YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 41

41
Հովսեփը մեկնում է փարավոնի երազները
1Երկու տարի անց փարավոնը մի երազ տեսավ։ Նրան թվաց, թե կանգնած է գետի եզերքին, 2և ահա իբր գետից դուրս էին գալիս յոթ գեղեցիկ ու պարարտ երինջներ և արածում կանաչների մեջ։ 3Դրանցից հետո գետից դուրս էին գալիս յոթ այլ՝ տգեղ ու նիհար երինջներ և մյուս երինջների հետ արածում գետի եզերքին։ 4Տգեղ ու նիհար յոթ երինջներն ուտում էին գեղեցիկ ու պարարտ յոթ երինջներին։ Փարավոնը զարթնեց 5և նորից քուն մտավ ու երկրորդ երազը տեսավ. ահա մեկ ցողունից յոթ ընտիր ու գեղեցիկ հասկեր ելան։ 6Եվ ահա նրանցից հետո ելան յոթ չորուկ ու խորշակահար այլ հասկեր։ 7Եվ չորուկ ու խորշակահար յոթ հասկերը կուլ տվեցին ընտիր ու լեցուն յոթ հասկերին։ Փարավոնը զարթնեց և տեսավ, որ երազ էր։
8Լույսը բացվեց. փարավոնը խռովված էր։ Նա կանչել տվեց Եգիպտոսի բոլոր երազահաններին և իր բոլոր իմաստուններին ու պատմեց իր երազը, սակայն ոչ ոք չկարողացավ մեկնել այն։ 9Տակառապետը խոսեց փարավոնի առաջ՝ ասելով. «Այժմ հիշում եմ իմ զանցանքը։ 10Փարավոնը բարկացել էր իր պաշտոնյաների վրա և ինձ ու մատակարարին բանտարկել էր դահճապետի տանը։ 11Մի գիշեր երկուսս էլ՝ ես և նա, երազ տեսանք. յուրաքանչյուրս տարբեր երազ տեսավ։ 12Այնտեղ մեզ հետ էր եբրայեցի մի պատանի՝ դահճապետի ծառան։ Պատմեցինք նրան, և նա մեկնեց մեր երազները, յուրաքանչյուրիս երազն առանձին մեկնեց։ 13Եվ ինչպես մեկնել էր, այնպես էլ եղավ. ես վերականգնվեցի իմ պաշտոնին, իսկ մատակարարին կախեցին ծառից»։
14Փարավոնը մարդ ուղարկեց ու կանչել տվեց Հովսեփին։ Նրան հանեցին բանտից, ածիլեցին, հագուստը փոխեցին, և ներկայացավ փարավոնին։ 15Փարավոնն ասաց Հովսեփին. «Երազ տեսա, և ոչ ոք չի կարողանում մեկնել այն։ Ես լսեցի քո մասին։ Ասում են, որ եթե երազները լսես, կարող ես մեկնել դրանք»։ 16Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։ 17Փարավոնն ասաց. «Երազումս ինձ թվաց, թե կանգնած էի գետի եզերքին, 18և իբր թե գետից ելնում էին պարարտ ու գեղեցիկ յոթ երինջներ և արածում կանաչների մեջ։ 19Նրանցից հետո գետից դուրս էին գալիս յոթ այլ՝ ժանտ, զազիր ու նիհար երինջներ, որոնցից ավելի զազրելի չեմ տեսել եգիպտացիների ողջ երկրում։ 20Եվ ահա յոթ նիհար ու զազիր երինջներն ուտում էին առաջին գեղեցիկ ու ընտիր յոթ երինջներին։ 21Թեև կուլ էին տալիս նրանց, սակայն այդ չէր երևում. մնում էին նույն զազիր տեսքով։ Զարթնեցի ու նորից քնեցի։ 22Մյուս անգամ երազում տեսա՝ իբր թե մեկ ցողունից ելնում էին լեցուն ու գեղեցիկ յոթ հասկեր։ 23Նրանցից հետո ելնում էին բարակ, չորուկ ու խորշակահար յոթ այլ հասկեր, 24և չորուկ ու խորշակահար յոթ հասկերը կուլ էին տալիս գեղեցիկ ու լեցուն հասկերին։ Պատմեցի երազահաններին, բայց ոչ ոք չկարողացավ մեկնել ինձ համար»։
25Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ որ անելու է։ 26Յոթ գեղեցիկ երինջները յոթ տարի են նշանակում, յոթ գեղեցիկ հասկերը նույնպես յոթ տարի են նշանակում։ Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն։ 27Դրանցից հետո ելած տգեղ ու վտիտ յոթ երինջները նույնպես յոթ տարի են նշանակում, ինչպես նաև չորուկ ու խորշակահար յոթ հասկերը, որոնք ազդարարում են, որ յոթ տարի սով է լինելու։ 28Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ անելու է։ 29Եգիպտացիների ողջ երկրում յոթ բերքառատ տարիներ են լինելու։ 30Դրանց կհաջորդեն սովի յոթ տարիներ, կմոռացվի երկրում եղած բերքի առատությունը, և սովը կարող է երկիրը ոչնչացնել։ 31Երկրի բերքի առատությունը կմոռացվի դրան հաջորդող սովի պատճառով, քանի որ այն շատ սաստիկ է լինելու։ 32Այն, որ փարավոնի երազը կրկնվել է երկու անգամ, վկայում է, որ Աստծու խոսքը հաստատապես կատարվելու է, և որ Աստված չի հապաղելու։ 33Արդ, ուրեմն, գտի՛ր խոհեմ ու իմաստուն մի մարդու և նրան կառավարի՛չ կարգիր եգիպտացիների երկրի վրա։ 34Թող փարավոնը երկրի վրա վերակացուներ նշանակի, որ եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների ընթացքում բերքի մեկ հինգերորդ մասն ամբարեն։ 35Նրանք թող տնտեսեն առաջին յոթ առատ տարիների պարենը, ցորենը թող ամբարվի փարավոնի հսկողության տակ, և բերքը քաղաքներում թող պահվի։ 36Այդ պարենը թող տնտեսվի երկրում՝ եգիպտացիների երկրի վրա տարածվելիք սովի յոթ տարիների համար, որպեսզի երկիրը սովից չկոտորվի»։
Հովսեփը դառնում է Եգիպտոսի կառավարիչ
37Հովսեփի խոսքերը հաճելի թվացին փարավոնին ու նրա բոլոր պաշտոնյաներին։ 38Փարավոնն ասաց իր բոլոր պաշտոնյաներին. «Մի՞թե կարող ենք այսպիսի մարդ գտնել, որ իր մեջ ունենա Աստծու հոգին»։ 39Եվ փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ հայտնեց այդ ամենը, ուրեմն քեզնից ավելի իմաստուն ու խելացի մարդ չկա։ 40Դու կլինես իմ տան կառավարիչը, և քո հրամանին կհնազանդվի իմ ողջ ժողովուրդը։ Ես քեզնից բարձր կլինեմ միայն իմ գահով»։ 41Եվ փարավոնը Հովսեփին ասաց. «Ահա այսօր քեզ կառավարիչ եմ կարգում եգիպտացիների երկրի վրա»։ 42Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին, 43նրան բարձրացրեց իր երկրորդ կառքը, որի առջևից ազդարարվում էր։ Այսպիսով նրան կառավարիչ կարգեց եգիպտացիների երկրի վրա։ 44Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես եմ փարավոնը. առանց քո թույլտվության եգիպտացիների ողջ երկրում ոչ ոք չի բարձրացնի իր ձեռքը կամ ոտքը»։ 45Եվ փարավոնը Հովսեփի անունը դրեց Փսոմփթոմփանե [Երկրի փրկիչը] և Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթին կնության տվեց նրան, ապա Հովսեփը դուրս եկավ փարավոնի առջևից։ 46Հովսեփը երեսուն տարեկան էր, երբ ներկայացվեց փարավոնին՝ եգիպտացիների արքային։ Հովսեփը, ելնելով փարավոնի մոտից, շրջեց ողջ Եգիպտոսում։ 47Երկիրն առատության յոթ տարիների ընթացքում հարուստ բերք տվեց։ 48Հովսեփը տնտեսեց եգիպտացիների երկրի առատության յոթ տարիների բերքը՝ ամեն մի քաղաքի շուրջը գտնվող դաշտերի բերքն ամբարելով այդ քաղաքում։ 49Հովսեփը ծովի ավազի չափ շատ ցորեն ամբարեց, այնքան շատ, որ հնարավոր չէր հաշվել։ 50Նախքան սովի յոթ տարիների վրա հասնելը Հովսեփը երկու որդի ունեցավ, որոնց նրա համար ծնեց Ասանեթը՝ Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստրը։ 51Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։ 52Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։ 53Անցան եգիպտացիների երկրի առատության յոթ տարիները, 54և վրա հասան սովի յոթ տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Եվ ողջ աշխարհում սով եղավ, սակայն եգիպտացիների երկրում հաց կար։ 55Երբ սովի մատնվեց նաև եգիպտացիների երկիրը, ողջ ժողովուրդը փարավոնից հաց խնդրեց։ Փարավոնն ասաց բոլոր եգիպտացիներին. «Գնացե՛ք Հովսեփի մոտ և արե՛ք այն, ինչ կասի ձեզ»։ 56Երբ սովը տարածվեց ամենուր, Հովսեփը բացեց ցորենի շտեմարանները և սկսեց ցորեն վաճառել եգիպտացիներին։ 57Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ամբողջ աշխարհում։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 41: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in