ՂԵՎՏԱԿԱՆ 13
13
Բորոտության մասին օրենքներ
1Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին.
2«Եթե որևէ մեկի մարմնի մաշկի վրա սպի, պալար, բշտիկ և կամ բորոտության վերք երևա, թող գա Ահարոն քահանայի կամ նրա քահանա որդիներից մեկի մոտ։ 3Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վերքը։ Եթե վերքի մազերը սպիտակել են, և վերքն ավելի խորն է երևում, քան մարմնի մաշկը, ուրեմն դա բորոտության վերք է։ Քահանան պետք է զննի և նրան անմաքուր համարի։ 4Եթե նրա մարմնի մաշկի վրայի բշտիկն սպիտակ է, բայց մաշկից խորը չի երևում, ու մազն էլ չի սպիտակել, այլ մուգ է, ապա քահանան ախտակրին յոթ օր պետք է մեկուսացնի։ 5Քահանան յոթերորդ օրը պետք է զննի նրան, և եթե վերքը նույն վիճակում է մնացել, մաշկի վրա չի տարածվել, ապա քահանան նրան պետք է մեկուսացնի ևս յոթ օր։ 6Քահանան յոթերորդ օրը պետք է մի անգամ ևս զննի, և եթե վերքը մուգ լինի և մաշկի վրա այլ գույնի չի փոխվել, նրան պետք է մաքուր համարի, որովհետև դա անվնաս նշան է։ Նա թող լվանա իր զգեստները և մաքուր համարվի։ 7Իսկ եթե քահանայի զննելուց և մաքուր համարելուց հետո վերքը տարածվի մաշկի վրա, նա պետք է վերստին գա քահանայի մոտ։ 8Քահանան թող զննի, եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան պետք է անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։ 9Եթե մեկի վրա բորոտության վերք երևա, պետք է գա Ահարոն քահանայի մոտ։ 10Քահանան պետք է զննի։ Եթե մաշկի վրա սպիտակ պալար լինի, և մազը սպիտակել է, բայց պալարի մեջ մարմինն առողջ է, 11դա հին բորոտություն է նրա մարմնի մաշկի վրա։ Քահանան պետք է նրան անմաքուր համարի և մեկուսացնի նրան, որովհետև անմաքուր է։ 12Եթե բորոտությունը գնալով տարածվի նրա մաշկի վրա, և սպիտակությունը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչև ոտքերը, ինչքան որ, անշուշտ, քահանան կարող է զննել, 13և քահանան տեսնի, որ սպիտակությունը տարածվել է մարմնի ամբողջ մաշկի վրա, ապա մաքուր թող համարի հիվանդին, որովհետև նրա մարմինն ամբողջությամբ սպիտակել է։ Եվ նա մաքուր է։ 14Այն օրը, երբ այդ մարդու մաշկի վրա զգայուն վերք նկատվի, նա թող անմաքուր համարվի։ 15Քահանան, տեսնելով մաշկի վրայի զգայուն վերքը, թող նրա ամբողջ մարմինը անմաքուր համարի, որովհետև դա բորոտություն է։ 16Եթե մաշկի զգայուն վերքը դարձյալ անցնի և սպիտակի, հիվանդը պետք է գա քահանայի մոտ, 17և քահանան պետք է զննի նրան։ Եթե նրա վերքը դարձյալ սպիտակել է, քահանան հիվանդին թող մաքուր հայտարարի, որովհետև նա մաքուր է։
18Եթե մեկն իր մարմնի մաշկի վրա խոց ունենա, և դա լավանա, 19բայց խոցի տեղը սպիտակ-փայլուն, լուսնասպիտակ կամ կարմրավուն լինի, նա պետք է այն ցույց տա քահանային։ 20Քահանան պետք է զննի նրան։ Եթե այն ավելի խորն է, քան մաշկը, և այդ մասի մազերն էլ սպիտակել են, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, որովհետև խոցով արտահայտված բորոտություն է։ 21Եթե քահանան տեսնի, որ մազերը սպիտակ չեն, և խոցն էլ մարմնի մաշկից խորը չէ և մուգ է, ապա քահանան հիվանդին յոթ օր թող մեկուսացնի։ 22Եվ եթե այն տարածվի մաշկի վրա, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա բորոտության վերք է՝ խոցով բորբոքված։ 23Իսկ եթե փայլունը նույն տեղում մնա և չտարածվի, ապա դա խոցի սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։
24Եթե մարմնի մաշկը կրակով այրված լինի, նրա մաշկն այրվածքից ապաքինվի, իսկ այրվածքի տեղում փայլուն սպիտակ, կարմրավուն կամ լուսնասպիտակ բշտիկ առաջանա, 25քահանան թող քննի նրան. եթե փայլունացած տեղում մազը սպիտակ է դարձել, և այն ավելի խորն է, քան մաշկը, ուրեմն նրան անմաքուր թող համարի, որովհետև դա բորոտության վերք է։ 26Իսկ եթե քահանան տեսնի, որ փայլունացած տեղում սպիտակ մազ չկա, և այն մաշկից խորը չէ, իսկ գույնը մուգ է, ապա քահանան նրան յոթ օր թող մեկուսացնի։ 27Յոթերորդ օրը քահանան թող զննի նրան. եթե վերքը տարածվել է մաշկի վրա, նրան թող անմաքուր համարի, որովհետև դա խոցով արտահայտված բորոտության վերք է։ 28Եվ եթե փայլունացած մասը նույն տեղում մնա՝ չտարածվի մաշկի վրա, և գույնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրվածքի սպի է։ Քահանան մաքուր թող համարի նրան, որովհետև դա այրվածքի հետք է միայն։
29Եթե տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրա բորոտության վերք լինի, 30քահանան թող զննի այն, և եթե վերքն ավելի խորն է, քան մաշկը, և դրա վրայի մազը վերածվել է խարտյաշ աղվամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ այդ գոնջությունը գլխի բորոտություն է, կամ կզակի բորոտություն։ 31Եթե քահանան տեսնի, որ գոնջության վերքն ավելի խորը չէ, քան մաշկը, և ոչ էլ մազն է խարտյաշ դարձել, ապա գոնջացածին թող մեկուսացնի յոթ օր։ 32Քահանան յոթերորդ օրը թող զննի գոնջության վերքը և տեսնելով, որ այն չի տարածվել մաշկի վրա, մազը խարտյաշ չի դարձրել, ոչ էլ գոնջացած մասն է ավելի խորը, քան մաշկը, 33թող մաշկը սափրի, սակայն գոնջացած մասը թող չսափրի։ Քահանան հիվանդին թող մեկուսացնի ևս յոթ օր։ 34Քահանան յոթերորդ օրը վերքը թող զննի և տեսնելով, որ սափրելուց հետո վերքը մաշկի վրա չի տարածվել, և գոնջացած մասն ավելի խորը չէ, քան մաշկը, նրան մաքուր թող համարի, և իր զգեստները լվանալով՝ մաքուր թող համարվի։ 35Բայց եթե սափրելուց հետո վերքը տարածվի մաշկի վրա, 36և քահանան տեսնի, որ գոնջությունը տարածվել է մաշկի վրա, թող այլևս խարտյաշ մազերին չնայի, քանի որ հիվանդն անմաքուր է։ 37Իսկ եթե գոնջությունը նույն տեղում մնա, և թուխ մազ բուսած լինի, ուրեմն գոնջությունը բուժվել է։ Քահանան թող մաքուր համարի նրան։
38Եթե տղամարդու կամ կնոջ մարմնի մաշկի վրա լուսնասպիտակ պսպղուն փայլ լինի, 39և քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրա լուսնասպիտակ փայլ կա, դա մարմնի մաշկի վրա տարածված թեփուկ է, ուրեմն նա մաքուր է։
40Եթե որևէ մեկի գլխի մազերը թափվեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է։ 41Եթե նրա գլխի առջևի մասի մազերը թափվեն, ուրեմն նա ճաղատ է և մաքուր է։ 42Եթե նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրա սպիտակ կամ կարմրավուն վերք լինի, ապա նրա հերաթափության կամ ճաղատության տակ բորոտություն է թաքնված։ 43Երբ քահանան զննի նրան և տեսնի, որ ճաղատացած մասի վերքի տեսքը սպիտակ է կամ կարմրավուն, նման մարմնի մաշկի վրայի բորոտության, 44նա բորոտ է, անմաքուր է։ Քահանան անմաքուր պետք է համարի նրան, քանի որ վերքը նրա գլխի վրա է։ 45Եվ բորոտը, որի վրա վերք կա, պետք է պատռված զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկված, և նա անմաքուր պետք է համարվի։ 46Քանի դեռ վերքը նրա վրա է, նա անմաքուր պետք է համարվի։ Իբրև անմաքուր՝ նա պետք է մեկուսացած մնա և բանակատեղիից դուրս բնակվի»։
47«Եթե հագուստի վրա բորոտության բիծ լինի, լինի այն բրդե կամ քաթանե հագուստ, 48լինի գործվածք թե կարվածք, լինի քաթանից թե բրդից գործված, կաշվի վրա կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, 49եթե այդ բիծը կանաչած կամ կարմրավուն լինի, կաշվի կամ հագուստի, գործվածքի կամ կարվածքի, մշակված կաշվից պատրաստված ցանկացած իրի վրա, դա բորոտության բիծ է, և պետք է ցույց տրվի քահանային։ 50Քահանան պետք է զննի բիծը և յոթ օր մեկուսացնի այն։ 51Քահանան յոթերորդ օրը պետք է զննի բիծը։ Եթե այն տարածվել է հագուստի, գործվածքի կամ կարվածքի, քաթանե կամ բրդե, կաշվի կամ մշակված կաշվից պատրաստված իրի վրա, այդ բիծը մնայուն բորոտություն է։ Դա անմաքուր է։ 52Քահանան պետք է այրի այդ հագուստները, դրանք լինեն գործվածք թե կարվածք, բրդից թե քաթանից կամ ամեն տեսակ կաշվե առարկաներ, որոնց վրա կա բիծը, քանի որ դա մնայուն բորոտություն է, կրակով պետք է այրվի։ 53Եթե քահանան տեսնի, որ բիծը չի տարածվել հագուստի վրա, դա լինի գործվածք թե կարվածք, բրդից կամ քաթանից կամ ամեն տեսակ կաշվե իր, 54թող քահանան հրամայի, որ լվանան այն, որի վրա կա այդ բիծը։ Այնուհետև քահանան այն թող մեկուսացնի ևս յոթ օր։ 55Քահանան թող զննի բիծը լվանալուց հետո։ Եթե բծի տեսքը դեպի լավը չի փոխվել, թեև այն տարածված էլ չլինի, պիղծ է, թող կրակով այրվի, քանզի բույն է դրել հագուստի՝ գործվածքի կամ կարվածքի վրա։ 56Իսկ եթե քահանան տեսնի, որ բիծը լվացվելուց հետո թխագույն է դարձել, ապա այդ մասը թող կտրի-անջատի հագուստից, կաշվե առարկայից, գործվածքից և կարվածքից։ 57Եթե բիծը նորից երևա հագուստի, գործվածքի կամ կարվածքի, կամ ամեն տեսակ կաշվե առարկայի վրա, դա բորբոքված բորոտություն է. ախտով վարակվածը կրակով թող այրվի։ 58Հագուստ, գործվածք կամ կարվածք կամ ամեն տեսակ կաշվե առարկա, որի վրայից բիծը լվացվելուց հետո կանհայտանա, թող մի անգամ ևս լվացվի, ապա մաքուր համարվի։ 59Ահա այս թող լինի բրդե, քաթանե հագուստի, գործվածքի կամ կարվածքի և ամեն տեսակ կաշվե առարկայի վրա երևացող բորոտության բծի մաքուր կամ անմաքուր համարվելու մասին օրենքը»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 13: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն