YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 35

35
Աստված օրհնում է Հակոբին
1Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։ 2Հակոբն իր ընտանիքի անդամներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց ասաց. «Դե՛ն նետեք ձեզ մոտ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր զգեստները։ 3Վեր կենանք բարձրանանք Բեթել, այնտեղ զոհասեղան կառուցենք Աստծու համար, ով լսեց ինձ նեղ օրերին, ինձ հետ եղավ և ինձ պահպանեց իմ ուղևորության ընթացքում»։ 4Նրանք Հակոբին հանձնեցին իրենց մոտ եղած օտար աստվածներն ու իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Բևեկնի ծառի տակ՝ Սյուքեմում։ Դրանք մինչ օրս չեն գտնվել։ 5Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։ 6Հակոբը և իր հետ եղած ողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որը գտնվում է քանանացիների երկրում։ 7Նա այնտեղ զոհասեղան շինեց և այդ վայրը կոչեց Բեթել, որովհետև այնտեղ էր Աստված երևացել նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսավից։
8Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ
9Աստված երևաց Հակոբին, երբ նա Լուզում էր և նոր էր վերադարձել Ասորիների Միջագետքից. օրհնեց նրան 10և ասաց. «Քո անունը Հակոբ է, բայց այլևս Հակոբ չես կոչվելու, այլ քո անունը Իսրայել կլինի»։ Եվ նրան կոչեց Իսրայել։ 11Աստված նրան ասաց. «Ես եմ քո Ամենակալ Աստվածը. աճի՛ր և բազմացի՛ր։ Ազգեր ու ազգերի բազմություններ պիտի ծնվեն քեզնից, և թագավորներ պիտի ելնեն քեզնից։ 12Այն երկիրը, որ տվել եմ Աբրահամին ու Իսահակին, տվեցի նաև քեզ. այն քոնն է, և քեզանից հետո այն տալու եմ քո զավակներին»։ 13Եվ Աստված վերացավ այն վայրից, որտեղ խոսեց նրա հետ։ 14Հակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խոսել էր նրա հետ, քարե կոթող. նրա վրա գինի թափեց ու այն յուղով օծեց 15և այն տեղը, որտեղ Աստված խոսել էր նրա հետ, կոչեց Բեթել։
Ռաքելի մահը
16Հակոբը մեկնեց Բեթելից, և Եփրաթա չհասած, Ռաքելը ծննդաբերեց։ Նրա ծննդաբերությունը դժվարին եղավ, 17և երկունքի ցավերի ժամանակ մանկաբարձը նրան ասաց. «Արիացի՛ր, որովհետև սա էլ տղա է»։ 18Հոգին ավանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտի որդի, սակայն հայրը նրան կոչեց Բենիամին։ 19Ռաքելը մեռավ ու թաղվեց Եփրաթայի, այսինքն՝ Բեթղեհեմի ճանապարհի վրա։ 20Հակոբը նրա շիրիմի վրա կոթող կանգնեցրեց։ Դա մինչև այսօր էլ հայտնի է որպես Ռաքելի շիրմաքար։ 21Իսրայելը գնաց և իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ։
22Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։
Հակոբի որդիները
(Ա Մն. 2.1-2)
Հակոբի որդիները տասներկուսն էին։ 23Լիայի որդիներն էին Հակոբի անդրանիկը՝ Ռուբենը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Զաբուղոնը։ 24Ռաքելի որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը։ 25Բալլայի՝ Ռաքելի նաժիշտի որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը։ 26Զելփայի՝ Լիայի նաժիշտի որդիներն էին Գադն ու Ասերը։ Ահա սրանք են Հակոբի որդիները, որ նա ունեցավ Ասորիների Միջագետքում։
Իսահակի մահը
27Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝ Դաշտի քաղաքը [𝕸 Կիրիաթ Հաարբա], որը Քեբրոնն է, քանանացիների երկրում, որտեղ որպես պանդուխտ ապրեցին Աբրահամն ու Իսահակը։ 28Իսահակն ապրեց հարյուր ութսուն տարի։ 29Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 35: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in