YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 12

12
Զատիկը
(Բ Օր. 16.1-24-7)
1Տերը եգիպտացիների երկրում Մովսեսին ու Ահարոնին ասաց. 2«Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի։ 3Խոսի՛ր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի գառ առնի իր ընտանիքի համար՝ ամեն մի տան համար մի գառ։ 4Եթե մի տանը քիչ են, որ չեն կարող մեկ գառ ուտել, ապա թող կանչեն իրենց հարևանին կամ ընկերոջն այն հաշվով, որ բավարար լինեն գառի համար։ 5Գառը կատարյալ, արու, մեկ տարեկան ու առանց արատի պիտի լինի՝ ոչխարներից կամ այծերից։ 6Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի որդիները այն թող մորթեն երեկոյան։ 7Թող վերցնեն նրա արյունից ու քսեն այն տան դռան երկու սյուներին ու բարավորին, որտեղ այն ուտելու են։ 8Այդ գիշեր թող ուտեն միսը՝ կրակի վրա խորոված, բաղարջ հացով ու դառը խոտերով։ 9Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Կուտեք նաև գլուխը, ոտքերն ու փորոտիքը։ 10Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։ 11Կուտեք այսպես. ձեր գոտիները թող ձեր մեջքին լինեն, ձեր կոշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին։ Արագ կուտեք, որովհետև Տիրոջ զատիկն է։ 12Այդ գիշեր ես պիտի անցնեմ եգիպտացիների ողջ երկրով և պիտի հարվածեմ եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ մարդկանցից մինչև անասուն։ Եվ եգիպտացիների բոլոր աստվածներից վրեժ պիտի լուծեմ, որովհետև ես եմ Տերը։ 13Եվ նշված արյունը այն տների վրա, որտեղ ուտելու եք, թող ձեր նշանը լինի։ Եվ տեսնելով այդ արյունը՝ պիտի խնայեմ ձեզ, և ձեր գլխին մահաբեր հարվածներ չեն իջնի, երբ հարվածեմ եգիպտացիների երկիրը։ 14Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն”»։
Բաղարջակերաց տոնը
(Ելք 23.15–34.18, Բ Օր. 16.3-4ա, 8)
15«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։ 16Առաջին օրը թող սուրբ հռչակվի։ Թող սուրբ լինի նաև յոթերորդ օրը։ Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեք միայն ա՛յն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ։ 17Իմ այս պատվիրանները կպահեք, քանի որ այդ օրը ձեր բանակը հանելու եմ եգիպտացիների երկրից։ Այդ օրը, իբրև հավիտենական օրենք, կնշեք սերնդեսերունդ։ 18Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած՝ բաղարջ հաց կուտեք մինչև ամսի քսանմեկերորդ օրվա երեկոն։ 19Յոթ օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի։ Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։ Ձեր երկիր եկած եկվորներ լինեն թե տեղաբնակներ, 20ոչ ոք թթխմորով հաց թող չուտի։ Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտեք»։
Առաջին Զատիկը
21Մովսեսը կանչեց Իսրայելի որդիների ողջ ավագանուն ու նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մի գա՛ռ առեք և մորթե՛ք զատկի համար։ 22Վերցրե՛ք մի մշտիկ, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին։ Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա։ 23Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։ 24Կատարե՛ք այս ամենը, և այն թող հավիտենական օրենք լինի ձեզ և ձեր որդիների համար մինչև հավիտյան։ 25Եվ եթե մտնեք այն երկիրը, որ Տերը, ինչպես որ խոստացել է, տալու է ձեզ, կկատարեք այդ ծեսը։ 26Եվ եթե պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ “Ի՞նչ է այս ծեսը”, 27նրանց կասեք, որ սա Տիրոջ համար զատկի զոհն է, երբ Եգիպտոսում խնայեց Իսրայելի որդիների տները, մինչ հարվածում էր եգիպտացիներին, և մեր տները փրկեց»։ Եվ ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։ 28Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։
Անդրանիկների մահը
29Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։ 30Գիշերը վեր կացավ փարավոնը, ինչպես նաև նրա բոլոր պաշտոնյաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ողջ երկրում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մահացած մեկը չլիներ։
31Փարավոնը գիշերով կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք իմ ժողովրդից, և՛ դուք, և՛ Իսրայելի որդիները. գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, ինչպես որ ասացիք։ 32Ձեզ հետ վերցնելով ձեր արջառն ու ոչխարը՝ գնացե՛ք, ինչպես որ ասացիք, բայց ի՛նձ էլ օրհնեցեք»։ 33Եվ եգիպտացիներն ստիպում էին նրանց շուտ հեռանալ երկրից, որովհետև ասում էին. «Բոլորս էլ կմեռնենք»։
34Ժողովուրդն իր հունցած, բայց դեռևս չհասած խմորը շորերի մեջ փաթաթելով՝ ուսն առավ։ 35Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես իրենց հրամայել էր Մովսեսը. եգիպտացիներից խնդրեցին ոսկյա և արծաթյա իրեր ու զգեստներ։ 36Եվ Տերը շնորհ արեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ, և զարդեր տվեցին նրանց. այսպես կողոպտեցին եգիպտացիներին։
Իսրայելացիները հեռանում են Եգիպտոսից
37Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։ 38Նրանց հետ ճանապարհ ընկավ մի խառն բազմություն, իրենց հետ նաև մեծ քանակությամբ արջառ, ոչխար ու անասուն։ 39Նրանք Եգիպտոսից հանած ու դեռ չհասունացած խմորով բաղարջ հաց եփեցին, որովհետև այն դեռ չէր խմորվել, քանի որ եգիպտացիները երկրից հանել էին իրենց, և իրենք չէին կարողացել սպասել ու իրենց համար ճանապարհի պաշար չէին պատրաստել։
40Իսրայելի որդիներն իրենք ու իրենց հայրերը քանանացիների երկրում և եգիպտացիների երկրում ապրեցին չորս հարյուր երեսուն տարի։ 41Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։ 42Տերն այն գիշեր անքուն մնաց, որպեսզի նրանց դուրս բերի եգիպտացիների երկրից. դրա համար այդ գիշերը Իսրայելի որդիների համար սերնդեսերունդ պիտի լինի հսկումի գիշեր։
Զատկի տոնակատարության կարգը
43Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։ 44Որևէ մեկի ծառան ու փողով գնված ստրուկը կարող է ուտել, եթե նախ թլփատվի։ 45Պանդուխտն ու վարձկանը թող չուտեն դրանից։ 46Տան մեջ պետք է ուտվի այն. միսը տնից դուրս չպիտի հանեք և դրա ոսկորը չպիտի ջարդեք։ 47Իսրայելի ողջ ժողովուրդը պետք է կատարի դա։ 48Եթե մի օտարական մոտենա ձեզ և ցանկանա կատարել Տիրոջ զատիկը, նախ պետք է թլփատվեն նրա բոլոր արու զավակները, և ապա միայն նա կարող է մոտենալ՝ կատարելու այն, ինչպես տեղաբնակը։ Ոչ մի անթլփատ դրանից չպետք է ուտի։ 49Օրենքը նույնն է և՛ տեղաբնակի, և՛ ձեզ մոտ ապրել ցանկացող օտարականի համար»։ 50Եվ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը Մովսեսին ու Ահարոնին։ 51Ճիշտ այդ օրը Տերը Իսրայելի որդիներին իրենց բանակով հանեց եգիպտացիների երկրից։

Currently Selected:

ԵԼՔ 12: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in