Ա Կորնթացիներին 15

15
Քրիստոսի հարությունը
1Եղբայրնե՛ր, ձեզ ծանուցում եմ այն Ավետարանը, որ քարոզեցի, որն ընդունեցիք և որով հաստատվեցիք, 2որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ 3Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչն ինքս ընդունեցի. որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ՝ համաձայն Գրքերի, 4թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Գրքերի համաձայն, 5որ երևաց Կեփասին, հետո՝ այն տասներկուսին։ 6Հետո միանգամից երևաց հինգ հարյուրից ավելի եղբայրների, որոնցից շատերը մինչև հիմա ապրում են, իսկ ոմանք էլ ննջել են։ 7Ապա երևաց Հակոբոսին, հետո՝ բոլոր առաքյալներին։ 8Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածքիս։ 9Որովհետև ես առաքյալների մեջ հետինն եմ և արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ Աստծու եկեղեցին հալածեցի։ 10Բայց ինչ որ եմ, Աստծու շնորհով եմ, և նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, ընդհակառակը, նրանցից ավելի շատ աշխատեցի. սակայն ոչ թե ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ է։ 11Արդ թե՛ ես, թե՛ նրանք այսպես ենք քարոզում, և դուք այսպես հավատացիք։
12Իսկ եթե Քրիստոսի մասին քարոզվում է, որ մեռելներից հարություն է առել, ինչպե՞ս են ձեզանից ոմանք ասում. «Մեռելների հարություն չկա»։ 13Եթե մեռելների հարություն չկա, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ 14Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզությունն ունայն է, ունայն է և ձեր հավատը։ 15Իսկ մենք էլ Աստծու սուտ վկաներ ենք դուրս գալիս, որ Աստծու մասին վկայել ենք, թե Քրիստոսին հարություն է տվել. այնինչ եթե ճիշտ է, որ մեռելները հարություն չեն առնում, ուրեմն նրան հարություն չի տվել։ 16Որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոսն էլ հարություն չի առել։ 17Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատն ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ 18Ուրեմն նրանք էլ, ովքեր Քրիստոսով ննջեցին, կորան։ 19Եթե միայն այս կյանքում Քրիստոսի վրա հույս ունենք, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։
20Բայց ոչ. Քրիստոսը ննջեցյալներից առաջինը եղավ, որ մեռելներից հարություն է առել։ 21Քանի որ մահը մարդով եղավ, մեռելների հարությունն էլ մարդով եղավ։ 22Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան՝ 23յուրաքանչյուրն իր հերթին. նախ Քրիստոսը՝ առաջին պտուղը, հետո՝ Քրիստոսին պատկանողները նրա գալստյան ժամանակ։ 24Ապա կգա վախճանը, երբ թագավորությունն Աստծուն ու Հորը կտա, երբ կխափանի ամեն իշխանություն, ամեն պետություն և զորություն։ 25Որովհետև Քրիստոսը պետք է թագավորի, մինչև որ բոլոր թշնամիներին իր ոտքերի տակ դնի (Սաղ. 110.1)։ 26Վերջին թշնամին, որ կխափանվի, մահն է, 27որովհետև Աստված ամեն բան հնազանդեցրեց նրա ոտքերի տակ (Սաղ. 8.6)։ Բայց երբ ասում է՝ «Ամեն բան նրան հնազանդեցրեց», պարզ է, որ բացի Աստծուց, ամեն բան նրան հնազանդեցրեց։ 28Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։
29Այլապես մեռելների համար մկրտվողներն ի՞նչ կանեն, եթե մեռելներն իրոք հարություն չառնեն. էլ ինչո՞ւ են նրանց համար մկրտվում։ 30Եվ մենք ինչո՞ւ ենք ամեն ժամ վտանգի մեջ։ 31Երդվում եմ ձեր հանդեպ ունեցած իմ պարծանքով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսով ունեմ. ես ամեն օր մեռնում եմ։ 32Եթե մարդկային կերպով դատեի, ապա երբ Եփեսոսում գազանների հետ մարտնչեցի, ինձ ի՞նչ օգուտ էր։ Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք (Ես. 22.13)։ 33Մի՛ խաբվեք. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են։ 34Արդարությամբ սթափվե՛ք ու մեղք մի՛ գործեք, որովհետև ոմանք Աստծու մասին տեղյակ չեն. այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։
Հարուցյալ մարմինը
35Բայց մեկը կասի. «Մեռելներն ինչպե՞ս են հարություն առնում և ի՞նչ մարմնով են գալու»։ 36Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։ 37Եվ ինչ որ սերմանում ես, ոչ թե այն մարմինն ես սերմանում, որ բուսնելու է, այլ մերկ հատիկը, ցորենի լինի, թե այլ սերմի։ 38Աստված նրան մարմին է տալիս, ինչպես որ կամենում է. սերմերից ամեն մեկին՝ իր մարմինը։ 39Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, անասուններինը՝ ուրիշ, ձկներինը՝ ուրիշ, թռչուններինը՝ ուրիշ։ 40Կան նաև երկնային մարմիններ, երկրային մարմիններ, բայց ուրիշ է երկնայինների փառքը և ուրիշ է երկրայիններինը։ 41Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը, և ուրիշ է աստղերի պայծառությունը։ Մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։
42Այդպես է նաև մեռելների հարությունը. մարմինը հողի մեջ սերմանվում է ապականությամբ և հարություն է առնում անապականությամբ։ 43Հողի մեջ է դրվում անարգ վիճակում և հարություն է առնում փառքով։ 44Հողի մեջ է դրվում ինչպես շնչավոր մարմին և հարություն է առնում իբրև հոգևոր մարմին։ Կա շնչավոր մարմին, և կա հոգևոր մարմին։ 45Այդպես էլ գրված է. «Առաջին մարդը՝ Ադամը, կենդանի շունչ եղավ» (Ծնն. 2.7), երկրորդ Ադամը՝ կենդանարար հոգի։ 46Բայց նախ հոգևորը չեղավ, այլ շնչավորը, հետո՝ հոգևորը։ 47Առաջին մարդը երկրից է՝ հողեղեն, իսկ երկրորդ մարդը՝ Տերը՝ երկնքից։ 48Ինչպես հողեղենն է, այնպես էլ մենք ենք հողեղեններ, և ինչպես երկնավորն է, այնպես էլ մենք ենք երկնավորներ։ 49Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ 50Սա եմ ուզում ասել, եղբայրնե՛ր, որ Աստծու արքայությունը մարմինն ու արյունը չեն կարող ժառանգել, ոչ էլ ապականությունն է անապականությունը ժառանգում։ 51Ահա մի խորհուրդ եմ հայտնում ձեզ. «Ոչ բոլորս ենք ննջելու, բայց բոլորս ենք նորոգվելու». 52հանկարծ, մի ակնթարթում, վերջին շեփորի հնչման ժամանակ, որովհետև շեփորը կհնչի, ու մեռելներն անապականելի հարություն կառնեն, և մենք կփոխակերպվենք։ 53Որովհետև այս ապականացու մարմինը պետք է որ անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ։ 54Եվ երբ այս ապականացու մարմինը անապականությամբ զգեստավորվի, և այս մահկանացու մարմինը՝ անմահությամբ, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է.
«Մահը հաղթության մեջ ընկղմվեց (Ես. 25.8)։
55 Ո՛վ մահ, ո՞ւր է քո խայթոցը,
գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթությունը (հմմտ. Ովս. 13.14)»։
56Մահվան խայթոցը մեղքն է, իսկ մեղքի զորությունը՝ օրենքը։ 57Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ 58Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և անսասան, Տիրոջ գործի մեջ ամեն ժամ ավելի՛ առաջ գնացեք, իմացե՛ք, որ Տիրոջով ձեր աշխատանքը զուր չէ։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք