YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 3

3
Աստված կանչում է Մովսեսին
1Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Հոթորի՝ մադիանացիների քրմի հոտերը։ Մի օր նա հոտերը տարավ անապատի միջով ու եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։ 2Տիրոջ հրեշտակը կրակի բոցով մորենու միջից երևաց նրան։ Եվ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր կիզվում։ 3Մովսեսն ասաց. «Առաջ անցնեմ և տեսնեմ այս զարմանալի տեսարանը. ինչպե՞ս է, որ մորենին չի կիզվում»։ 4Երբ Տերը տեսավ, որ մոտենում է տեսնելու, մորենու միջից ձայն տվեց նրան ու ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ի՞նչ է»։ 5Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։ 6Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։
7Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը 8և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։ 9Եվ արդ, ահա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ, և տեսա այն նեղությունը, որով եգիպտացիները նեղեցին նրանց։ 10Արդ, արի՛ առաքեմ քեզ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, որ հանես իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, եգիպտացիների երկրից»։
11Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ո՞վ եմ ես, որ գնամ եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ եգիպտացիների երկրից»։ 12Բայց Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ։ Եվ պատրվակն այն պիտի լինի, որ ես ուղարկել եմ քեզ՝ հանելու իմ ժողովրդին Եգիպտոսից, որպեսզի պաշտեք Աստծուն այս լեռան վրա»։
13Եվ Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ ու ասում եմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Եվ երբ ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ի՞նչ ասեմ նրանց»։ 14Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Աստված, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ”»։ 15Եվ Աստված նորից ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, առաքեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ հավիտենական անունը, որով կհիշեք ինձ սերնդեսերունդ։ 16Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։ 17Ասում եմ, հանելու եմ ձեզ եգիպտացիների՝ չարչարանքի երկրից դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, գերգեսացիների, խևացիների ու հեբուսացիների երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում”, 18և նրանք կանսան քո ձայնին։ Դու և Իսրայելի որդիների ավագանին կմտնեք եգիպտացիների արքայի՝ փարավոնի մոտ, և նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, մեզ կանչում է իր մոտ։ Արդ, մենք երեք օրվա ճանապարհ պիտի գնանք դեպի անապատ, որպեսզի Տիրոջը՝ մեր Աստծուն, զոհ մատուցենք”։ 19Եվ ես գիտեմ, որ եգիպտացիների արքան չի թողնելու ձեզ մեկնելու, եթե մի հզոր ձեռք իրեն չստիպի։ 20Եվ երկարելով իմ ձեռքը՝ հարվածելու եմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ անելու եմ նրանց մեջ, և ապա կարձակի ձեզ։ 21Ես եգիպտացիների առաջ շնորհ եմ անելու իմ ժողովրդին, և երբ ելնեք, դատարկ ձեռքով չեք ելնի։ 22Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։ Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին»։

Currently Selected:

ԵԼՔ 3: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in