Ա Հովհաննես 4:7-21

Ա Հովհաննես 4:7-21 ՆՎԱԱ

Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։ Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։ Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։ Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, նա էլ՝ մեր մեջ, որովհետև նա իր Հոգուց տվեց մեզ։ Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն իր Որդուն ուղարկեց որպես աշխարհի Փրկչի։ Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։ Եվ մենք ճանաչեցինք ու հավատացինք այն սիրուն, որ Աստված ունի մեր նկատմամբ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, Աստծու մեջ է ապրում, Աստված էլ՝ նրա մեջ։ Սերը կատարյալ է մեր մեջ նրանով, որ դատաստանի օրը համարձակություն ունենանք, որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։ Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։ Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։ Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։