YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 16

16
Մանանան և լորամարգիները
1Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը Եղիմից չվեց ու եկավ Սին անապատը, որը գտնվում է Եղիմի ու Սինայի միջև, եգիպտացիների երկրից դուրս գալու երկրորդ ամսվա տասնհինգերորդ օրը։
2Իսրայելի որդիների ողջ ժողովուրդը անապատում դժգոհեց Մովսեսից ու Ահարոնից։ 3Եվ Իսրայելի որդիները նրանց ասացին. «Ավելի լավ կլիներ՝ Տիրոջ հարվածներից մահանայինք եգիպտացիների երկրում, երբ մսով լի կաթսաների մոտ էինք նստում ու կուշտ հաց ուտում, քան բերեիք մեզ այս անապատը, որ ողջ ժողովրդին սովամահ անեք»։ 4Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես ձեզ համար հաց եմ տեղացնելու երկնքից։ Ժողովուրդը թող ելնի ու հավաքի այն, ինչքան անհրաժեշտ է յուրաքանչյուր օրվա համար։ Եվ կփորձեմ, թե կապրե՞ն իմ օրենքներով, թե՞ ոչ։ 5Իսկ վեցերորդ օրը ինչ որ պիտի հավաքեն և բերեն, թող նախորդ յուրաքանչյուր օրվա համար հավաքածի կրկնապատիկը լինի»։ 6Եվ Մովսեսն ու Ահարոնն ասացին Իսրայելի բոլոր որդիներին. «Երեկոյան կիմանաք, որ Տերն է հանել ձեզ եգիպտացիների երկրից, 7իսկ առավոտյան ականատես կլինեք Տիրոջ փառքին, որովհետև նա լսել է ձեր տրտունջը Աստծու դեմ։ Մենք ո՞վ ենք, որ տրտնջում եք մեր դեմ»։ 8Եվ Մովսեսն ասաց. «Տերը լսեց մեր դեմ ուղղված ձեր տրտունջը, դրա համար էլ նա երեկոները ձեզ ուտելու միս, իսկ առավոտները հագենալու չափ հաց պիտի տա։ Մենք ո՞վ ենք, որ ձեր տրտունջը մեր դեմ եք ուղղում. ձեր տրտունջը Աստծու դեմ է ուղղված»։ 9Եվ Մովսեսն ասաց Ահարոնին. «Ասա՛ Իսրայելի որդիների ողջ ժողովրդին. “Եկե՛ք Տիրոջ առաջ, որովհետև լսեց ձեր տրտունջը”»։
10Մինչ Ահարոնը խոսում էր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ, դարձան դեպի անապատը, և ահա Տիրոջ փառքը երևաց ամպի մեջ։ 11Եվ Տերը Մովսեսին ասաց. 12«Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
13Երեկոյան լորամարգիներ ելան ու ծածկեցին բանակատեղին։ Առավոտյան, երբ ցողը վերանում էր բանակատեղիի շրջապատից, 14անապատի երեսին գինձի սերմի նման մանր, սպիտակ, եղյամի նման մի բան եղավ։ 15Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։ 16Եվ այս է Տիրոջ պատվերը. “Յուրաքանչյուր ոք դրանցից թող հավաքի այնքան, որքան անհրաժեշտ է՝ ըստ ձեր ընտանիքների շնչերի թվի։ Հավաքե՛ք ըստ յուրաքանչյուր վրանում գտնվող մարդկանց թվի”»։ 17Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. հավաքեցին ըստ իրենց կարիքի. որը՝ շատ, որը՝ քիչ։ 18Չափեցին և տեսան՝ ումը որ շատ էր սահմանված չափից, չավելացավ, իսկ ումը՝ քիչ սահմանված չափից, չպակասեց։ Յուրաքանչյուրն իր կարիքի չափով էր հավաքել։ 19Եվ Մովսեսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչև առավոտ դրանից ավելցուկ չթողնի»։ 20Սակայն ոմանք Մովսեսին չլսեցին. դրանից ավելցուկ մնաց առավոտյան։ Դա որդնոտեց ու նեխեց։ Եվ Մովսեսը զայրացավ նրանց վրա։ 21Դրանից հետո ամեն առավոտ յուրաքանչյուրը հավաքում էր իրեն պետք եղածի չափ։ Եվ երբ արևը տաքացնում էր, այն հալվում էր։ 22Իսկ վեցերորդ օրը հավաքեցին պետք եղածի կրկնապատիկը՝ ամեն մեկի համար երկուական բաժին։ Եվ ժողովրդի բոլոր առաջնորդները գնացին ու պատմեցին Մովսեսին։
23Մովսեսն ասաց նրանց. «Տիրոջ հրահանգն այս է. “Վաղը շաբաթ է, հանգիստ է, Տիրոջը նվիրված սուրբ օր։ Ինչ որ եփելու եք, եփե՛ք, և ինչ որ թխելու եք, թխե՛ք. ինչ որ ավելանա, թող ձեր ամաններում մնա մինչև առավոտ”»։ 24Եվ դա թողեցին մինչև առավոտ, ինչպես որ հրամայել էր Մովսեսը, և այն չնեխեց ու չորդնոտեց։ 25Մովսեսն ասաց. «Այդ կերե՛ք այսօր, քանի որ այսօր Տիրոջ շաբաթն է. դրանից այսօր դաշտում չեք գտնի։ 26Վեց օր կհավաքեք դա, իսկ յոթերորդ օրը՝ շաբաթ օրը, դրանից չի լինի»։ 27Եվ յոթերորդ օրը ժողովրդի միջից ոմանք ելան դրանից հավաքելու, բայց չգտան։ 28Եվ Տերն ասաց Մովսեսին. «Մինչև ե՞րբ պիտի չանսաք իմ պատվիրաններին ու օրենքներին։ 29Տեսե՛ք, Տերը այս օրը ձեզ շաբաթ՝ հանգիստ տվեց։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց տվեց՝ ասելով. “Ձեզնից յուրաքանչյուրը յոթերորդ օրը թող նստի իր տանը, և թող ոչ ոք չելնի իր տեղից”»։ 30Եվ ժողովուրդը յոթերորդ օրը հանգստացավ։ 31Եվ Իսրայելի որդիները դրա անունը դրեցին մանանա։ Դա գինձի սերմի նման սպիտակ էր ու մեղրախորիսխի համ ուներ։
32Մովսեսն ասաց. «Ահա թե ի՛նչ հրամայեց Աստված. “Մի ամանի մեջ մեկ չափ մանանա՛ լցրեք և այն պահե՛ք ձեր սերունդների համար, որպեսզի աչքի առաջ ունենաք այն հացը, որ դուք կերաք անապատում, երբ Տերը ձեզ հանեց եգիպտացիների երկրից”»։ 33Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի ոսկե սափո՛ր վերցրու, դրա մեջ մեկ չափ մանանա՛ լցրու և դի՛ր Աստծու առաջ՝ ձեր սերունդների համար պահելու»։ 34Ինչպես Տերը հրամայեց Մովսեսին, Ահարոնն այն ի պահ դրեց Վկայության#Ուխտի տապանակի մեջ դրված Տասնաբանյայի տախտակները։ առաջ։ 35Իսրայելի որդիները քառասուն տարի մանանա կերան, մինչև որ հասան շեն երկիր։ Նրանք մանանա էին ուտում, մինչև որ հասան փյունիկեցիների կողմերը։ 36Մեկ չափը հավասար է երեք գրիվի մեկ տասներորդ մասի։

Currently Selected:

ԵԼՔ 16: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in