Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21
21
Դավիթը մարդահամար է անցկացնում
(Բ Թագ. 24.1-25)
1Սատանան կանգնեց Իսրայելի դեմ և դրդեց Դավթին, որ իսրայելացիների մարդահամարն անի։ 2Դավիթն ասաց Հովաբին և զորքի հրամանատարներին. «Գնացե՛ք իսրայելացիների մարդահամարն արե՛ք Բերսաբեեից մինչև Դան և հաշիվն ինձ մո՛տ բերեք, որ իմանամ նրանց թիվը»։ 3Հովաբն ասաց. «Տերը հարյուրապատիկ թող ավելացնի իր ժողովրդի թիվը. չէ՞ որ, տե՛ր իմ արքա, նրանք ամենքը իմ տիրոջ ծառաներն են։ Ինչո՞ւ է իմ տերը ցանկանում այդ, ինչո՞ւ այդ բանը հանցանք դառնա Իսրայելի համար»։ 4Սակայն թագավորի խոսքը սաստկացավ Հովաբի վրա, և նա գնաց, շրջեց ամբողջ Իսրայելում ու եկավ Երուսաղեմ։ 5Հովաբը Դավթին հանձնեց ժողովրդի մարդահամարի հաշիվը։ Ամբողջ Իսրայելում կար մեկ միլիոն հարյուր հազար#21.5 Եբր. հազար անգամ հազար։ սուր քաշող մարդ, իսկ Հուդայի երկրում՝ չորս հարյուր յոթանասուն հազար սուր քաշող մարդ։ 6Նա ղևտացիներին ու Բենիամինի ցեղի մարդկանց չէր մտցրել նրանց մարդահամարի մեջ, որովհետև թագավորի այդ հրամանը զզվելի էր Հովաբին։
7Այս բանը վատ երևաց Աստծու աչքին, և նա պատուհասեց Իսրայելին։ 8Դավիթն ասաց Աստծուն. «Ես շատ մեղանչեցի այս բանն անելով։ Հիմա աղաչում եմ, ների՛ր քո ծառայի հանցանքը, որովհետև մեծ հիմարություն արեցի»։
9Տերը խոսեց Դավթի տեսանողի՝ Գադի հետ և ասաց. 10«Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առջև, ընտրի՛ր դրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։ 11Գադը եկավ Դավթի մոտ և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. 12“Ընտրի՛ր քեզ համար. կա՛մ երեք տարի սով, կա՛մ երեք ամիս կոտորած քո թշնամիների առաջ, և քո թշնամիների սուրը կհասնի քեզ վրա, և կա՛մ երեք ամիս Տիրոջ սուրը, այսինքն՝ ժանտախտ կլինի երկրում, և Տիրոջ հրեշտակը կոչնչացնի Իսրայելի բոլոր սահմաններում”։ Հիմա տե՛ս, թե ի՛նչ պատասխան պիտի տամ ինձ ուղարկողին»։ 13Դավիթն ասաց Գադին. «Ես մեծ նեղության մեջ եմ. թող ընկնեմ Տիրո՛ջ ձեռքը, որովհետև շատ մեծ է նրա ողորմությունը. բայց չընկնեմ մարդկանց ձեռքը»։ 14Եվ Տերը ժանտախտ ուղարկեց Իսրայելում, ու իսրայելացիներից յոթանասուն հազար մարդ մեռավ։ 15Աստված մի հրեշտակ ուղարկեց Երուսաղեմ՝ այն ոչնչացնելու համար։ Երբ նա ոչնչացնում էր, Տերը տեսավ, մեղմացավ այս չարիքի համար և կոտորած անող հրեշտակին ասաց. «Բավական է, հիմա ե՛տ քաշիր ձեռքդ»։ Տիրոջ հրեշտակը կանգնած էր հեբուսացի Ոռնայի կալի մոտ։ 16Դավիթը բարձրացրեց իր աչքերը և տեսավ Տիրոջ հրեշտակին, որը կանգնած էր երկրի ու երկնքի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Այդ ժամանակ Դավիթն ու ծերերը, քուրձ հագած, երեսնիվայր ընկան գետին։ 17Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել ժողովրդի մարդահամարն անել, ես եմ մեղանչել և չարություն գործել. իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել։ Աղաչում եմ, թող քո ձեռքն ինձ վրա և իմ հոր տան վրա լինի և ոչ թե քո ժողովրդի վրա՝ նրան բնաջնջելու համար»։
18Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Դավթին ասա՛, որ նա ելնի և Տիրոջ համար մի զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։ 19Եվ Դավիթը ելավ գնաց ըստ այն խոսքի, որ Գադն ասել էր Տիրոջ անունով։ 20Ոռնան ցորեն էր կալսում։ Ոռնան ետ դարձավ և տեսավ հրեշտակին. ինքն ու իր չորս որդիները թաքնվեցին։ 21Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։ 22Դավիթն ասաց Ոռնային. «Այս կալատեղն ի՛նձ տուր, որ այստեղ զոհասեղան շինեմ Տիրոջ համար. տո՛ւր ինձ այն իր լրիվ գնով, որպեսզի հարվածը դադարի ժողովրդից»։ 23Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։ 24Բայց Դավիթ թագավորն ասաց Ոռնային. «Ո՛չ, ես այն պետք է գնեմ իր լրիվ արժեքով, որովհետև ես քո ստացվածքը Տիրոջը չեմ ներկայացնի և ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ 25Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ ոսկի տվեց Ոռնային։ 26Դավիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց։ Նա կանչեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց երկնքից ողջակեզի զոհասեղանի վրա ուղարկած կրակով։ 27Այն ժամանակ Տերը խոսեց հրեշտակի հետ, և հրեշտակն իր սուրը ետ դրեց պատյանը։
28Երբ Դավիթը տեսավ, որ Տերն իրեն պատասխան տվեց հեբուսացի Ոռնայի կալում, այնտեղ զոհ մատուցեց։ 29Բայց Տիրոջ խորանը, որ Մովսեսը շինել էր անապատում, և ողջակեզների սեղանը այն ժամանակ Գաբավոնի բարձր տեղում էին։ 30Սակայն Դավիթը չկարողացավ գնալ նրա առաջ Աստծուն հարցնելու համար, որովհետև Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցրել էր նրան։
Արդեն Ընտրված.
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018