Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:1-20

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:1-20 ՆՎԱԱ

Երբ Դավիթն ու իր մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիները հարձակվել էին հարավային երկրի և Սիկելակի վրա, Սիկելակը գրավելով՝ այրել այն։ Այնտեղի կանանց՝ փոքրից մինչև մեծը, գերի էին վերցրել. ոչ մի մարդ չէին սպանել, այլ տարել էին իրենց հետ և գնացել իրենց ճանապարհով։ Երբ Դավիթն ու իր մարդիկ քաղաք հասան, այն կրակով այրված էր, և իրենց կանայք, տղաներն ու աղջիկները գերի էին տարված։ Ուստի Դավիթն ու իր հետ եղած բանակը բարձրացրին իրենց ձայնը և լաց եղան, մինչև որ նրանց վրա լալու ուժ չմնաց։ Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և կարմելացի Նաբաղի կինը՝ Աբիգեան էլ էին գերի տարվել։ Եվ Դավիթը մեծ տագնապի մեջ էր, որովհետև բանակն ուզում էր նրան քարկոծել, քանի որ ամբողջ բանակից ամեն մեկի սիրտը կսկծում էր իր տղաների և աղջիկների համար. սակայն Դավիթը զորացավ իր Տեր Աստծով։ Եվ Դավիթը Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ ինձ». և Աբիաթարը եփուդը մոտեցրեց Դավթին։ Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց ու ասաց. «Հետապնդե՞մ արդյոք այդ գնդին, կհասնե՞մ նրանց»։ Եվ Տերը նրան ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու կազատես բոլորին»։ Եվ ինքը Դավիթն ու իր հետ եղած վեց հարյուր մարդիկ գնացին, եկան մինչև Բոսորի հեղեղատը, և ետ մնացողները կանգ առան։ Եվ Դավիթը չորս հարյուր մարդկանցով հետապնդեց թշնամուն. (սակայն երկու հարյուր մարդ էլ, որ շատ հոգնած էին, չէին անցել Բոսորի հեղեղատը, մնացել էին այս կողմը)։ Նրանք էլ դաշտում եգիպտացի մի մարդ գտան և նրան բերին Դավթի մոտ, նրան հաց տվին, ու նա կերավ, և ջուր խմեցրին նրան։ Նրան մի քիչ չոր թուզ և երկու ողկույզ չամիչ տվեցին, որ կերավ, և ուժը տեղը եկավ, որովհետև երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել և ո՛չ էլ ջուր խմել։ Եվ Դավիթը նրան ասաց. «Դու ո՞ւմ մարդն ես և որտեղի՞ց ես»։ Եվ նա ասաց. «Ես մի եգիպտացի պատանի եմ, ամաղեկացի մարդու ծառա. իմ տերը լքեց ինձ, որովհետև երեք օր է, որ հիվանդ եմ։ Մենք հարձակվեցինք Քերեթի հարավային կողմի՝ Հուդայի կողմերի և Քաղեբի հարավային կողմերի վրա և Սիկելակը կրակով այրեցինք»։ Եվ Դավիթը նրան ասաց. «Ինձ կտանե՞ս այդ գնդի մոտ»։ Եվ նա ասաց. «Դու ինձ երդվի՛ր Աստծու անունով, որ ինձ չես սպանի և ինձ չես տա իմ տիրոջ ձեռքը, ես էլ քեզ կտանեմ այդ գնդի մոտ»։ Պատանին նրան տարավ, և ահա նրանք ամբողջ գետնի վրա ցրված էին. ուտում ու խմում էին և խրախճանք էին անում փղշտացիների երկրից և Հուդայի երկրից իրենց վերցրած այն մեծ ավարի համար։ Եվ Դավիթը արշալույսից մինչև հաջորդ օրվա իրիկուն ջարդեց նրանց, և նրանցից ոչ ոք չազատվեց, բացի միայն չորս հարյուր երիտասարդներից, որոնք հեծնեցին ուղտերին ու փախան։ Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։ Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։ Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։