Ա Կորնթացիներին 11

11
Տղամարդը և կինը պաշտամունքի ժամանակ
1Նմանվե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին։
2Արդ գովում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ ամեն ինչում հիշում եք ինձ և պահում եք ավանդությունները, ինչպես որ ձեզ փոխանցեցի։ 3Բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ ամուսինը, Քրիստոսի գլուխը՝ Աստված։ 4Ամեն տղամարդ, երբ գլուխը ծածկած աղոթք է անում կամ մարգարեանում, անպատվում է իր տիրոջը։ 5Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում է գլխաբաց, անպատվում է իր տիրոջը, քանի որ նույնն է, թե ածիլված լինի։ 6Եթե կինը գլուխը չի ծածկում, ուրեմն թող իր մազերը կտրի։ Սակայն եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն ամոթ է, ուրեմն թող գլուխը ծածկի։ 7Տղամարդուն պետք չէ, որ իր գլուխը ծածկի, որովհետև նա Աստծու պատկերն ու փառքն է, իսկ կինը տղամարդո՛ւ փառքն է։ 8Որովհետև ոչ թե տղամարդն է կնոջից, այլ կինն է տղամարդուց։ 9Ոչ թե տղամարդը կնոջ համար ստեղծվեց, այլ կինը՝ տղամարդու համար, 10դրա համար կինը պետք է իր գլխին իշխանության նշան ունենա՝ հրեշտակների համար։ 11Այնուամենայնիվ, ո՛չ կինն առանց տղամարդու, ո՛չ տղամարդն առանց կնոջ կլինեն Տիրոջով, 12որովհետև ինչպես որ կինը տղամարդուց է ստեղծվել, այնպես էլ տղամարդը կնոջից է ծնվում, բայց ամեն ինչ գալիս է Աստծուց։ 13Դուք ինքնե՛րդ դատեք. կնոջը վայե՞լ է, որ չծածկված աղոթի Աստծուն։ 14Կամ հենց բնությունն ինքը չի՞ սովորեցնում ձեզ, որ եթե տղամարդը երկար մազեր ունենա, դա անարգանք է նրան։ 15Բայց եթե կինը երկար մազեր ունի, դա նրա համար փառք է, որովհետև մազերը նրան քողի փոխարեն են տրված։ 16Եթե որևէ մեկն ուզում է առարկել, ապա մենք այդպիսի սովորություն չունենք, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։
Տիրոջ ընթրիքը
17Բայց սա պատվիրելով չեմ գովում, որովհետև դուք ոչ թե լավագույն, այլ վատթար բանի համար եք հավաքվում։ 18Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։ 19Պետք է, որ ձեր մեջ տարակարծություններ լինեն, որպեսզի ընտրյալները հայտնի դառնան։ 20Արդ երբ միասին հավաքվում եք, դա Տերունական ընթրիքն ուտելը չէ, 21որ ամեն մեկը առաջին հերթին իր ընթրիքն է անում, և մեկը քաղցած է մնում, մյուսը՝ հարբած։ 22Մի՞թե ուտելու կամ խմելու համար տուն չունեք. թե՞ Աստծու եկեղեցին եք արհամարհում ու չքավորներին ամաչեցնում։ Ձեզ ի՞նչ ասեմ, գովե՞մ ձեզ. ո՛չ, դրանում չեմ գովում։
23Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել. Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց 24և գոհություն հայտնելուց հետո կտրեց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. այս արե՛ք իմ հիշատակի համար»։ 25Նույն կերպ ընթրիքից հետո բաժակը վերցրեց ու ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. քանի անգամ որ խմեք, այս արե՛ք իմ հիշատակի համար»։ 26Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։ 27Ուրեմն ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը անարժանորեն, մեղապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ 28Արդ մարդը թող քննի ինքն իրեն ու հետո այդ հացից ուտի և այդ բաժակից խմի։ 29Որովհետև անարժանորեն ուտողն ու խմողն ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ 30Դրա համար էլ ձեր մեջ բազում հիվանդներ ու ցավագարներ կան, բավականաչափ են նաև նրանք, ովքեր ննջեցին։ 31Որովհետև եթե ինքներս մեզ քննեինք, չէինք դատապարտվի։ 32Բայց դատվելով՝ խրատվում ենք Տիրոջից, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ 33Ուրեմն, եղբայրնե՛ր, երբ ուտելու համար միասին հավաքվեք, միմյանց սպասե՛ք։ 34Իսկ եթե մեկը քաղցած է, թող իր տանն ուտի, որպեսզի ձեր դատապարտության համար հավաքված չլինեք։ Իսկ մյուս բաները, երբ գամ, այն ժամանակ կկարգադրեմ։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք