YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 20

20
ՕՐԵՆՔՆԵՐԻ ԳԻՐՔԸ
(20.1–24.18)
Տասը պատվիրանները
(Բ Օր. 5.6-21)
1Տերը հայտնեց այս բոլոր պատգամները և ասաց.
2«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ 3Ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։
4Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։ 5Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ, 6իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմություն եմ անում։
7Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։
8Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ 9Վեց օր աշխատի՛ր և արա՛ քո բոլոր գործերը, 10իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը՝ քո Աստծուն նվիրված օր։ Այդ օրը ոչ մի գործ չանես ո՛չ դու, ո՛չ էլ քո տղան ու դուստրը կամ քո ծառան ու քո աղախինը, քո եզն ու քո էշը և քո բոլոր անասունները, ինչպես նաև օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, 11որովհետև Տերը՝ Աստված, վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթերորդ օրը հանգստացավ։ Դրա համար էլ Տերն օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հռչակեց։
12Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
13Մի՛ սպանիր։
14Մի՛ շնացիր։
15Մի՛ գողացիր։
16Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։
17Մի՛ ցանկացիր քո նմանի կնոջը, քո նմանի տանը կամ էլ նրա ագարակին աչք մի՛ դիր, ո՛չ էլ նրա ծառային կամ աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, կամ նրա այլ անասունին, ո՛չ էլ այն ամենին, ինչ քո նմանինն է»։
Ժողովրդի վախը
(Բ Օր. 5.22-33)
18Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։ 19Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք։ Աստված թող չխոսի մեզ հետ, թե չէ կարող է մեռնենք»։ 20Եվ Մովսեսն ասաց նրանց. «Քաջալերվե՛ք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար եկավ ձեզ մոտ, որպեսզի նրա երկյուղը լինի ձեր մեջ, և դուք չմեղանչեք»։ 21Ժողովուրդը կանգնած էր հեռու, և Մովսեսը մտավ մառախուղի մեջ, որտեղ Աստված էր։
Օրենքներ խորանի մասին
22Տերն ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Հակոբի տանը և հաղորդի՛ր Իսրայելի որդիներին. “Դուք ինքներդ տեսաք, որ երկնքից խոսեցի ձեզ հետ։ 23Ձեզ համար ոսկե ու արծաթե աստվածներ չպատրաստեք։ 24Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։ 25Իսկ եթե զոհասեղանը քարից կառուցես, կոփածո մի՛ արա, որովհետև եթե քո ձեռքի գործիքը դիպցնես դրան, ապա դա պղծված կլինի։ 26Իմ զոհասեղանի վրա աստիճաններով չբարձրանաս, որպեսզի դրա վրա քո ամոթույքը չերևա”»։

Currently Selected:

ԵԼՔ 20: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in