Ա Հովհաննես 4:1-10

Ա Հովհաննես 4:1-10 ՆՎԱԱ

Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։ Սրանո՛վ Աստծու Հոգին ճանաչեք. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է։ Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ. դա Նեռի հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է։ Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։ Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։ Մենք Աստծուց ենք. ով Աստծուն ճանաչում է, լսում է մեզ, ով Աստծուց չէ, չի լսում մեզ. սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին և խաբեության հոգին։ Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։