Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 31
31
Սավուղի և իր որդիների մահը
1Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։ 2Փղշտացիները հասան Սավուղին ու նրա որդիներին. և փղշտացիները սպանեցին Սավուղի որդիներին՝ Հովնաթանին, Աբինադաբին և Մեղքիսավեին։ 3Եվ պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ, և աղեղնավորները գտան նրան, և աղեղնավորներից ծանր վիրավորվեց։ 4Եվ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Սուրդ հանի՛ր և ինձ խոցի՛ր նրանով, միգուցե այդ անթլփատները գան, խոցեն ինձ և ինձ ծաղրեն»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ վախեցավ։ Եվ Սավուղը վերցրեց սուրն ու ընկավ նրա վրա։ 5Եվ երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ ընկավ իր սրի վրա և մեռավ նրա հետ։ 6Եվ նույն օրը այսպես մեռան Սավուղն ու նրա երեք որդիները, նրա կապարճակիրը և նրա բոլոր մարդիկ միասին։
7Եվ Իսրայելի մարդիկ, որ հովտի այն կողմում էին և Հորդանանի այն կողմում էին, երբ տեսան, թե իսրայելացիները փախան, և թե Սավուղն ու նրա որդիները մեռան, այն ժամանակ թողեցին քաղաքներն ու փախան, և փղշտացիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։
8Եվ հետևյալ օրը, երբ փղշտացիները եկան սպանվածներին կողոպտելու, գտան Սավուղին և նրա երեք որդիներին՝ ընկած Գեղբուե սարի վրա։ 9Նրա գլուխը կտրեցին, զենքերը հանեցին. և մարդիկ ուղարկեցին փղշտացիների երկրի չորս կողմը, որ ավետիս տան իրենց կռատներին ու ժողովրդին։ 10Նրա զենքերը դրեցին Աստարովթի տանը և նրա մարմինը կախեցին Բեթսանի պարսպից։ 11Եվ երբ Գաղաադի Հաբիսի բնակիչները լսեցին, թե ինչ էին արել փղշտացիները Սավուղին, 12բոլոր քաջ մարդիկ վեր կացան և ամբողջ գիշեր գնացին և Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի մարմինն ու նրա որդիների մարմինները, եկան Հաբիս և դրանք այրեցին այնտեղ։ 13Եվ վերցրին նրանց ոսկորներն ու դրանք թաղեցին Հաբիսում՝ ծառի տակ, և յոթ օր ծոմ պահեցին։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 31: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018