Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22
22
Քահանաների ջարդը
1Դավիթն այնտեղից փախավ, գնաց և հասավ Ոդողոմի քարայրը. երբ իր եղբայրները և իր հոր ամբողջ տունը լսեցին, եկան այնտեղ՝ նրա մոտ։ 2Եվ նրա մոտ հավաքվեցին բոլոր հարստահարված մարդիկ, պարտք ունեցողներ և բոլոր դժգոհ մարդիկ, և նա դարձավ նրանց զորագլուխը, և նրա հետ մոտ չորս հարյուր մարդ կար։
3Եվ Դավիթն այդտեղից գնաց Մովաբի Մասփա և Մովաբի թագավորին ասաց. «Աղաչում եմ, թող իմ հայրն ու մայրը գան ձեզ մոտ, մինչև որ տեսնեմ, թե Աստված ինձ ինչ պիտի անի»։ 4Եվ նրանց բերել տվեց Մովաբի թագավորի առաջ, և նրանք բնակվեցին նրա մոտ, որքան որ Դավիթը բերդում էր։
5Եվ Գադ մարգարեն Դավթին ասաց. «Մի՛ նստիր բերդում, դո՛ւրս եկ, գնա՛ Հուդայի երկիրը»։ Եվ Դավիթը գնաց ու մտավ Հարեթի անտառը։ 6Եվ Սավուղը լսեց, որ հայտնվել են Դավիթն ու նրա հետ եղած մարդիկ. և Սավուղը Ռամայի Գաբաայում նստել էր մոշենու տակ, նիզակը ձեռքին, և իր բոլոր ծառաներն էլ կանգնել էին իր մոտ։ 7Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի, 8որ բոլորդ էլ միաբանվել եք իմ դեմ, և Հեսսեի որդու հետ իմ որդու կնքած դաշինքի մասին ոչ ոք իմ ականջին չասաց։ Եվ ձեր մեջ մարդ չկա, որ ինձ համար ցավի և ինձ հայտնի, թե իմ որդին իմ ծառային ոտքի է հանել իմ դեմ, որ դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։
9Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։ 10Եվ նրա համար նա հարցրեց Տիրոջը և նրան պաշար տվեց ու փղշտացի Գողիաթի սուրն էլ տվեց նրան»։
11Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։ 12Եվ Սավուղն ասաց. «Լսի՛ր, Աքիտովբի՛ որդի»։ Եվ նա ասաց. «Ահա ես, տե՛ր իմ»։ 13Եվ Սավուղը նրան ասաց. «Ինչո՞ւ դու և Հեսսեի որդին միաբանվեցիք իմ դեմ, և դու նրան հաց ու սուր տվիր ու նրա համար հարցրիր Աստծուն, որ նա վեր կենա իմ դեմ, դարանամուտ լինի, ինչպես այսօր է»։ 14Եվ Աքիմելեքը պատասխանեց թագավորին և ասաց. «Քո բոլոր ծառաների մեջ ո՞վ կա Դավթի պես հավատարիմ, որ թագավորի փեսա է, հրամաններդ կատարող և պատվավոր քո տան մեջ։ 15Մի՞թե ես այսօր եմ սկսել Աստծուն հարցնել նրա համար. թագավորն իր ծառայի վրա կամ իր հոր տան վրա այդպիսի բան թող չդնի, որովհետև քո ծառան այս բոլոր բաներից ոչինչ չի իմացել»։ 16Եվ թագավորն ասաց. «Դու, Աքիմելե՛ք, անպատճառ պիտի մեռնես, և քո հոր ամբողջ տունը»։ 17Եվ թագավորն իր մոտ կանգնած սուրհանդակներին ասաց. «Ե՛տ դարձեք և սպանե՛ք Տիրոջ քահանաներին, որովհետև նրանց ձեռքն էլ է Դավթի հետ, քանի որ գիտեին նրա փախչելու մասին, բայց ինձ չհայտնեցին»։ Սակայն թագավորի ծառաները չուզեցին իրենց ձեռքը բարձրացնել Տիրոջ քահանաներին սպանելու համար։ 18Եվ թագավորը Դովեկին ասաց. «Դու ե՛տ դարձիր և սպանի՛ր քահանաներին»։ Եվ եդովմայեցի Դովեկը ետ դարձավ ու սպանեց քահանաներին. և այդ օրը նա ութսունհինգ մարդ սպանեց, որոնք քաթանե եփուդ էին հագնում։ 19Եվ քահանաների Նոբ քաղաքը սրի քաշեց՝ տղամարդ ու կին, մանուկ ու կաթնակեր, մինչև իսկ սրի քաշեց արջառ, էշ ու ոչխար։
20Փրկվեց միայն Աքիտովբի որդի Աքիմելեքի մեկ որդին, որի անունը Աբիաթար էր, ազատվեց և փախավ գնաց Դավթի հետևից։ 21Եվ Աբիաթարը Դավթին պատմեց, որ Սավուղը սպանեց Տիրոջ քահանաներին։ 22Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։ 23Նստի՛ր ինձ մոտ, մի՛ վախեցիր, որովհետև իմ հոգին որոնողը քո հոգին էլ է որոնում, բայց դու ապահով ես ինձ մոտ»։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018