YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 17

17
Թլփատությունը՝ ուխտի նշան
1Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։ 2Ուխտ եմ կապելու իմ և քո միջև և անչափ բազմացնելու եմ քեզ»։ 3Աբրամը երեսնիվայր ընկավ, և Աստված նրան ասաց. 4«Ահա այս է իմ ուխտը քեզ հետ. բազում ազգերի հայր պիտի լինես։ 5Սրանից հետո Աբրամ չպիտի կոչվես, այլ Աբրահամ [Հայր բազում ազգերի] պիտի լինի քո անունը, որովհետև բազում ազգերի հայր եմ քեզ ընտրել։ 6Քեզ շատ եմ աճեցնելու, քեզնից ազգեր եմ հանելու, քեզնից թագավորներ են ծնվելու։ 7Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։ 8Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
9Իմ ուխտը պիտի պահես ինչպես դու, այնպես էլ քեզանից հետո եկող քո զավակները սերնդեսերունդ։ 10Այս է իմ ուխտը, որ սերնդից սերունդ պիտի պահես իմ և քո միջև ու քեզնից հետո գալիք քո զավակների միջև. ձեր բոլոր արու զավակները պիտի թլփատվեն, 11պիտի թլփատեք ձեր մարմնի թլիփը, և դա թող իմ և ձեր միջև ուխտի նշանը լինի։ 12Ձեր արու մանուկները ութօրյա հասակում պետք է թլփատվեն սերնդեսերունդ, ինչպես նաև ընդոծինն ու արծաթով գնված բոլոր օտարազգիները, որ քո սերնդից չեն։ 13Պետք է անպայման թլփատվեն քո տան ընդոծինն ու արծաթով գնվածը։ Այդպիսով իմ ուխտը ձեր մարմնի վրա կլինի իբրև հավիտենական ուխտ։ 14Անթլփատ արուն, որ չի թլփատվի ութերորդ օրը, թող վերանա իր ազգի միջից, որովհետև խախտած կլինի իմ ուխտը»։
15Աստված ասաց Աբրահամին. «Քո կին Սարայն այլևս Սարայ թող չկոչվի, այլ Սառա [Իշխանուհի] թող լինի նրա անունը։ 16Ես կօրհնեմ նրան ևս և նրանից քեզ որդի կպարգևեմ։ Ես կօրհնեմ որդուդ, և նա ազգերի հայր կդառնա, նրանից ազգերի թագավորներ կծնվեն»։
17Աբրահամը դեմքը խոնարհեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարյուր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամյա Սառան կարո՞ղ է ծնել»։ 18Աբրահամն ասաց Աստծուն. «Թող Իսմայելն ապրի քո առաջ»։ 19Աստված պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է ծնելու, և իմ ուխտը, որպես հավիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից հետո գալիք սերունդների հետ։ 20Ինչ վերաբերում է Իսմայելին, ահա լսեցի քեզ և կօրհնեմ նրան. նրան կաճեցնեմ և անչափ կբազմացնեմ։ Նրանից տասներկու ազգ է սերելու. նրան մեծ ազգ եմ դարձնելու։ 21Բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին Սառան կծնի քեզ համար մյուս տարի այս ժամանակ»։ 22Աստված վերջացրեց իր խոսքը և բարձրացավ նրա մոտից։
23Աբրահամը վերցրեց իր որդի Իսմայելին, իր բոլոր ընդոծիններին, արծաթով գնված բոլորին և իր տանը եղած բոլոր արու մարդկանց և նույն օրն իսկ թլփատեց նրանց, ինչպես պատվիրել էր նրան Աստված։ 24Աբրահամն իննսունինը տարեկան էր, երբ թլփատեց իր թլիփը, 25իսկ իր որդի Իսմայելը տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա թլիփը։ 26Նույն օրը թլփատվեցին Աբրահամն ու իր որդի Իսմայելը 27և նրա տան բոլոր տղամարդիկ՝ թե՛ ընդոծինները, թե՛ արծաթով գնված օտարազգիները։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 17: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in