Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27
27
Դավիթը փղշտացիների մեջ
1Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։ 2Եվ Դավիթը վեր կացավ և իր հետ եղած վեց հարյուր մարդկանց հետ անցավ գնաց Գեթի թագավոր, Մաովքի որդի Անքուսի մոտ։ 3Եվ ինքը Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, և Դավիթն էլ իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի ու կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ բնակվեց Գեթում՝ Անքուսի մոտ։ 4Երբ Սավուղին հաղորդեցին, որ Դավիթը փախել է Գեթ, այլևս չորոնեց նրան։
5Դավիթն Անքուսին ասաց. «Եթե ես քո առաջ շնորհ եմ գտել, թող ինձ գյուղաքաղաքներից մեկում տեղ տան, որ մնամ այնտեղ, թե չէ ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։ 6Եվ այդ օրը Անքուսը նրան տվեց Սիկելակը, այդ պատճառով էլ Սիկելակը մինչև օրս Հուդայի թագավորներինը եղավ։ 7Ժամանակը, երբ Դավիթը փղշտացիների երկրում բնակվեց, մեկ տարի և չորս ամիս էր։
8Դավիթն ու իր մարդիկ վեր կացան և հարձակվեցին գեսուրացիների, գազերացիների և ամաղեկացիների վրա, քանի որ նրանք վաղուց ի վեր բնակվում էին այդ երկրում՝ Սուրից մինչև Եգիպտոսի երկիրը։ 9Եվ Դավիթը հարվածեց այդ երկրին, ողջ չթողեց տղամարդ թե կին, վերցրեց ոչխարներ և արջառներ, էշեր և ուղտեր, հանդերձներ ու վերադարձավ Անքուսի մոտ։ 10Անքուսն ասաց. «Դեպի ո՞ւր եք հարձակվել այսօր»։ Դավիթը պատասխանեց. «Դեպի Հուդայի հարավային կողմը, հերամելացիների հարավային կողմը և կենեցիների հարավային կողմը»։ 11Դավիթը ողջ չթողեց տղամարդ կամ կին, որ լուր բերեր Գեթ, որովհետև մտածեց, թե՝ «Միգուցե մեր մասին պատմեն և ասեն, թե Դավիթն այսպես է անում։ Եվ թե նրա սովորությունն այսպես է լինելու, քանի դեռ բնակվում է փղշտացիների երկրում»։ 12Անքուսը, Դավթին հավատալով, ասաց. «Այս մարդը իր ժողովրդի՝ Իսրայելի մեջ ատելի է դարձրել իրեն. թող ինձ մոտ հավիտյան ծառա լինի»։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018