Ա Պետրոս 3:8-22

Ա Պետրոս 3:8-22 ՆՎԱԱ

Եվ վերջապես, բոլորդ եղե՛ք համախոհ, կարեկից, եղբայրասեր, բարեգութ, խոնարհ։ Չարի դիմաց չար մի՛ հատուցեք կամ բամբասանքի դիմաց՝ բամբասանք, այլ ընդհակառակը, օրհնե՛ք, որովհետև հենց նրա համար եք կանչվել, որ օրհնությունը ժառանգեք։ Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։ Թող չարից հետ քաշվի և բարին գործի, խաղաղություն փնտրի և դրան հետևի։ Որովհետև Տիրոջ աչքերն արդարների վրա են, ու նրա ականջները՝ դեպի նրանց աղոթքը, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է» ։ Եվ ո՞վ ձեզ կչարչարի, եթե դուք բարուն նախանձախնդիր լինեք։ Բայց եթե արդարության համար չարչարվեք, երանելի եք։ Սակայն նրանց ահից մի՛ վախեցեք ու մի՛ խռովվեք, այլ Տիրոջը՝ Քրիստոսին, ձեր սրտերում սո՛ւրբ պահեք ու միշտ պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մեկին, ով ձեր մեջ եղած հույսի մասին հարցնի։ Հեզությամբ և երկյուղածությամբ բարի խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի ինչի համար ձեզանից չարախոսեն, ամոթով մնան նրանք, ովքեր Քրիստոսով ձեր բարի վարքը բամբասում են։ Որովհետև ավելի լավ է բարիք գործելով չարչարվել, եթե դա Աստծու կամքն է, քան չարիք գործելով։ Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց, որով և գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր այն օրերին, երբ Նոյը կառուցում էր տապանը. քչերն էին, այսինքն՝ ութ հոգի, որ փրկվեցին ջրից։ Դրա օրինակը մկրտությունն է, որ այժմ էլ մեզ փրկում է՝ ոչ թե մարմնի կեղտը հեռացնելով, այլ վկայելով Աստծու ճիշտ գիտակցումը Հիսուս Քրիստոսի հարությամբ. նա երկինք է գնացել և Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանությունները և զորությունները։