YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 16

16
Մեղքերի քավության օրը
1Տերը խոսեց Մովսեսի հետ անվավեր կրակ մատուցելու պատճառով Ահարոնի որդիների մեռնելուց հետո։ 2Եվ Տերը ասաց Մովսեսին. «Խոսի՛ր քո եղբայր Ահարոնի հետ, որ ամեն վայրկյան չմտնեն սրբարան՝ վարագույրից այն կողմ, Քավության առջև, որը ծածկում է Ուխտի տապանակը, որպեսզի չմեռնեն. որովհետև ես Քավության վրա՝ ամպի մեջ եմ երևալու։ 3Ահա թե Ահարոնն ինչպես կարող է մտնել սրբարան. նա մեղքի զոհի համար նախրից մի զվարակ և ողջակեզի համար մի խոյ թող բերի։ 4Նա թող հագնի քաթանե սրբագործված շապիկը, մարմնի վրա՝ քաթանե անդրավարտիքը, մեջքին կապի քաթանե գոտին, գլխին դնի քաթանե ապարոշ, որովհետև դրանք սուրբ հանդերձանք են։ Իր ամբողջ մարմինը թող լվա ջրով և թող հագնի դրանք։ 5Իսրայելի որդիների համայնքից էլ նա մեղքի զոհի համար երկու արու այծ թող վերցնի և ողջակեզի համար՝ մեկ խոյ։ 6Ահարոնը իր մեղքի զոհ զվարակը թող զոհաբերի և դրանով քավի իր ու իր ընտանիքի մեղքերը։ 7Նա թող վերցնի երկու այծերը, դրանք կանգնեցնի Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դռանը։ 8Ահարոնը երկու այծերի համար թող վիճակ գցի. մեկը՝ Տիրոջ համար, մյուսը՝ արձակելու [𝕸 Ազազել]#Ազազելը սատանայի անուն է, որը, ըստ հին հրեական և քանանական հավատալիքների, ապրում էր անապատում։ Քահանայապետն իր ձեռքերը դնում էր արձակման այծի գլխին, խոստովանում ժողովրդի մեղքերը և ապա առաքում անապատ, ուր իշխում էր Ազազելը։ համար։ 9Ահարոնը թող մատուցի այն այծը, 10որի վրա ընկել էր արձակելու վիճակը։ Թող կենդանի կանգնեցնի Տիրոջ առջև, որպեսզի նրանով քավություն անի՝ առաքելով նրան արձակման ու բաց թողնելով դեպի անապատ։ Եվ թող այծն իր հետ նրանց անօրենություններն անապատ տանի։
11Ապա Ահարոնը թող մատուցի իր մեղքի զոհի համար ընտրված զվարակը և թող քավություն տա իր և իր ընտանիքի մեղքերին։ Նա իր մեղքերի քավության համար թող մորթի զվարակը։ 12Նա թող առնի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանից վերցված վառված ածուխներով լի բուրվառը, իր բուռը լցնի մանր աղացած խունկ և տանի վարագույրից ներս։ 13Նա խունկը թող լցնի կրակի վրա՝ Տիրոջ առաջ։ Խնկի ծուխը թող ծածկի Ուխտի տապանակի վրա գտնվող Քավությունը։ Եվ չի մեռնի։ 14Նա թող վերցնի զվարակի արյունից և իր մատով Քավության վրա ցանի արևելյան կողմից։ Քավության առջև այդ արյունից իր մատով թող ցանի յոթ անգամ։ 15Տիրոջ առաջ նա թող մորթի ժողովրդի մեղքերի քավության այծը և դրա արյունից թող տանի վարագույրից ներս ու ցանի այնպես, ինչպես զվարակի արյունը։ Նա թող այդ արյունից ցանի Քավության վրա՝ Քավության առջև։ 16Նա այդ կերպ սրբարանը թող մաքրի Իսրայելի որդիների պղծություններից, նրանց կատարած անիրավություններից և նրանց բոլոր մեղքերից։ Նույն կերպ թող վարվի Վկայության խորանի հետ, որ կանգնեցված է բանակատեղիում՝ նրանց անմաքրություններով շրջապատված։ 17Ոչ ոք չպետք է լինի Վկայության խորանում, երբ Ահարոնը մտնի և քավություն անի սրբարանում, մինչև որ դուրս գա և քավություն անի իր, իր ընտանիքի և Իսրայելի ամբողջ ժողովրդի համար։ 18Այնուհետև նա թող գնա դեպի Տիրոջ առաջ գտնվող զոհասեղանը և քավության ծես կատարի դրա մաքրման համար։ Նա թող առնի զվարակի արյունից ու այծի արյունից և շուրջանակի քսի զոհասեղանի եղջյուրներին։ 19Նա այդ արյունից իր մատով յոթ անգամ թող ցանի դրա վրա և Իսրայելի որդիների պղծությունից թող մաքրի այն ու սրբացնի։
20Նա այսպիսով թող ավարտի սրբարանի, Վկայության խորանի ու զոհասեղանի սրբագործումը։ Նա թող սրբագործի նաև քահանաներին։ Նա թող մոտ բերի կենդանի այծին։ 21Ահարոնն իր ձեռքերը թող դնի կենդանի այծի գլխին և նրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր անարդարություններն ու նրանց բոլոր մեղքերը և այդ ամենը թող դնի կենդանի նոխազի գլխին և նշանակված մի մարդու առաջնորդությամբ այն արձակի դեպի անապատ։ 22Նոխազը, իր վրա վերցնելով նրանց անիրավությունները, իր հետ պիտի տանի մի անկոխ վայր. նոխազին պիտի արձակի դեպի անապատ։ 23Ահարոնն այնուհետև պիտի մտնի Վկայության խորանը, պիտի հանի քաթանե հանդերձը, որը հագել էր սրբարան մտնելու ժամանակ, և այն պիտի թողնի այնտեղ։ 24Նա սուրբ վայրում իր մարմինը թող լվա ջրով, հագնի իր պատմուճանը և դուրս գալով զոհաբերի իր ողջակեզն ու ժողովրդի ողջակեզը, որով նա քաված պիտի լինի իր, իր ընտանիքի և ժողովրդի, ինչպես նաև քահանաների գործած մեղքերը։ 25Մեղքերի քավության համար զոհաբերվող կենդանիների ճարպը թող դնի զոհասեղանին։
26Արձակման այծին առաջնորդողը վերադառնալով թող լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։
27Մեղքերի զվարակն ու մեղքերի այծը, որոնց արյունը քավություն անելու համար բերված էր սրբարան, պետք է հանեն բանակատեղիից դուրս և դրանք այրեն հրով՝ նրանց կաշիները, նրանց միսն ու նրանց թափոնը։ 28Դրանք այրողը այնուհետև պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով և ապա մտնի բանակատեղի։
29Սա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի. յոթերորդ ամսվա տասներորդ օրը զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը. այդ օրը ոչ մի գործ չպետք է անեք։ Դա վերաբերում է և՛ տեղաբնակ իսրայելացուն, և՛ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտին։ 30Այդ օրը ձեզ համար քավության օր պիտի լինի, որպեսզի Տիրոջ առաջ մաքրվեք ձեր բոլոր մեղքերից ու սրբվեք, 31որովհետև դա շաբաթների շաբաթն է։ Սա ձեզ համար պիտի լինի հանգստյան օր, և դուք զրկանքի պիտի ենթարկեք ձեր անձերը։ Դա թող հավիտենական օրենք լինի։ 32Եվ այսպես շարունակ. այն քահանան, որն օծվել է և իր հորից հետո քահանայագործելու իրավունք ստացել, թող անի քավությունը։ Նա թող հագնի քաթանե հանդերձը՝ սուրբ հանդերձը, 33սրբագործի սրբարանը, Վկայության խորանն ու զոհասեղանը, քավություն անի քահանաներին և ամբողջ ժողովրդին։ 34Իսրայելի որդիների բոլոր մեղքերի քավության համար սա թող հավիտենական օրենք լինի ձեզ և տարին մեկ անգամ թող կատարվի, ինչպես Տերը հրամայեց Մովսեսին»։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 16: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in