YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 23

23
ԻՍՐԱՅԵԼԻ ՏՈՆԵՐԸ
(23.1–25.17)
(Թվ. 28.16–29.39)
1Տերն ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջը նվիրված այն տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, դրանք են իմ տոները. 3Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը թող շաբաթ՝ հանգստյան օր լինի և սուրբ համարվի՝ Տիրոջը նվիրված։ Այդ օրը ոչ մի աշխատանք չկատարեք, որովհետև այն Տիրոջը նվիրված շաբաթ է, որտեղ էլ բնակվելու լինեք։ 4Տիրոջը նվիրված տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, և որոնք պիտի նշեք իրենց ժամանակին, սրանք են.
Զատկի և Բաղարջակերաց տոները
(Թվ. 28.16-25)
5Առաջին ամսի տասնչորսերորդ օրվա երեկոյան Տիրոջ զատիկն է։
6Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նվիրված Բաղարջակերաց տոնն է. յոթ օր բաղարջ հաց պիտի ուտեք։ 7Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք։ Առտնին ոչ մի գործ չպիտի անեք։ 8Յոթ օր ողջակեզներ պիտի մատուցեք Տիրոջը, իսկ յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Առտնին ոչ մի գործ չպիտի անեք”»։
9Տերն ասաց Մովսեսին. 10«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։ 11Նա խուրձը պետք է բերի Տիրոջ առջև՝ որպես ընդունելի ընծա ձեզանից. քահանան այն պետք է բարձրացնելով ընծայաբերի առաջին օրվա հաջորդ օրը։ 12Խուրձը ընծայաբերելու օրը նաև արատ չունեցող մեկ տարեկան ոչխար պետք է ողջակեզ անել Տիրոջ համար։ 13Նաև յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ պիտի մատուցեք որպես ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես նաև իբրև նվեր՝#Հուն. սպոնդի. հին ժամանակների մի կրոնական ծես, որի ընթացքում գինի կամ ձիթայուղ էին հեղում գետնին հատուկ սափորից։ մեկ քառորդ դորակ գինի։ 14Մինչև այն օրը, երբ այդ ընծաները ձեր Աստծուն կմատուցեք, նոր բերքից հաց կամ բոված ցորեն չուտեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելու լինեք։
Պենտեկոստեի և առաջին բերքի տոները
(Թվ. 28.26-31, Բ Օր. 16.9-12)
15Հաշվե՛ք խուրձի նվեր մատուցելու շաբաթ օրվա հաջորդ օրվանից յոթ ամբողջ շաբաթ, 16մինչև վերջին շաբաթվա հաջորդ օրն անում է հիսուն օր։ Այդ օրն էլ Տիրոջը նոր զո՛հ մատուցեք։ 17Ձեր տներից ընծայաբերեք ձեր հացի նվերը՝ առաջին բերքից թթխմորով եփված երկու հաց, յուրաքանչյուր հացը՝ երկու տասներորդական հունցված նաշիհից։ 18Հացերի հետ պիտի մատուցեք արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ, նախրից՝ մեկ զվարակ և արատ չունեցող երկու խոյ։ Դրանք ողջակեզ պիտի լինեն Տիրոջը։ Անարյուն զոհերն ու գինին անուշահոտություն են Տիրոջ համար։
19Առաջին բերքի հացի հետ մատուցե՛ք մեկ նոխազ այծերից՝ իբրև մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ փրկության համար։ 20Քահանան դրանք առաջին բերքի հացերի հետ թող մատուցի Տիրոջ առջև, երկու գառների հետ թող ընծայաբերվեն Տիրոջը և պատկանեն ծիսակատար քահանային։
21Այդ օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը ձեզ համար սուրբ թող լինի. առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք։
22Եվ երբ հնձեք ձեր արտերի հունձը, կրկին չվերադառնաք չհնձվածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հավաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդուխտին թողեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Յոթերորդ ամսվա առաջին օրը
(Թվ. 29.1-6)
23Տերն ասաց Մովսեսին. 24«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստյան օր թող լինի՝ Տիրոջը նվիրաբերված մի սուրբ տոն՝ շեփորահարություններով և սուրբ հավաքներով։ 25Այդ օրն առտնին ոչ մի գործ չպիտի անեք, այլ Տիրոջը ողջակեզ պիտի մատուցեք”»։
Քավության օրը
(Թվ. 29.7-11)
26Տերն ասաց Մովսեսին. 27«Այս յոթերորդ ամսի տասներորդ օրը Քավության օր է, սուրբ հավա՛ք արեք։ Իններորդ օրվա երեկոյից սկսած ձեր անձը խոնարհեցրե՛ք և Տիրոջը ողջակեզնե՛ր մատուցեք։ 28Այդ օրն առտնին ոչ մի գործ չանեք, քանզի դա Քավության օր է ձեզ համար, որպեսզի դուք ձեր մեղքերը քավեք Տիրոջ՝ ձեր Աստծու առաջ։ 29Ով այդ օրն իրեն չխոնարհեցնի, կվերանա իր ժողովրդի միջից։ 30Ով այդ օրը գործ անի, կվերանա իր ժողովրդի միջից։ 31Առտնին ոչ մի գործ չանեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ, որտեղ էլ բնակվելիս լինեք։ 32Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրվա երեկոյից մինչև հաջորդ օրվա երեկոն խոնարհեցրե՛ք ձեզ. պահե՛ք ձեր շաբաթները»։
Տաղավարահարաց տոնը
(Թվ. 29.12-39, Բ Օր. 16.13-17)
33Տերն ասաց Մովսեսին. 34«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիվ Տիրոջը յոթ օր պիտի նշեք Տաղավարահարաց տոնը։ 35Առաջին օրը սուրբ հավա՛ք արեք, այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։ 36Յոթ օր ողջակեզնե՛ր մատուցեք Տիրոջը և յոթերորդ օրը սուրբ հավա՛ք արեք։ Ողջակե՛զ մատուցեք Տիրոջը, որովհետև դա տոնի վերջին օրն է։ Այդ օրը առտնին ոչ մի գործ չանեք։ 37Սրանք են Տիրոջ համար կատարվող տոները, որ դուք պիտի նշեք և սուրբ հավաք անեք, որպեսզի Տիրոջն ընծա մատուցեք ձեր ողջակեզները, զոհերն ու նվերները՝ ըստ օրերի, 38բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերվում են Տիրոջը շաբաթ օրերին, բացի ձեր ուխտի ընծաներից և ձեր մյուս կամավոր զոհաբերություններից, որոնք մատուցվում են Տիրոջը։ 39Յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ բերքահավաքն ավարտեք, Տիրոջ համար յոթ օր տոն պիտի կատարեք։ Առաջին և ութերորդ օրերը պիտի հանգստանաք։ 40Առաջին օրը ծառերի ընտիր պտուղներ, արմավենու ճյուղեր կվերցնեք, տերևախիտ ծառերի և ուռենիների ճյուղեր, ձորի բարդիների ճյուղեր, որպեսզի Տիրոջ առաջ յոթ օր ուրախանաք։ 41Տարվա յոթ օր որպես Տիրոջ տոն տոնեք։ Դա հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների մեջ։ Յոթերորդ ամսին կկատարեք այդ տոնը։ 42Յոթ օր վրանների մեջ կապրեք։ Իսրայելի բոլոր տեղաբնակները վրանների մեջ թող ապրեն, 43որպեսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ երբ ես Իսրայելի որդիներին հանեցի եգիպտացիների երկրից, վրանների մեջ բնակեցրի նրանց։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
44Այսպիսով Մովսեսն Իսրայելի որդիներին հայտնեց Տիրոջ տոները։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 23: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in