպտացիների անգթությունը
1Սրանք են անունները Իսրայելի որդիների, որոնք իրենց հոր՝ Հակոբի հետ մտան Եգիպտոս։ Յուրաքանչյուրն իր ընտանիքով մտավ. 2Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, 3Իսաքար, Զաբուղոն, Բենիամին, 4Դան, Նեփթաղիմ, Գադ և Ասեր։ 5Իսկ Հովսեփը Եգիպտոսում էր։ Հակոբից սերած բոլորը յոթանասունհինգ հոգի էին։ 6Վախճանվեց Հովսեփը, ինչպես նաև նրա բոլոր եղբայրներն ու այն ողջ սերունդը։ 7Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան, բազմամարդ դարձան ու շատ հզորացան։ Երկիրը նրանցով լցվեց։
8Գահ բարձրացավ մեկ այլ թագավոր, որը չգիտեր Հովսեփին։ 9Նա իր ժողովրդին ասաց. «Ահա Իսրայելի որդիների ազգը մեծ է զորությամբ և մեզնից ավելի է զորանում։ 10Արդ, եկեք մի միջոց գտնենք, որպեսզի չլինի թե երբ նրանք բազմանան, և երբ մենք պատերազմի մեջ մտնենք, նրանք միանան թշնամիներին ու մեր դեմ կռվելով՝ դուրս ելնեն այս երկրից»։ 11Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։ 12Բայց որչափ ճնշում էին նրանց, այնքան ավելի էին բազմանում ու հույժ զորանում, և եգիպտացիներն ատում էին Իսրայելի որդիներին։ 13Եգիպտացիները բռնությամբ ճնշում էին նրանց 14ու դառնացնում էին նրանց կյանքը տաժանակիր աշխատանքով՝ կավագործությամբ, աղյուսաշինությամբ ու դաշտային զանազան գործերով։ Բոլոր գործերում նրանց ծառայեցնում էին ստրկաբար։
15Եվ եգիպտացիների արքան խոսեց եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնցից մեկի անունը Սեպփովրա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա, 16և ասաց. «Երբ ծնեցնում եք եբրայեցիների կանանց, ծնելու պահին, եթե արու լինի, սպանե՛ք նրան, իսկ եթե էգ՝ թողե՛ք՝ ապրի»։ 17Մանկաբարձները, սակայն, երկյուղ կրելով Աստծուց, չանսացին եգիպտացիների արքայի հրամանին և թողնում էին, որ արուներն ապրեն։ 18Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ եք այդպես վարվում և ողջ եք թողնում արուներին»։ 19Մանկաբարձները փարավոնին ասացին. «Եբրայուհիները եգիպտացի կանանց նման չեն. մանկաբարձները դեռ չհասած՝ նրանք արդեն ծննդաբերում են»։ Եվ շարունակում էին ծննդաբերել։ 20Եվ Աստված բարի եղավ մանկաբարձների նկատմամբ, իսկ ժողովուրդը բազմանում և հույժ զորանում էր։ 21Եվ քանի որ մանկաբարձները երկյուղ ունեցան Աստծուց, ընտանիքներ ստեղծեցին իրենց համար։
22Փարավոնը հրաման տվեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված ամեն մի արու զավակի գե՛տը գցեք, իսկ բոլոր էգերին կենդանի՛ թողեք»։

Currently Selected:

ԵԼՔ 1: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in