Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։ Եվ Դավիթն ասաց Սավուղին. «Քո ծառան իր հոր ոչխարներն էր արածեցնում, և երբ առյուծ կամ արջ էր գալիս և հոտից ոչխար տանում, ես գնում էի նրա ետևից, զարկում էի նրան և նրա բերանից ազատում, և երբ նա հարձակվում էր ինձ վրա, բռնում էի նրա մորուքից, զարկում էի ու սպանում։ Ծառադ առյուծ էլ է սպանել, արջ էլ. թող այս անթլփատ փղշտացին էլ լինի նրանցից մեկի պես, քանզի նա կենդանի Աստծու զորքերին նախատեց»։ Եվ Դավիթն ասաց. «Տերը, որ ինձ ազատել է առյուծի և արջի ճանկերից, այս փղշտացու ձեռքից էլ կազատի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Գնա՛, և Տերը քեզ հետ լինի»։ Եվ Սավուղն իր հանդերձները հագցրեց Դավթին ու նրա գլխին պղնձե սաղավարտ դրեց և զրահ էլ հագցրեց նրան։ Դավիթը հանդերձների վրայից կապեց Սավուղի սուրը և սկսեց ման գալ, որովհետև սովոր չէր. և Դավիթը Սավուղին ասաց. «Սրանցով չեմ կարող ման գալ, որովհետև սովոր չեմ». և Դավիթն իր վրայից հանեց դրանք։
Նա իր մահակը ձեռքն առավ, հեղեղատից հինգ գայլախազ քարեր ջոկեց իր համար և դրանք դրեց իր հովվական ամանի, այսինքն՝ մախաղի մեջ, և պարսատիկը ձեռքին՝ մոտեցավ փղշտացուն։ Փղշտացին էլ եկավ ու մոտեցավ Դավթին, և նրա վահանակիրն էր գնում նրա առջևից։ Եվ երբ փղշտացին նայեց ու տեսավ Դավթին, արհամարհեց նրան, որովհետև Դավիթը շիկահեր և գեղեցկադեմ պատանի էր։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա մահակով ես գալիս». և փղշտացին իր աստվածներով նզովեց Դավթին։ Եվ փղշտացին ասաց Դավթին. «Ե՛կ ինձ մոտ, և ես քո մարմինը կտամ երկնքի թռչուններին ու դաշտի գազաններին»։ Եվ Դավիթն ասաց փղշտացուն. «Դու ինձ վրա սրով, նիզակով և տեգով ես գալիս, իսկ ես քեզ վրա գալիս եմ Իսրայելի զորքերի Զորությունների Տիրոջ՝ Աստծու անունով, որին դու նախատեցիր։ Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնի, և ես կսպանեմ քեզ ու գլուխդ կկտրեմ քո վրայից և փղշտացիների բանակի դիակներն այսօր կտամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին, որպեսզի ամբողջ երկիրն իմանա, որ Իսրայելն Աստված ունի։