Ա Կորնթացիներին 4
4
Քրիստոսի սպասավորներն ենք
1Այսպիսով, թող ամեն մարդ մեզ Քրիստոսի սպասավորներ և Աստծու խորհուրդների տնտեսներ համարի։ 2Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի։ 3Բայց ինձ համար նշանակություն չունի, որ դատվեմ ձեզանից կամ մարդկային դատաստանից. ես ինքս էլ ինձ չեմ դատում։ 4Որովհետև ինքս իմ մասին ես ոչինչ չգիտեմ. բայց դրանով չեմ արդարանում, որովհետև ինձ դատողը Տերն է։ 5Ուրեմն ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որը ի լույս կհանի այն, ինչ թաքնված է խավարում, և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. այդժամ յուրաքանչյուրը գովասանքի կարժանանա Աստծուց։
6Եղբայրնե՛ր, սրանք ձեզ համար ինքս իմ և Ապողոսի մասին որպես օրինակ գործածեցի, որպեսզի մեզանից սովորեք գրվածից ավելին չխորհել, որպեսզի չլինի թե մեկն ընկերոջ պատճառով մյուսի նկատմամբ գոռոզանա։ 7Որովհետև ո՞վ է քեզ տարբերում ուրիշից. ի՞նչ ունես դու, որ չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես չստացողի պես պարծենում։
8Արդեն կշտացել եք. արդեն հարստացաք ու առանց մեզ թագավորեցիք։ Երանի թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք։ 9Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։ 10Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք՝ իմաստուն Քրիստոսով. մենք՝ տկար, իսկ դուք՝ զորավոր, դուք՝ փառավորված, իսկ մենք՝ անարգված։ 11Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում։ 12Եվ վաստակում ենք՝ մեր ձեռքերով աշխատելով։ Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք։ 13Վարկաբեկում են, մենք մխիթարում ենք. աշխարհի համար աղբ ենք դարձել՝ մինչև այժմ բոլորից անարգված լինելով։
14Ոչ թե ձեզ ամաչեցնելու համար եմ այս բաները գրում, այլ որպես իմ սիրելի որդիների՝ խրատում եմ։ 15Թեև հազարավոր դաստիարակներ ունեք Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, քանի որ ես Քրիստոս Հիսուսով ձեզ Ավետարանի միջոցով ծնեցի։ 16Ուրեմն աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանվեք։ 17Դրա՛ համար ձեզ մոտ ուղարկեցի Տիմոթեոսին, որ Տիրոջով իմ սիրելի ու հավատարիմ որդին է։ Նա ձեզ կհիշեցնի իմ ճանապարհները, որ Քրիստոս Հիսուսով են, ինչպես որ ամենուրեք բոլոր եկեղեցիներում ուսուցանում եմ։ 18Կարծելով, թե ձեզ մոտ չեմ գալու, ոմանք գոռոզացել են։ 19Բայց շուտով գալու եմ ձեզ մոտ, եթե Տերը կամենա, և ծանոթանալու եմ ոչ թե գոռոզացողների խոսքերին, այլ նրանց զորությանը։ 20Որովհետև Աստծու արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությամբ։ 21Ինչպե՞ս եք ուզում. գավազանո՞վ գամ ձեզ մոտ, թե՞ սիրով ու հեզության հոգով։
Արդեն Ընտրված.
Ա Կորնթացիներին 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018