YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 31

31
Սրբարանը պատրաստող պաշտոնյաները
(Ելք 35.30–36.1)
1Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 2«Ահա անվանապես ընտրեցի Բեսելիելին՝ Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդուն։ 3Եվ լցրի նրան աստվածային իմաստության հոգով, հանճարով և գիտությամբ՝ ամեն մի գործի համար՝ 4խելամուտ լինելու և ճարտարապետելու, մշակելու ոսկին, արծաթն ու պղինձը, մանելու կապույտ, ծիրանի ու կարմիր մանվածք, 5կարող լինելու զբաղվելու ակնագործությամբ, նաև ատաղձագործությամբ և հաջողությամբ կատարելու ամեն մի գործ։ 6Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝ 7Վկայության խորանը, Ուխտի տապանակն ու նրա վրայի Քավությունը և խորանի ողջ սպասքը, 8զոհարաններն ու սեղանը և ողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ողջ սպասքը, 9ավազանն ու նրա պատվանդանը, 10ծիսակատարության զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների զգեստները՝ ինձ քահանայություն անելու, 11օծության յուղն ու սրբարանի բաղադրյալ խունկը։ Այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, կանես»։
Շաբաթը՝ հանգստյան օր
(Ելք 35.1-3)
12Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. 13«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Զգո՛ւյշ եղեք, պահե՛ք իմ շաբաթները, որովհետև դա իմ ու ձեր միջև դրված նշանն է սերնդեսերունդ, որպեսզի ճանաչեք, որ ես Տերն եմ՝ ձեզ սրբագործողը։ 14Պահե՛ք շաբաթները, քանի որ շաբաթը սուրբ է ձեզ համար՝ ընծայված Տիրոջը։ Ով այն պղծի, թող մահվան դատապարտվի։ Ամեն ոք, ով այդ օրը գործ անի, թող վերանա իր ժողովրդի միջից։ 15Վեց օր աշխատե՛ք, իսկ յոթերորդ օրը շաբաթ է՝ Տիրոջը նվիրված սուրբ հանգստյան օր։ Ով շաբաթ օրը գործ անի, թող մահվան դատապարտվի։ 16Իսրայելի որդիները թող պահեն շաբաթները սերնդեսերունդ՝ որպես հավիտենական ուխտ։ 17Իմ ու Իսրայելի որդիների միջև հավիտենական նշան է, որովհետև Տերը վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, իսկ յոթերորդ օրը դադար առավ և հանգստացավ”»։
18Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։

Currently Selected:

ԵԼՔ 31: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in