YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 14

14
Աբրամը փրկում է Ղովտին
1Սենաարի արքա Ամարփաղի թագավորության ժամանակ Սեղղասարի արքա Արիովքը, Ելամի արքա Քոդողագոմորը և Ազգերի [𝕸 Գոյիմի] արքա Թարգաղը 2պատերազմի ելան Սոդոմի արքա Բաղակի, Գոմորի արքա Բարսայի, Ադամայի արքա Սենայի, Սեբոյիմի արքա Սիմոբորի, ինչպես նաև Բաղակի, այսինքն՝ Սեգովրի թագավորի դեմ։ 3Սրանք բոլորը հավաքվեցին Աղի ձորում, որը Աղի ծովն է։ 4Տասներկու տարի գտնվելով Քոդողագոմորի իշխանության տակ՝ տասներեքերորդ տարում ապստամբեցին։ 5Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորն ու նրա զինակից թագավորները եկան և կոտորեցին Աստարովթ Կառնաիմի հսկաներին ու նրանց հետ եղած հզոր ցեղերին, ինչպես նաև օմացիներին՝ Շավե քաղաքում, 6նաև քոռեցիներին, որ բնակվում էին Սեիրի լեռներից մինչև Բևեկնը, որ Ձորում է՝ անապատում։ 7Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։ 8Սոդոմի արքան, Գոմորի արքան, Ադամայի արքան, Սեբոյիմի արքան ու Բաղակի, այսինքն՝ Սեգովրի արքան ելան և Աղի ձորում ճակատամարտ տվեցին 9Ելամի արքա Քոդողագոմորի, Գոյիմի արքա Թարգաղի, Սենաարի արքա Ամարփաղի, Սեղղասարի արքա Արիովքի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։ 10Աղի ձորում հորեր կային՝ կուպրի հորեր։ Սոդոմացիների արքան ու գոմորացիների արքան փախուստի դիմելիս ընկան դրանց մեջ, իսկ մյուսները փախան լեռները։ 11Ավար առան սոդոմացիների ու գոմորացիների ողջ ունեցվածքը և գնացին։ 12Նրանք գերեցին նաև Սոդոմում բնակվող Ղովտին՝ Աբրամի եղբորորդուն, ավար առան նրա ունեցվածքը և գնացին։
13Փրկվածներից մեկը եկավ ու այդ մասին պատմեց Աբրամին։ Նա բնակվում էր Մամբրեի կաղնու մոտ։ Մամբրեն և նրա եղբայրներ Եսքողն ու Օնանը Աբրամի դաշնակիցներն էին։ 14Երբ Աբրամը լսեց, որ իր եղբայր Ղովտը գերի է ընկել, հավաքեց իր երեք հարյուր տասնութ ընդոծիններին։ 15Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։ 16Աբրամը հետ վերցրեց սոդոմացիների ավարը, ազատեց իր եղբորը՝ Ղովտին, նրա ամբողջ ունեցվածքը, ինչպես նաև կանանց ու ժողովրդին։
Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին
17Սոդոմացիների արքան Շավեի ձորում, այսինքն՝ Թագավորների դաշտում ընդառաջ ելավ Աբրամին, երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղած թագավորներին կոտորելուց։ 18Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց 19և օրհնեց Աբրամին՝ ասելով. «Օրհնյալ լինես, Աբրա՛մ, Բարձրյալ Աստծու կողմից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։ 20Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։ 21Սոդոմացիների արքան ասաց Աբրամին. «Դու ինձ վերադարձրո՛ւ մարդկանց, իսկ ձիերը թող մնան քեզ»։ 22Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ Բարձրյալ Աստծով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, 23որ չեմ վերցնի քեզ պատկանող ոչ մի բան, անգամ թել կամ կոշիկի կապ, որպեսզի չասես՝ “Ես հարստացրի Աբրամին”, 24բացի ընդոծինների սննդից։ Իսկ Օնանը, Եսքողն ու Մամբրեն, որ ինձ հետ էին, թող ստանան իրենց բաժինը»։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 14: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in