YouVersion Logo
Search Icon

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԺԸ

Գլուխ ԺԸ
1 Զայս իբրեւ ասաց Յիսուս, ել աշակերտօքն հանդերձ յայնկոյս ձորոյն Կեդրովնի, ուր էր պարտէզ, յոր եմուտ ինքն եւ աշակերտքն իւր։ 2Գիտէր եւ Յուդա որ զնայն մատնելոց էր՝ զտեղին, զի բազում անգամ ժողովեալ էր անդր Յիսուսի աշակերտօքն հանդերձ։ 3Եւ Յուդայի առեալ ընդ իւր զգունդն, եւ ի քահանայապետիցն եւ ի փարիսեցւոց սպասաւորս, գայ անդր ջահիւք եւ լապտերօք եւ զինուք։ 4Իսկ Յիսուս իբրեւ ետես զայն ամենայն եկեալ ի վերայ նորա, ել եւ ասէ ցնոսա. Զո՞ խնդրէք։ 5Պատասխանի ետուն նմա. ԶՅիսուս Նազովրեցի։ Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ։ Կայր ընդ նոսա եւ Յուդա որ մատնէրն զնա։ 6Իբրեւ ասաց թէ՝ Ես եմ, յետս յետս չոգան եւ զարկան զգետնի։ 7Դարձեալ եհարց զնոսա. Զո՞ խնդրէք։ Եւ նոքա ասեն. ԶՅիսուս Նազովրեցի։ 8Պատասխանի ետ նոցա Յիսուս. Ասացի ձեզ թէ՝ Ես եմ. արդ եթէ զիս խնդրէք, թոյլ տուք դոցա երթալ։ 9Զի լցցի բանն զոր ասաց թէ՝ Զորս ետուրն ցիս՝ ոչ կորուսից ի նոցանէ եւ ոչ զոք։ 10Իսկ Սիմովն Պետրոս քանզի ունէր սուր, ձգեաց զնա, եհար զքահանայապետին ծառայ, եւ ի բաց առ զունկն նորա զաջոյ. եւ էր անուն ծառային Մաղքոս։ 11Ասէ Յիսուս ցՊետրոս. Արկ զսուրդ անդրէն ի պատեանս իւր. զբաժակն զոր ետ ինձ Հայր՝ ո՞չ ըմպիցեմ զնա։
12Իսկ գունդն եւ հազարապետն եւ սպասաւորք Հրէիցն կալան զՅիսուս եւ կապեցին. 13եւ ածին զնա նախ առ Աննա, որ էր աներ Կայիափայի, որ քահանայապետն էր տարւոյն այնորիկ։ 14Այս այն Կայիափա էր որ խրատն ետ Հրէից եթէ՝ Լաւ է առն միում մեռանել ի վերայ ժողովրդեանն։ 15Եւ երթային զհետ Յիսուսի Սիմովն Պետրոս եւ մեւս աշակերտն. եւ աշակերտն այն, քանզի ծանօթ էր քահանայապետին, եմուտ ընդ Յիսուսի ի գաւիթ քահանայապետին։ 16Եւ Պետրոս կայր առ դրանն արտաքոյ. ել մեւս աշակերտն որ էր ծանօթ քահանայապետին, եւ ասաց ցդռնապանն եւ եմոյծ ի ներքս զՊետրոս։ 17Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊետրոս. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց առնն այնորիկ իցես։ Եւ նա ասէ. Ոչ եմ։ 18Կային անդ ծառայքն եւ սպասաւորք խարոյկ արկեալ, քանզի ցուրտ էր, եւ ջեռնուին. կայր ընդ նոսա եւ Պետրոս եւ ջեռնոյր։ 19Եւ քահանայապետն եհարց ցՅիսուս վասն աշակերտացն եւ վասն վարդապետութեան նորա։ 20Պատասխանի ետ նմա Յիսուս. Ես յայտնապէս խօսեցայ աշխարհի. ես յամենայն ժամ ուսուցի ի ժողովրդեանն, եւ ի տաճարի անդ ուր ամենայն Հրեայք ժողովեալ էին, եւ ի ծածուկ ինչ ոչ խօսեցայ։ 21Զի՞ հարցանես զիս, հարց զայնոսիկ որ լուանն, թէ զինչ խօսեցայ ընդ նոսա. ահաւասիկ նոքա գիտեն զինչ խօսեցայ։ 22Իբրեւ նա զայն ասաց, մի ոմն ի սպասաւորացն որ անդ կայր, ած ապտակ Յիսուսի եւ ասէ. Ա՞յդպէս պատասխանի տաս քահանայապետիդ։ 23Եւ Յիսուս ասէ ցնա. Եթէ չար ինչ խօսեցայ, վկայեա վասն չարին, իսկ եթէ բարի, ընդէ՞ր հարկանես զիս։ 24Եւ առաքեաց զնա Աննա կապեալ առ Կայիափա քահանայապետ։ 25Եւ Սիմովն Պետրոս կայր անդ եւ ջեռնոյր. ասեն ցնա. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց անտի նորա իցես։ Նա ուրացաւ եւ ասէ թէ՝ Չեմ։ 26Եւ ասէ մի ոմն ի ծառայից քահանայապետին, ազգական այնորիկ զորոյ զունկն եհատ Պետրոս. Ո՞չ ես իսկ տեսի զքեզ ի պարտիզի անդ ընդ նմա։ 27Դարձեալ ուրացաւ Պետրոս, եւ վաղվաղակի հաւ խօսեցաւ։
28Եւ ածին զՅիսուս ի վանացն Կայիափայ յապարանս դատաւորին, եւ էր այգուց. եւ նոքա ոչ մտին յապարանսն, զի մի՛ պղծեսցին, այլ զի ուտիցեն զզատիկն։ 29Ել առ նոսա Պիղատոս արտաքս եւ ասէ. Զի՞նչ չարախօսութիւն մատուցանէք զառնէն զայնմանէ։ 30Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Եթէ չէր չարագործ այրն այն, ապա ոչ մատնէաք զնա քեզ։ 31Ասէ ցնոսա Պիղատոս. Առէք զնա դուք, եւ ըստ ձերոց օրինացն դատեցարուք։ Ասեն ցնա Հրեայքն. Մեզ ոչ է արժան սպանանել զոք։ 32Զի լցցի բանն Յիսուսի զոր ասաց, նշանակեալ թէ որով մահու մեռանելոց իցէ։ 33Եմուտ միւսանգամ յապարանսն Պիղատոս, կոչեաց զՅիսուս եւ ասէ ցնա. Դո՞ւ ես թագաւորն Հրէից։ 34Պատասխանի ետ Յիսուս. Ի քէ՞ն ասես զայդ եթէ այլք ասացին քեզ զինէն։ 35Պատասխանի ետ Պիղատոս. Միթէ եւ ես Հրեա՞յ իցեմ. ազգն քո եւ քահանայապետք մատնեցին զքեզ ինձ. զի՞նչ գործ գործեալ է քո։ 36Պատասխանի ետ Յիսուս. Իմ արքայութիւն չէ յայսմ աշխարհէ. եթէ յաշխարհէ աստի էր արքայութիւնն իմ, սպասաւորքն իմ մարտնչէին արդեւք զի մի՛ մատնեցայց Հրէից, բայց արդ թագաւորութիւնն իմ չէ աստի։ 37Ասէ ցնա Պիղատոս. Ապա թէ այդպէս իցէ, թագաւո՞ր ոմն ես դու։ Պատասխանի ետ Յիսուս. Դու ասես թէ թագաւոր իցեմ. բայց ես յայդ իսկ ծնեալ եմ, եւ ի դոյն իսկ եկեալ եմ յաշխարհ, զի վկայեցից ճշմարտութեանն. ամենայն որ ի ճշմարտութենէ է՝ լսէ բարբառոյ իմոյ։ 38Ասէ ցնա Պիղատոս. Զի՞նչ է ճշմարտութիւն։ Զայս իբրեւ ասաց, դարձեալ ել առ Հրեայսն եւ ասէ ցնոսա. Ես եւ ոչ մի ինչ պատճառս գտանեմ ի նմա։ 39Բայց է ձեր սովորութիւն, զի զմի ոք արձակեցից ձեզ ի զատկիս. արդ կամի՞ք զի արձակեցից ձեզ զթագաւորն Հրէից։ 40Աղաղակեցին ամենեքեան եւ ասէին. Մի՛ զդա, այլ զԲարաբբա։ Եւ էր Բարաբբայն այն աւազակ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in