Ա Տիմոթեոսին 6:1-21

Ա Տիմոթեոսին 6:1-21 ՆՎԱԱ

Նրանք, ովքեր ծառայության լծի տակ են, թող իրենց տերերին ամեն պատվի արժանի համարեն, որպեսզի Աստծու անունը և վարդապետությունը չհայհոյվի։ Իսկ հավատացյալ տերեր ունեցողները թող չարհամարհեն, որովհետև նրանք եղբայրներ են, այլ ավելի լավ ծառայեն, քանի որ հավատացյալ են ու սիրելի և բարեգործության մասնակից։ Այս բաներն ուսուցանի՛ր և հորդորի՛ր։ Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին ու բարեպաշտ վարդապետությանը, նա մեծամտությունից կուրացած է, ոչինչ չգիտի, հիվանդ է խնդիրներ և լեզվակռիվներ հարուցելու ախտով, որոնցից առաջանում են նախանձ, կռիվ, հայհոյություն, չար կասկածներ, խորամանկություններ մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև, որոնք աստվածապաշտությունը շահի աղբյուր են համարում։ Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք։ Իսկ ովքեր ուզում են հարստանալ, փորձության, որոգայթի և բազում անմիտ, վնասակար ցանկությունների մեջ են ընկնում, որոնք մարդկանց ընկղմում են կործանումի և կորստյան մեջ։ Որովհետև արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է, որին ձգտելով՝ ոմանք հավատից մոլորվեցին ու իրենք իրենց բազում ցավեր պատճառեցին։ Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր դրանցից և հետևի՛ր արդարությանը, աստվածապաշտությանը, հավատին, սիրուն, համբերությանը, հեզությանը։ Հավատի բարի պատերա՛զմ մղիր, նվաճի՛ր հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և բազում վկաների առաջ բարի դավանանքը դավանեցիր։ Պատվիրում եմ քեզ Աստծու առաջ, որ ամեն ինչի կենսատուն է, և Քրիստոս Հիսուսի առաջ, որ Պոնտացի Պիղատոսի առջև բարի դավանությունը վկայեց, որ դու անբիծ ու անարատ պահես պատվիրանը մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որ իր ժամանակին ցույց կտա Երանելին ու միակ Հզորը, թագավորների Թագավորն ու տերերի Տերը, որ միայն նա ունի անմահությունը, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել ու ոչ էլ կարող է տեսնել։ Նրան պատիվ ու զորություն հավիտյանս։ Ամեն։ Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։ Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից։ Իրենք իրենց համար գանձ հավաքելով՝ լավ հիմք կունենան հանդերձյալի համար, որպեսզի ճշմարիտ կյանք ձեռք բերեն։ Ո՛վ Տիմոթեոս, քեզ տրված ավանդը պահի՛ր ու հեռո՛ւ մնա պիղծ ունայնաբանություններից և սուտանուն գիտության հակառակություններից, որն ընդունելով՝ ոմանք մոլորվեցին հավատից։ Շնորհը քեզ հետ լինի։ Ամեն։