Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:1-8

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:1-8 ՆՎԱԱ

Պատահեց, որ հաջորդ տարի, այն ժամանակ, երբ թագավորները դուրս են գալիս պատերազմի, Հովաբը դուրս հանեց իր զորագնդերը, ավերակի վերածեց ամմոնացիների երկիրը և եկավ պաշարեց Ռաբբան։ Դավիթը մնում էր Երուսաղեմում։ Հովաբը գրավեց Ռաբբան և կործանեց այն։ Դավիթը նրանց թագավորի թագն առավ նրա գլխից և գտավ, որ դա մի տաղանդ ոսկու քաշ ուներ, և դրա վրա թանկարժեք քարեր կային։ Այն դրեցին Դավթի գլխին. նա խիստ շատ ավար վերցրեց այդ քաղաքից։ Նա այստեղ եղած ժողովրդին գործի դրեց սղոցներով, երկաթե ուրագներով ու կացիններով։ Դավիթն այսպես արեց ամմոնացիներին նրանց բոլոր քաղաքներում։ Ապա Դավիթը և ամբողջ զորքը վերադարձան Երուսաղեմ։ Դրանից հետո Գազերում պատերազմ եղավ փղշտացիների դեմ։ Այն ժամանակ օսացի Սոբաքը հարվածեց Ռափայի որդիներից Սեփիային և նվաճեց նրանց։ Դարձյալ պատերազմ եղավ փղշտացիների դեմ, և Հայիրի որդի Ելեանանը հարվածեց գեթացի Գողիաթի եղբորը՝ Ղեեմիին, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր։ Կրկին պատերազմ եղավ Գեթում։ Այնտեղ կար բարձրահասակ մի մարդ, որի ձեռքի և ոտքի մատները վեց-վեց լինելով՝ քսանչորսն էին։ Նա էլ էր Ռափայի սերնդից։ Սա նախատեց իսրայելացիներին, ուստի Դավթի եղբոր որդի Սամայի որդին՝ Հովնաթանը, սպանեց նրան։ Սրանք Գեթում ծնվել էին Ռափայից և ընկան Դավթի ու նրա ծառաների ձեռքով։