Ա Կորնթացիներին 1

1
Ուղերձ և ողջույն
1Պողոսը՝ Աստծու կամքով Հիսուս Քրիստոսի առաքյալ լինելու կանչված, և Սոսթենես եղբայրը՝ 2Աստծու եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Հիսուսով սրբագործվածներիդ՝ կոչված սրբեր լինելու, բոլոր նրանց հետ, որոնք ամենուրեք կանչում են անունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ նրանցն է և մերը. 3շնորհ և խաղաղություն ձեզ մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Գոհություն Աստծուն
4Ամեն ժամ իմ Աստծուն ձեզ համար գոհություն եմ հայտնում այն շնորհի համար, որ Աստված ձեզ տվել է Հիսուս Քրիստոսի միջոցով, 5որովհետև նրանով հարստացաք ամեն բանի մեջ՝ թե՛ խոսքով, թե՛ գիտությամբ։ 6Քրիստոսի մասին վկայությունն այնպես հաստատվեց ձեր մեջ, 7որ ոչ մի շնորհ ձեզ չպակասի մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությանն սպասելով։ 8Նա հաստատուն կպահի ձեզ մինչև վերջ, որ անմեղադրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ 9Հավատարիմ է Աստված, որի կողմից կանչվեցիք նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հաղորդակից լինելու։
Բաժանումներ Կորնթոսի եկեղեցու մեջ
10Եղբայրնե՛ր, խնդրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի ու նույն կարծիքի մեջ հաստատուն լինեք։ 11Որովհետև, եղբայրնե՛ր, Խլոյեի ընտանիքից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, թե ձեր մեջ հակառակություններ կան։ 12Նկատի ունեմ այն, որ ձեզանից ամեն մեկն ասում է՝ «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», կամ՝ «Ես՝ կեփասյան», կամ էլ՝ «Ես՝ քրիստոսյան»։ 13Մի՞թե Քրիստոսը բաժանված է. մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի՞ անունով մկրտվեցիք։ 14Գոհություն եմ հայտնում Աստծուն, որ ես ձեզանից ոչ մեկին չեմ մկրտել, բացի Կրիսպոսից ու Գայիոսից, 15որպեսզի ոչ ոք չասի, թե իմ անունով մկրտվեցիք։ 16Ստեփանասի ընտանիքին ևս մկրտեցի. չգիտեմ, թե ուրիշի էլ մկրտած լինեմ։ 17Որովհետև Քրիստոսն ինձ չի ուղարկել մկրտելու, այլ Ավետարանը քարոզելու՝ ոչ խոսքի իմաստությամբ, որպեսզի Քրիստոսի խաչը չիմաստազրկվի։
Քրիստոսը՝ Աստծու զորությունը և իմաստությունը
18Քանզի խաչի քարոզը կորուսյալների համար հիմարություն է, բայց մեզ՝ փրկվածներիս համար Աստծու զորություն է։ 19Որովհետև գրված է.
«Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ
և խելացիների խելքը անտեսելու եմ» (Ես. 29.14)։
20Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը քննողը։ Չէ՞ որ Աստված այս աշխարհի իմաստությունը հիմարացրեց։ 21Քանի որ աշխարհը իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն իր իմաստության մեջ, Աստված հաճեց փրկել հավատացողներին հիմարություն համարվող քարոզությամբ։ 22Հրեաները նշան են ուզում, իսկ հույները իմաստություն են փնտրում. 23մենք քարոզում ենք խաչյալ Քրիստոսին, որ հրեաների համար գայթակղություն է, հույների համար՝ հիմարություն։ 24Սակայն կանչված հրեաների և հույների համար Քրիստոսը Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է։ 25Որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդիկ, և Աստծու տկարն ավելի զորավոր է, քան մարդիկ։
26Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային տեսանկյունի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ և ո՛չ շատ ազնվականներ։ 27Բայց Աստված ընտրեց նրանց, որոնց այս աշխարհում հիմարներ են կարծում, որպեսզի իմաստուններին ամաչեցնի, իսկ աշխարհի տկարներին Աստված ընտրեց, որպեսզի հզորներին ամաչեցնի։ 28Աստված ընտրեց աշխարհի ոչ ազնվականներին ու անարգվածներին, ինչպես նաև ոչինչ համարվողներին, որպեսզի ոչինչ դարձնի ինչ-որ բան համարվողներին, 29որպեսզի Աստծու առաջ ոչ մի էակ չպարծենա։ 30Եվ դուք նրա կողմից եք Հիսուս Քրիստոսի մեջ, որ Աստծուց մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն։ 31Ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա» (Երմ. 9.24)։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք