YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 44

44
1Հովսեփն իր պալատի վերակացուին հրաման տվեց՝ ասելով. «Այդ մարդկանց պարկերը լցրե՛ք պարենով այնքան, որքան կարող են տանել, և յուրաքանչյուրի արծաթը դրե՛ք իր պարկի բերանին։ 2Իմ արծաթե սկիհն էլ դրե՛ք կրտսերի պարկի մեջ։ Այնտեղ դրե՛ք նաև նրա ցորենի գինը»։ Եվ արվեց այնպես, ինչպես Հովսեփն էր ասել։ 3Առավոտյան նրանց արձակեցին՝ իրենց էշերով հանդերձ։ 4Երբ նրանք քաղաքից դուրս ելան և դեռ հեռու չէին գնացել, Հովսեփն ասաց իր տան վերակացուին. «Վե՛ր կաց, հետապնդի՛ր այն մարդկանց, հասի՛ր նրանց ու ասա՛. “Ինչո՞ւ լավությանը վատությամբ պատասխանեցիք։ Ինչո՞ւ գողացաք այն արծաթե սկիհը, 5որով խմում էր իմ տերը և դրանով էլ գուշակություն անում։ Արդ, այն, ինչ արեցիք, վատ է”»։ 6Երբ նա գտավ նրանց, այդպես էլ ասաց։ 7Նրանք պատասխանեցին նրան. «Ինչո՞ւ է տերն այդպիսի բաներ ասում։ Քա՛վ լիցի, որ քո ծառաները նման բան արած լինեն։ 8Եթե մեր պարկերում գտնված արծաթը քանանացիների երկրից մենք վերադարձրել ենք ձեզ, էլ ինչո՞ւ քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի պիտի գողանայինք։ 9Արդ, քո ծառաներից ում մոտ որ գտնվի սկիհը, թող մահվան դատապարտվի, իսկ մենք՝ մյուսներս, լինենք մեր տիրոջ ծառաները»։ 10Եվ նա ասաց. «Թող այդպես լինի, ինչպես ասացիք. ում մոտ գտնվի սկիհը, թող նա դառնա իմ ծառան, իսկ մնացածներդ անպարտ եք»։ 11Եվ նրանցից յուրաքանչյուրը, շտապ իջեցնելով իր բեռը, բացեց իր պարկը։ 12Վերակացուն ավագից սկսած մինչև կրտսերը խուզարկեց և սկիհը գտավ Բենիամինի պարկի մեջ։ 13Եղբայրները պատառոտեցին իրենց հագուստները և յուրաքանչյուրն իր բեռը բարձելով իր էշի վրա՝ վերադարձան քաղաք։ 14Հուդան ու իր եղբայրները ներկայացան Հովսեփին, երբ նա դեռ տանն էր, և նրա առաջ ընկան գետնին։ 15Հովսեփը նրանց ասաց. «Այս ի՞նչ է ձեր արածը, մի՞թե չգիտեք, որ այնպիսի մի մարդ, ինչպիսին ես եմ, գուշակելու կարողություն ունի»։ 16Հուդան ասաց. «Ի՞նչ պատասխան տանք մեր տիրոջը, ի՞նչ ասենք կամ ինչպե՞ս արդարանանք։ Աստված հայտնեց քո ծառաների հանցանքը։ Արդ, մեր տիրոջ ծառաներն ենք և՛ մենք, և՛ նա, ում մոտ որ գտնվեց սկիհը»։ 17Իսկ Հովսեփն ասաց. «Քա՛վ լիցի, ես այդպիսի բան չեմ անի։ Այն մարդը, որի մոտ գտնվել է սկիհը, նա՛ թող լինի իմ ծառան, իսկ դուք հանգիստ գնացե՛ք ձեր հոր մոտ»։ 18Հուդան, մոտենալով նրան, ասաց. «Աղաչում եմ, տե՛ր, թո՛ւյլ տուր, որ քո ծառան խոսի քո առաջ։ Մի՛ բարկացիր քո ծառայի վրա, որովհետև փարավոնից հետո դո՛ւ ես։ 19Դու, տե՛ր, հարցրիր քո ծառաներին և ասացիր՝ “Հայր կամ եղբայր ունե՞ք”։ 20Եվ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. “Ունենք տարիքն առած հայր և մի կրտսեր եղբայր, որին նա ունեցել է ծեր տարիքում։ Նրա եղբայրը մեռավ, և միայն նա մնաց իր մոր որդին, և հայրը սիրում է նրան”։ 21Դու քո ծառաներին ասացիր. “Նրան բերե՛ք ինձ մոտ, և ես հոգ կտանեմ նրան”։ 22Մենք ասացինք մեր տիրոջը. “Տղան չի կարող բաժանվել իր հորից, որովհետև եթե բաժանվի իր հորից, հայրը կմեռնի”։ 23Դու ասացիր քո ծառաներին. “Եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնի, չհամարձակվեք երևալ իմ աչքին”։ 24Երբ մենք գնացինք քո ծառայի՝ մեր հոր մոտ, հայտնեցինք նրան մեր տիրոջ խոսքերը։ 25Որոշ ժամանակ անց մեր հայրն ասաց. “Նորի՛ց գնացեք և մի քիչ պարե՛ն գնեք”։ 26Մենք ասացինք. “Չենք կարող այնտեղ իջնել։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ իջնի, ապա կիջնենք։ Որովհետև չենք կարող այդ մարդուն ներկայանալ, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ չիջնի”։ 27Եվ քո ծառան՝ մեր հայրը, մեզ ասաց. “Դուք լավ գիտեք, որ իմ կինը ինձ համար երկու որդի ծնեց։ 28Մեկն իմ մոտից գնաց, և ասացիք, թե նա գազանի բաժին դարձավ։ Նրան այլևս չեմ տեսել մինչև հիմա։ 29Արդ, եթե սրան էլ տանեք իմ մոտից, և ճանապարհին նրան մի փորձանք պատահի, ապա դուք ինձ այս ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնեք”։ 30Արդ, եթե մենք գնանք քո ծառայի՝ մեր հոր մոտ, և պատանին, որի կյանքից կախված է մեր հոր կյանքը, մեզ հետ չլինի, 31և տեսնի, որ տղան մեզ հետ չէ, կմեռնի, որով մենք՝ քո ծառաները, մեր հորը՝ քո ծառային, ծեր հասակում վշտահար գերեզման կիջեցնենք։ 32Եվ քանի որ ես՝ քո ծառան, երաշխավոր եմ եղել այդ տղային իր հորից ստանալու համար՝ ասելով. “Եթե նրան չվերադարձնեմ ու չկանգնեցնեմ քո առաջ, ապա իմ ամբողջ կյանքում թող հանցավոր լինեմ հորս առաջ”, 33արդ, այս տղայի փոխարեն թող ես՝ քո ծառան, լինեմ իմ տիրոջ ծառան, իսկ պատանին թող գնա իր եղբայրների հետ։ 34Որովհետև ինչպե՞ս կարող եմ իմ հորը ներկայանալ, եթե այս պատանին մեզ հետ չլինի։ Թող ես չտեսնեմ այն դժբախտությունը, որ հորս է վիճակվելու»։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 44: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in