YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 28

28
1Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց՝ ասելով. «Քանանացիների դուստրերից կին չառնես։ 2Վե՛ր կաց, գնա՛ Ասորիների Միջագետք՝ քո մոր հոր՝ Բաթուելի տունը, և այնտեղից քո մորեղբայր Լաբանի դուստրերից քեզ կի՛ն առ։ 3Իմ Աստվածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, և դու ժողովուրդներին միավորող դառնաս։ 4Քեզ և քո սերունդներին թող տա իմ հոր՝ Աբրահամի օրհնությունը՝ ժառանգելու քո պանդխտության երկիրը, այն, որ Աստված տվեց Աբրահամին»։ 5Իսահակն ուղարկեց Հակոբին, և նա գնաց Ասորիների Միջագետք՝ ասորի Բաթուելի որդի Լաբանի մոտ, որը Ռեբեկայի՝ Հակոբի ու Եսավի մոր եղբայրն էր։
6Եսավը տեսավ, որ Իսահակն օրհնեց Հակոբին՝ գնալու Ասորիների Միջագետք և այնտեղից կին առնելու, և թե ինչպե՛ս հայրը Հակոբին օրհնելիս պատվիրեց՝ «Քանանացիների դուստրերից կին չառնես», 7Հակոբն էլ, անսալով իր հոր ու մոր խոսքերին, գնաց Ասորիների Միջագետք, 8հասկացավ, որ քանանացիների դուստրերը հաճելի չեն իր հոր՝ Իսահակի աչքին։ 9Ուստի նա գնաց Իսմայելի մոտ և իր կանանցից բացի կին առավ նաև Աբրահամի որդի Իսմայելի դուստր Մայելեթին՝ Նաբեովթի քրոջը։
Հակոբի երազը Բեթելում
10Հակոբը Երդման ջրհորի մոտից ելավ և գնաց դեպի Խառան։ 11Հասնելով մի տեղ՝ վերցրեց այնտեղի քարերից մեկը, դրեց գլխի տակ ու քնեց, քանի որ արևը մայր էր մտնում։ 12Երազ տեսավ. ահա երկրի վրա հաստատված մի սանդուղք, որի ծայրը հասնում էր մինչև երկինք, և Աստծու հրեշտակները ելնում-իջնում էին դրա վրայով։ 13Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։ 14Քո սերունդը երկրի ավազի չափ է լինելու, տարածվելու է դեպի ծովակողմ, դեպի արևելք, դեպի հյուսիս ու դեպի հարավ։ Քո և քո սերունդների շնորհիվ օրհնվելու են երկրի բոլոր ազգերը։ 15Ահա ես քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ այն բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես, և վերադարձնելու եմ քեզ այս երկիրը, որովհետև քեզ չեմ լքելու, մինչև որ չկատարեմ այն ամենը, ինչ խոստացա քեզ»։ 16Հակոբը քնից զարթնեց ու ասաց. «Տերն այստեղ է, իսկ ես չգիտեի»։ 17Վախեցավ և ասաց. «Ահազդու է այս վայրը, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու տունը, իսկ սա էլ երկնքի դուռն է»։ 18Առավոտյան Հակոբը վեր կացավ, վերցրեց այն քարը, որ դրել էր իր գլխի տակ, կանգնեցրեց իբրև կոթող և յուղ լցրեց նրա գագաթին։ 19Հակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն [𝕸 Բեթել]. նախկինում այդ քաղաքի անունն Ուլամ Լուզ էր։ 20Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա, 21ինձ ողջ-առողջ վերադարձնի իմ հոր տունը, ուրեմն թող Տերը լինի իմ Աստվածը, 22իսկ այս քարը, որ իբրև կոթող կանգնեցրի, թող ինձ համար Աստծու տուն լինի։ Եվ այն ամենից, Տե՛ր, ինչ կտաս ինձ, քեզ տասանորդ կտամ»։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 28: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in