YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 48

48
Հակոբն օրհնում է Եփրեմին ու Մանասեին
1Որոշ ժամանակ անց Հովսեփին հայտնեցին. «Քո հայրը՝ Հակոբը, հիվանդ է»։ Հովսեփը, վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին, եկավ Հակոբի մոտ։ 2Երբ Հակոբին ասացին՝ «Ահա քո որդի Հովսեփը գալիս է քեզ մոտ», Իսրայելն ուժ առավ, նստեց անկողնում 3և Հովսեփին ասաց. «Իմ Աստվածն ինձ երևաց Լուզում՝ քանանացիների երկրում, օրհնեց ինձ 4ու ասաց. “Ահա ես կաճեցնեմ ու կբազմացնեմ քեզ և բազում ազգերի նախահայր կդարձնեմ։ Այս երկիրը քեզ կտամ՝ իբրև հավիտենական ժառանգություն”։ 5Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։ 6Իսկ մյուս զավակները, որոնց ծնունդ կտաս սրանցից հետո, թող քոնը լինեն։ Նրանք թող իրենց եղբայրների անունով կոչվեն և բաժին ստանան նրանց ժառանգությունից։ 7Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից և մոտեցել էի Եփրաթային, որը Բեթղեհեմն է, քանանացիների երկրում մեռավ քո մայրը՝ Ռաքելը, և ես նրան թաղեցի Եփրաթայի ճանապարհին»։
8Երբ Իսրայելը տեսավ Հովսեփի որդիներին, հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։ 9Հովսեփը պատասխանեց հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Հակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մոտ, որ օրհնեմ նրանց»։ 10Իսրայելի աչքերը ծերության պատճառով տկարացել էին. նա լավ չէր տեսնում։ Հովսեփը նրանց մոտ բերեց, Հակոբը համբուրեց նրանց ու գրկեց։ 11Իսրայելն ասաց Հովսեփին. «Ահա ոչ միայն գտա քեզ, այլև Աստված ինձ ցույց տվեց քո զավակներին»։ 12Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։ 13Ապա Հովսեփը, բռնելով իր երկու որդիներին՝ Եփրեմին իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայելի ձախ կողմում, և Մանասեին՝ իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայելի աջ կողմում, մոտեցրեց նրան։ 14Իսրայելը, մեկնելով իր աջ ձեռքը, դրեց Եփրեմի գլխին, բայց նա կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասեի գլխին, և փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասեն էր անդրանիկը։ 15Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր, 16Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։ 17Հովսեփը, տեսնելով, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, տրտմեց։ Բռնեց հոր աջը, որ Եփրեմի գլխից տանի Մանասեի գլուխը՝ 18ասելով իր հորը. «Ո՛չ այդպես, հա՛յր, սա է անդրանիկը։ Քո աջը դիր սրա՛ գլխին»։ 19Նրա հայրը այդ չկամեցավ, այլ ասաց. «Գիտեմ, որդյա՛կ, գիտեմ։ Սա նույնպես ժողովուրդ կդառնա և կփառավորվի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կլինի, և նրա սերունդը մեծ ազգ կլինի»։ 20Հակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայելի որդիները ձեզանով թող օրհնեն միմյանց՝ ասելով. “Աստված թող քեզ անի այն, ինչ արեց Եփրեմին ու Մանասեին”»։ Եվ Եփրեմին ավելի առաջ դասեց, քան Մանասեին։ 21Իսրայելը Հովսեփին ասաց. «Ահա ես մեռնում եմ։ Աստված թող ձեզ հետ լինի և ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը։ 22Եվ ես քեզ եմ տալիս Սյուքեմը, որ ամորհացիներից իմ սրով ու աղեղով գրավել եմ, քո եղբայրներից մի բաժին ավելի»։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 48: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in