YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 45

45
Հովսեփը հայտնում է իրեն
1Հովսեփը չկարողացավ իրեն զսպել իր շուրջը գտնվողների ներկայությամբ և ասաց. «Բոլորին դո՛ւրս հանեք իմ առջևից»։ Այդպիսով ոչ ոք չկար նրա կողքին այն պահին, երբ պիտի հայտնի դարձներ իրեն իր եղբայրներին։ 2Նա այնպես բարձրաձայն լաց եղավ, որ եգիպտացիները լսեցին, և եղելությունը հայտնի դարձավ փարավոնի պալատում։ 3Ապա Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ։ Իրապե՞ս դեռ կենդանի է իմ հայրը»։ Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետև ցնցված էին։ 4Հովսեփն ասաց եղբայրներին. «Մոտեցե՛ք ինձ»։ Եվ նրանք մոտ գնացին։ Հովսեփն ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք Եգիպտոս։ 5Բայց դուք մի՛ տրտմեք, մի՛ նեղվեք, որ ինձ վաճառել եք, որովհետև Աստված փրկության համար է ինձ այստեղ ուղարկել ձեզնից առաջ։ 6Որովհետև երկրի վրա սովի երկրորդ տարին է այս, և հինգ տարի ևս կա, որ ո՛չ վար է լինելու, և ո՛չ հունձ։ 7Աստված է ձեզնից առաջ ինձ ուղարկել այստեղ, որպեսզի ձեզ սերունդ թողնվի երկրի վրա, և կերակրվեն ձեր մեծաթիվ մնացորդները։ 8Արդ, ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի խորհրդական, նրա ողջ տան խնամակալ և եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ։ 9Արդ, շտապ գնացե՛ք իմ հոր մոտ և ասե՛ք նրան. “Այսպես է ասում Հովսեփը՝ քո որդին. Աստված ինձ եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ է դարձրել։ Արդ, արի՛, իջի՛ր ինձ մոտ և մի՛ դանդաղիր։ 10Դու կբնակվես Արաբիայի Գեսեմ երկրում և ինձ մոտ կլինես դու, քո որդիները, քո որդիների որդիները՝ քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցվածքով։ 11Ես պարենով կապահովեմ քեզ այնտեղ, որովհետև դեռ հինգ տարի ևս սով է լինելու, որպեսզի չկոտորվեք դու, քո որդիները, և չոչնչանա քո ամբողջ ունեցվածքը”։ 12Ահա դուք և Բենիամինը ձեր սեփական աչքերով տեսնում եք, որ ես անձամբ խոսում եմ ձեզ հետ։ 13Իմ հորը պատմե՛ք այն փառքի մասին, որ ունեմ Եգիպտոսում, նաև այն մասին, ինչ տեսել եք։ Իմ հորը շտապ բերե՛ք այստեղ»։ 14Եվ նա ընկավ իր եղբոր՝ Բենիամինի պարանոցին ու լաց եղավ. Բենիամինն էլ լաց եղավ՝ նրա պարանոցին փաթաթված։ 15Հովսեփը համբուրեց նաև իր բոլոր եղբայրներին և նրանց գրկած՝ լաց եղավ։ Դրանից հետո միայն իր եղբայրները խոսեցին նրա հետ։
16Լուրը տարածվեց փարավոնի պալատում. ասացին. «Հովսեփի եղբայրներն են եկել»։ Ուրախացան փարավոնն ու նրա պաշտոնյաները։ 17Փարավոնը Հովսեփին ասաց. «Քո եղբայրներին ասա՛. “Այսպե՛ս արեք. լցրե՛ք ձեր պարկերը, գնացե՛ք քանանացիների երկիրը 18և վերցնելով ձեր հորն ու ձեր ունեցվածքը՝ եկե՛ք ինձ մոտ։ Ես ձեզ կտամ Եգիպտոսի բոլոր բարիքներից, և դուք կվայելեք երկրի սերուցքը”։ 19Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։ 20Մի՛ ափսոսացեք այն ամենի համար, որ պիտի թողնեք այնտեղ, որովհետև եգիպտացիների երկրի բարիքները ձերն են լինելու”»։ 21Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։ Հովսեփը փարավոն արքայի կարգադրության համաձայն նրանց սայլեր ու ճանապարհի պաշար տվեց։ 22Նա բոլորին երկուական պատմուճան տվեց, իսկ Բենիամինին տվեց երեք հարյուր դահեկան և հինգ պատմուճան՝ փոխնիփոխ հագնելու։ 23Իր հոր համար ևս ուղարկեց նույնպիսի նվերներ և Եգիպտոսի բոլոր բարիքներով բեռնված տասը էշ, ինչպես նաև պարենով բեռնավորված տասը ջորի՝ իբրև ճանապարհի պաշար հոր համար։ 24Նա ճանապարհեց իր եղբայրներին, և սրանք գնացին։ Նա նրանց ասաց. «Ճանապարհին չվիճեք»։ 25Նրանք Եգիպտոսից ելան ու գնացին քանանացիների երկիրը՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ։ 26Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։ 27Նրանք իրենց հորը հաղորդեցին այն ամենը, ինչ ասել էր Հովսեփը։ Եվ երբ տեսավ այն սայլերը, որ Հովսեփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, Հակոբի՝ նրանց հոր հոգին վերակենդանացավ։ 28Եվ Իսրայելն ասաց. «Հրաշալի է, եթե իրապես իմ որդի Հովսեփը դեռ կենդանի է։ Գնամ տեսնեմ նրան, քանի դեռ ողջ եմ»։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 45: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in