YouVersion Logo
Search Icon

ՂԵՎՏԱԿԱՆ 5

5
1«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։
2Եթե մեկը դիպչի անմաքուր մի բանի, ինչպես օրինակ սատկածի կամ գազանի կողմից հոշոտվածի, լինեն դրանք սողուն թե անմաքուր կենդանի, ինքն էլ կպղծվի ու մեղավոր կդառնա։ 3Կամ դիպչի մարդկային ամեն տեսակի պղծությունների, որոնց դիպչելիս մարդ պղծվում է, սակայն անգիտակից լինի իր մեղքին, և երբ գիտակցի այն, մեղավոր կլինի։
4Նա, ով խոստանա չար կամ բարի գործ կատարել և այդ խոստումը հաստատի երդմամբ, և հետո անդրադառնա, որ սխալ է, թեկուզ և չանի, միևնույն է, երկու դեպքում էլ մեղանչել է։ 5Պետք է խոստովանի իր գործած մեղքերը։
6Տիրոջ նկատմամբ կատարած իր հանցանքների ու գործած մեղքերի համար նա հոտից մի էգ գառ կամ մի էգ ուլ թող մատուցի՝ իբրև մեղքի զոհ։ Քահանան թող քավի նրա մեղքերը, և նրա մեղքերը թող ներվեն։
7Իսկ եթե կարողություն չունի ոչխարի, իր գործած մեղքերի համար երկու տատրակ կամ աղավնիների երկու ձագ թող մատուցի. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։ 8Դրանք թող բերի քահանային։ Քահանան նախ թող ներս տանի մեղքի զոհը, գլուխը ոլորելով պոկի ողնաշարից, բայց մարմնից չանջատի։ 9Նա զոհասեղանի պատին թող շաղ տա մեղքի զոհի արյունից, իսկ մնացած արյունը թող քամի զոհասեղանի խարսխին, որովհետև մեղքի զոհ է։ 10Երկրորդ թռչունը թող ողջակեզ անի, ինչպես որ կարգն է։ Այդպես քահանան քավություն կտա նրա գործած մեղքերին, և նա թողություն կստանա։
11Եթե նա ի վիճակի չէ զույգ տատրակներ կամ աղավնիների երկու ձագեր մատուցելու, իր գործած մեղքերի քավության համար թող նվիրաբերի մեկ տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև մեղքի զոհ։ Դրա վրա թող ձիթայուղ չլցնի և կնդրուկ չդնի, որովհետև մեղքի զոհ է։ 12Նա այդ թող տանի քահանային, և քահանան, դրանից մի բուռ վերցնելով իբրև հիշատակի բաժին, թող դնի Տիրոջ ողջակեզի զոհասեղանին, որովհետև մեղքի զոհ է։ 13Քահանան թող քավի նրա գործած մեղքերից յուրաքանչյուրը, և նրա մեղքը կներվի։ Մնացյալը թող պատկանի քահանային, ինչպես նաշիհի ընծան»։
Վերանորոգման զոհ
14Տերն ասաց Մովսեսին. 15«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի, 16թող հատուցի նաև սրբություններին հասցրած վնասը՝ դրան ավելացնելով արժեքի մեկ հինգերորդը, և տա քահանային։ Քահանան հանցանքի քավության խոյով թող թողություն տա նրա հանցանքին և ների նրան։
17Այն անձը, որ անգիտակցաբար վրիպի՝ կատարելով բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրաններին և մեղանչի, սակայն ընդունի իր մեղքը, 18իր հանցանքի թողության համար իր հոտից նա քահանային թող բերի մեկ արծաթ արժողությամբ արատ չունեցող մի խոյ, որով քահանան թող քավի անգիտակցաբար գործած նրա մեղքը, և թողություն տա նրան, 19որովհետև հանցանք էր գործել Տիրոջ առջև»։
20Տերն ասաց Մովսեսին. 21«Եթե մեկը մեղանչի և արհամարհի Տիրոջ պատվիրանները, ընկերոջ կողմից իրեն պահ տրված ավանդը կամ գրավը ուրանա, հափշտակի կամ որևէ վնաս հասցնի իր մերձավորին և 22կամ կորած մի բան գտնի, բայց ուրանա և սուտ երդում տա այս ամենից որևէ բանի վերաբերյալ, որոնք անում է մարդ և դրանով իսկ մեղանչում, 23երբ այսպիսի գործերով մեղանչի և հանցանքի մեջ ընկնի, նա պետք է հատուցի իր հափշտակածը կամ իր հասցրած վնասը, կամ իրեն պահ տրված ավանդը կամ կորածը, որ գտել է։ 24Այն ամենը, որոնց մասին սուտ երդում է տվել, պետք է հատուցի ամբողջությամբ, դրան ավելացրած նաև վնասի մեկ հինգերորդը։ Ումը որ լինի, թող հատուցի նույն օրը, երբ իր մեղքը հայտնի դառնա։ 25Իր գործած մեղքի համար նա Տիրոջը պետք է հոտից, իր գործած հանցանքի արժողության համաձայն, արատ չունեցող մի խոյ մատուցի։ 26Քահանան Տիրոջ առջև թող քավություն անի նրա համար նրա այն հանցանքը, որ նա գործել է, և թողություն տա նրան»։

Currently Selected:

ՂԵՎՏԱԿԱՆ 5: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in