Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:16-27

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:16-27 ՆՎԱԱ

Հետո Դավիթ թագավորը գնաց, նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր Աստված, և ո՞րն է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։ Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ո՛վ Աստված, և ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տե՛ր Աստված։ Էլ ի՞նչ ավելացնի քեզ Դավիթը ծառայիդ պատվելու համար. դու ճանաչում ես քո ծառային։ Ո՛վ Տեր, այս բոլոր մեծ բաներն արեցիր քո ծառայի համար և ըստ քո սրտի, որպեսզի հայտնես այս մեծագործությունները։ Ո՛վ Տեր, քեզ նմանը չկա, և քեզնից բացի այլ Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։ Երկրի վրա կա՞ մի ազգ, որ նման լինի Իսրայելի քո ժողովրդին, որին Աստված ինքը գնաց փրկելու և նրան իր ժողովուրդը դարձնելու, որպեսզի դու մեծամեծ և զարհուրելի գործերով քեզ համար անուն հաստատես՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջևից, որին դու փրկեցիր Եգիպտոսից։ Իսրայելի քո ժողովրդին հավիտյան ժողովուրդ դարձրիր քեզ համար, և դու, ո՛վ Տեր, Աստված եղար նրանց համար։ Եվ այժմ, ո՛վ Տեր, այն խոսքը, որ դու ասել ես քո ծառայի և նրա տան մասին, թող հաստատվի հավիտյան. և արա՛, ինչպես որ ասել ես, որպեսզի քո անունը հաստատ ու մեծ լինի հավիտյան, և որպեսզի ասեն. “Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, Աստված է Իսրայելի համար”, և քո ծառայի՝ Դավթի տունը թող կանգուն մնա քո առջև, որովհետև դու, ո՛վ Աստված, քո ծառայի ականջին հայտնեցիր, թե իր համար տուն պիտի կառուցես, և դրա համար քո ծառան համարձակվեց այս աղոթքն անելու քո առջև։ Եվ հիմա, ո՛վ Տեր, դու ես Աստված, որ քո ծառայի համար խոսեցիր այս բարիքը։ Արդ, բարեհաճի՛ր օրհնել քո ծառայի տունը, որպեսզի այն հավիտյան լինի քո առաջ, որովհետև դո՛ւ օրհնեցիր, Տե՛ր, և նա օրհնյալ է հավիտյան»։