YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 30

30
Խնկարկության սեղանը
(Ելք 37.25-28)
1«Խնկարկության սեղան կպատրաստես չփտող փայտից։ 2Այն կշինես քառակուսի՝ մեկ կանգուն երկարությամբ, մեկ կանգուն լայնությամբ և երկու կանգուն բարձրությամբ, եղջյուրները նույն կտոր փայտից։ 3Մաքուր ոսկով կպատես այն, ինչպես նաև դրա կասկարան, չորս կողմերն ու եղջյուրները։ Դրա շուրջբոլորը ոսկե պսակ կդնես։ 4Երկու կողմերից մաքուր ոսկուց երկուական օղակներ կպատրաստես պսակից ներքև։ Դրանք կամրացնես նրա երկու անկյուններին, որպեսզի լծակները օղակների մեջ անցկացնելով՝ այն բարձրացվի։ 5Լծակները կպատրաստես չփտող փայտից ու դրանք կպատես ոսկով։ 6Այն կդնես պատվիրանները պարունակող տապանակի առջև գտնվող վարագույրի առաջ, որով ես երևալու եմ քեզ այնտեղ։ 7Ահարոնն ամեն առավոտ դրա վրա մանրացրած, բաղադրյալ խունկ թող դնի, և երբ կանթեղներն է պատրաստում, թող դրա վրա ծխի։ 8Երբ Ահարոնը երեկոյան վառի կանթեղները, Տիրոջ առաջ՝ խնկարկության սեղանի վրա, միշտ խունկ թող ծխի։ Դա նրանց սերունդների մեջ խնկարկության մշտնջենական կարգ թող լինի։ 9Խնկարկության սեղանի վրա օտար խունկ մի՛ ծխեք, ողջակեզներ, զոհեր ու գինի մի՛ մատուցեք։ 10Ահարոնը տարին մեկ անգամ խնկարկության սեղանի եղջյուրների վրա մեղքերի թողության և քավության ծես պետք է անի մեղքերի քավության համար զոհվող կենդանու արյամբ։ Նրա սերունդները տարին մեկ անգամ թող սրբագործեն այն, որովհետև դա Տիրոջ սրբությունների սրբությունն է»։
Սրբարանի տուրքը
11Տերն ասաց Մովսեսին. 12«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։ 13Մարդահամարի ենթարկվողները պետք է փրկագին վճարեն երկդրամյանի կեսի չափով՝ ըստ սրբարանի սակագնի։ Երկդրամյանը քսան դանգի է հավասար։ Երկդրամյանի կեսը թող լինի Տիրոջը հասանելիք տուրքը։ 14Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կանցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պետք է վճարեն։ 15Իսրայելի որդիներից մեծահարուստը թող չավելացնի, իսկ աղքատը թող չպակասեցնի Տիրոջը որպես տուրք հասանելիք կես երկդրամյանը, որպեսզի դա ձեզ համար քավություն լինի։ 16Իսրայելի որդիներից կվերցնես Տիրոջ հասանելիք արծաթը և այն կհատկացնես Վկայության խորանի սպասավորությանը։ Դա Տիրոջ առաջ հիշատակ կլինի Իսրայելի որդիների համար՝ որպես քավություն նրանց»։
Պղնձե ավազանը
(Ելք 38.8)
17Տերն ասաց Մովսեսին. 18«Պղնձե ավազա՛ն պատրաստիր պղնձե պատվանդանով, որպեսզի լվացվեք նրա մեջ։ Այն դի՛ր Վկայության խորանի ու զոհասեղանի միջև։ Դրա մեջ ջուր կլցնես։ 19Ահարոնն ու նրա որդիները դրա մեջ կլվանան իրենց ձեռքերն ու ոտքերը։ 20Երբ մտնեն Վկայության խորանը, ջրով թող լվացվեն, և չեն մեռնի։ Կամ երբ մերձենան զոհասեղանին՝ ծառայելու և Տիրոջը ողջակեզները մատուցելու, 21թող լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպեսզի չմեռնեն։ Դա նրանց համար թող հավիտենական օրենք լինի, նրա և նրա հետնորդների համար»։
Օծության յուղը
(Ելք 37.29ա)
22Տերն ասաց Մովսեսին. 23«Վերցրո՛ւ անուշահոտ խունկեր. զմռնենու հինգ հարյուր սիկղ ընտիր ծաղիկներ, դրա կեսի չափ՝ երկու հարյուր հիսուն սիկղ, անուշաբույր կինամոն, երկու հարյուր հիսուն սիկղ անուշաբույր խնկեղեգ, 24սրբարանի հինգ հարյուր սիկղ հիրիկ և մեկ հիմեն ձիթապտղի ձեթ։ 25Կպատրաստես սուրբ օծության յուղ, եփված յուղ ըստ անուշահոտություն պատրաստող վարպետների արվեստի։ Այն սուրբ օծության յուղը թող լինի։ 26Դրանով կօծես Վկայության խորանը, Ուխտի տապանակը, 27զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, 28ողջակեզների զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը։ 29Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն։ Ամեն ոք, որ դիպչի դրանց, կմաքրվի։
30Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբես նրանց, որպեսզի ինձ համար քահանայագործեն։ 31Կասես Իսրայելի որդիներին. “Օծության այս յուղը թող սուրբ լինի ձեզ և ձեր սերունդների համար։ 32Այն մարդու մարմինը օծելու համար թող չօգտագործվի։ Ձեզ համար նույն բաղադրությամբ նման բան չպատրաստեք, որովհետև դա սրբություն է և ձեզ համար սրբություն էլ թող մնա։ 33Ով այդպիսի բան պատրաստի և ով դրանից օտարականի տա, թող վերանա իր ժողովրդի միջից”»։
Խունկը
(Ելք 37.29բ)
34Տերն ասաց Մովսեսին. «Վերցրո՛ւ անուշաբույր նյութեր. ստաշխ, եղնգաքար, անուշաբույր քաղբան և մաքուր կնդրուկ։ Դրանք թող քաշով իրար հավասար լինեն։ 35Եվ դրանցով յուղագործի արվեստով բաղադրյալ խունկ կպատրաստես, մաքուր, սուրբ գործ։ 36Դրանք կմանրացնես և կդնես Վկայությունների դիմաց՝ Վկայության խորանի մեջ, որտեղից պիտի երևամ քեզ։ Այդ խունկը սրբություն թող լինի ձեզ համար։ 37Ձեզ համար նույն բաղադրությամբ խունկ մի՛ պատրաստեք, որովհետև դա Տիրոջը պատկանող սրբություն է։ 38Այն մարդը, որ նույն այս բաղադրությամբ խունկ կպատրաստի հոտոտելու համար, կվերանա իր ժողովրդի միջից»։

Currently Selected:

ԵԼՔ 30: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in