YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 7

7
1Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի առջև հանդես կգաս իբրև աստված, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարեն։ 2Դու Ահարոնին կհայտնես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ, իսկ քո եղբայր Ահարոնը թող խոսի փարավոնի հետ՝ Իսրայելի որդիներին արձակելու իր երկրից։ 3Սակայն ես կկարծրացնեմ փարավոնի սիրտը և կբազմապատկեմ իմ նշաններն ու հրաշքները եգիպտացիների երկրում, 4և փարավոնը չի լսի ձեզ. ես իմ ձեռքը կդնեմ Եգիպտոսի վրա և իմ զորությամբ իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին, կհանեմ եգիպտացիների երկրից՝ մեծապես վրեժխնդիր լինելով։ 5Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը։ Ես իմ ձեռքը կերկարեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին կհանեմ նրանց միջից»։ 6Եվ Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրեց իրենց։
7Մովսեսն ութսուն տարեկան էր, իսկ Ահարոնը՝ ութսուներեք, երբ նրանք խոսեցին փարավոնի հետ։
Ահարոնի գավազանը
8Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. 9«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ ու ասի՝ “Մեզ նշան կամ հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կասես. “Ա՛ռ քո գավազանը, գետնի՛ն գցիր փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ կդառնա”»։
10Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը։ Ահարոնը գավազանը գցեց փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ դարձավ։ 11Փարավոնը կանչեց եգիպտացիների իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացիների գիտունները նույնն արեցին իրենց կախարդությամբ։ 12Յուրաքանչյուրն իր գավազանը գցեց գետնին, և դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները։ 13Սակայն փարավոնի սիրտը կարծրացավ, և նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։
Տասը հարվածները
1. Արյուն
14Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացել է, որ չարձակի ժողովրդին։ 15Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ։ Երբ նա ելնի դեպի ջուրը, կանգնի՛ր նրա առջև՝ գետափին, քո ձեռքում բռնած այն գավազանը, որ օձ դարձավ։ 16Եվ նրան կասես. “Տերը՝ եբրայեցիների Աստվածը, ուղարկել է ինձ քեզ մոտ՝ ասելով. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտի ինձ անապատում”, թեև մինչև հիմա ինձ չլսեցիր։ 17Տերն այսպես է ասում. “Բայց դու պիտի իմանաս, որ ես եմ Տերը. ահա ես իմ ձեռքի գավազանով կհարվածեմ գետի ջրին, և այն կվերածվի արյան։ 18Եվ գետի մեջ եղած ձկները կսատկեն, գետը կնեխի, և եգիպտացիները չեն կարողանա գետից ջուր խմել”»։
19Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա՛. “Վերցրո՛ւ գավազանդ և ձեռքդ երկարի՛ր Եգիպտոսի ջրերի վրա՝ նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց ջրանցքների վրա, նրանց ջրակույտերի վրա, և ջուրը կվերածվի արյան։ Եվ արյուն կդառնա եգիպտացիների ողջ երկրում եղած փայտե ու քարե ամանների ջուրը”»։ 20Մովսեսն ու Ահարոնն արեցին այնպես, ինչպես իրենց պատվիրել էր Տերը. Ահարոնը փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, վեր բարձրացնելով իր գավազանը, հարվածեց գետի ջրին և գետի ողջ ջուրը արյուն դարձրեց։ 21Գետում եղած ձկները սատկեցին, գետը նեխեց, և եգիպտացիները չէին կարողանում գետից ջուր խմել։ Եգիպտացիների ողջ երկրում արյուն էր։ 22Իրենց կախարդությամբ նույնն արեցին նաև եգիպտացիների գիտունները։ Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, և ինչպես որ ասել էր Տերը, նա նրանց չլսեց։ 23Փարավոնը վերադարձավ, մտավ իր տուն, և իր միտքը սրանով ևս չփոխվեց։ 24Եվ բոլոր եգիպտացիները հորեր փորեցին գետի շուրջը, որպեսզի խմելու ջուր ունենան, որովհետև գետից չէին կարողանում ջուր խմել։
2. Գորտեր
25Եվ յոթ օր անցավ Տիրոջ կողմից գետը հարվածելուց հետո։ 26#Որոշ թարգմ. 7.26-8.28-ը համարակալված է որպես 8.1-32։ Տերն ասաց Մովսեսին. «Մտի՛ր փարավոնի մոտ ու ասա՛ նրան. “Այսպես է ասում Տերը. “Արձակի՛ր իմ ժողովրդին, որ պաշտեն ինձ։ 27Իսկ եթե չկամենաս արձակել, ես քո ողջ երկիրը կհարվածեմ գորտեր լցնելով։ 28Գետը գորտեր կառաջացնի, որոնք ելնելով կմտնեն քո տները, քո սենյակների պահարանները, քո գահույքները, քո պաշտոնյաների ու քո ժողովրդի տները, քո թոնիրներն ու քո խմորի զանգվածների մեջ։ 29Գորտերը կբարձրանան նաև քեզ վրա, քո ժողովրդի ու քո պաշտոնյաների վրա”»։

Currently Selected:

ԵԼՔ 7: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in