YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 25

25
Աբրահամի սերունդը Քետուրայից
(Ա Մն. 1.32-33)
1Աբրահամը մի այլ կին առավ, որի անունը Քետուրա էր, 2որը և նրա համար ծնեց Զեմրանին, Հեկտանին, Մադանին, Մադիանին, Եսբոկին և Սովիվեին։ 3Հեկտանը ծնեց Սաբային, Թեմանին և Դադանին։ Դադանի որդիներն էին Ռագուելը, Նաբդեելը, Ասուրիիմը, Ղատուսիիմը և Ղովոմիմը։ 4Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենովքը, Աբիդան և Եղրագան։ Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին։
5Աբրահամն իր ողջ ունեցվածքը տվեց իր որդի Իսահակին, 6իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։
Աբրահամի մահը և թաղումը
7Աբրահամն ապրեց հարյուր յոթանասունհինգ տարի։ 8Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։ 9Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զույգ քարայրում՝ Մամբրեի կաղնու դիմաց, 10այսինքն՝ այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից։ Այնտեղ թաղեցին Աբրահամին, որտեղ և նրա կին Սառան էր թաղված։
11Աբրահամի մահից հետո Աստված օրհնեց նրա որդուն՝ Իսահակին։ Իսահակը բնակվեց Տեսիլքի ջրհորի մոտ։
ԻՍՄԱՅԵԼԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(25.12-18)
12ԱՅՍ Է ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԲՐԱՀԱՄԻ ՈՐԴԻ ԻՍՄԱՅԵԼԻ, որին Աբրահամի համար ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը։ 13Իսմայելի որդիների անունները, որոնցով և կոչվեցին նրանց ցեղերը, սրանք են՝ Նաբեովթ՝ Իսմայելի անդրանիկը, Կեդար, Աբդեել, Մաբսամ, 14Մասմա, Իդումա, Մասե, 15Քողդադ, Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։ 16Սրանք են Իսմայելի որդիները և նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի և իրենց վրանների, տասներկու իշխաններ՝ ըստ իրենց ցեղերի։ 17Իսմայելն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ Նա տկարանալով մեռավ և միացավ իր նախնիներին։ 18Նրա սերունդը բնակություն հաստատեց Եվիլատից մինչև Սուր, որը գտնվում է Եգիպտոսի դիմաց, մինչև Ասորեստանի սահմանները, այսինքն՝ իսմայելացիները բնակվեցին իրենց եղբայրներից առանձին։
ԻՍԱՀԱԿԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(25.19–27.45)
19ԱԲՐԱՀԱՄԻ ՈՐԴՈՒ՝ ԻՍԱՀԱԿԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ Է։ Աբրահամը ծնեց Իսահակին։ 20Իսահակը քառասուն տարեկան էր, երբ իրեն կին առավ Ռեբեկային՝ Ասորիների Միջագետքում ապրող ասորի Բաթուելի դստերը, որը ասորի Լաբանի քույրն էր։
Եսավի և Հակոբի ծնունդը
21Քանի որ Ռեբեկան ամուլ էր, Իսահակն աղաչում էր Տիրոջը նրա համար։ Աստված լսեց նրան, և նրա կին Ռեբեկան հղիացավ։ 22Նրա արգանդում երեխաները բախվում էին միմյանց։ Եվ նա ասաց. «Եթե այսպես էր լինելու ինձ, ինչո՞ւ հղիացա»։ Եվ գնաց հարցնելու Տիրոջը։ 23Տերը նրան ասաց.
«Երկու ազգ կա քո արգանդում.
քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։
Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին,
և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
24Երբ նրա ծննդաբերելու օրերը հասան, նրա որովայնում երկվորյակներ էին։ 25Նա, որ ելավ առաջինը, ամբողջովին կարմիր և թավամազ մորթ ուներ. նրան կոչեց Եսավ։ 26Ապա ելավ նրա եղբայրը՝ Եսավի գարշապարից բռնած։ Նրան էլ կոչեց Հակոբ։ Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց։ 27Մանուկները մեծացան։ Եսավը հմուտ որսորդ էր և դաշտ ու ձորի մարդ, իսկ Հակոբը մեղմաբարո էր ու տնակյաց։ 28Իսահակը սիրում էր Եսավին, քանի որ նրա որսի միսն էր իր կերակուրը, իսկ Ռեբեկան սիրում էր Հակոբին։
Եսավը վաճառում է իր անդրանիկության իրավունքը
29Մի անգամ Հակոբն ապուր էր եփել։ Եսավը դաշտից եկավ քաղցից ուժասպառ և 30Հակոբին ասաց. «Տո՛ւր ինձ ճաշակելու այդ շիկապուրից, որովհետև քաղցից ուժասպառ եմ»։ Դրա համար էլ նրան Եդովմ կոչեցին։ 31Իսկ Հակոբը Եսավին ասաց. «Այսօր վաճառի՛ր ինձ քո անդրանիկությունը»։ 32Եսավը պատասխանեց. «Ահա ես մահվան եմ գնում, ինչի՞ս է պետք անդրանիկությունը»։ 33Եվ Հակոբն ասաց նրան. «Երդվի՛ր ինձ այսօր»։ Նա երդվեց և իր անդրանիկությունը վաճառեց Հակոբին։ 34Եվ Հակոբը հաց ու ոսպապուր տվեց Եսավին։ Նա կերավ, խմեց ու վեր կացավ գնաց։ Այսպես Եսավն անարգեց իր անդրանիկությունը։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 25: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in