Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16
16
Դժվարություններ Իսրայելի հետ
(Գ Թագ. 15.17-22)
1Ասայի թագավորության երեսունվեցերորդ տարում Իսրայելի Բաասա թագավորը հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որպեսզի չթողնի Հուդայի Ասա թագավորի երկրից մարդ դուրս ելնի և ներս մտնի։ 2Ասան արծաթ և ոսկի հանեց Տիրոջ տան և թագավորի տան գանձարաններից և ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների Բենադադ թագավորին՝ ասելով. 3«Թող դաշինք լինի իմ ու քո միջև, ինչպես որ կար իմ հոր ու քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ և ոսկի եմ ուղարկում. արի քանդի՛ր Իսրայելի թագավոր Բաասայի հետ քո դաշինքը, որպեսզի ինձանից հեռանա»։ 4Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ։ Նրանք հարված հասցրին Իոնին, Դանին, Աբելմայիմին և Նեփթաղիմի բոլոր շտեմարանի քաղաքներին։ 5Երբ Բաասան այդ իմացավ, դադարեց Ռաման կառուցելուց և թողեց իր գործը։ 6Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր մարդկանց, որոնք վերցրին Բաասայի կառուցած Ռամայի քարերն ու փայտերը, և դրանցով կառուցեց Գաբաան և Մասփան։
Անանի մարգարեն
7Այդ ժամանակ Հուդայի թագավոր Ասայի մոտ եկավ Անանի տեսանողը և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքից։ 8Մի՞թե եթովպացիներն ու լիբեացիները մեծաթիվ զորք չունեին չափազանց շատ մարտակառքերով և ձիավորներով. բայց քանի որ դու Տիրոջն էիր ապավինել, նա նրանց քո ձեռքը մատնեց, 9որովհետև Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են իրեն։ Դու անմտություն արեցիր այդ գործում, ուստի սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։ 10Ասան բարկացավ տեսանողի վրա և նրան բանտարկեց, որովհետև զայրացած էր նրա դեմ այդ բանի համար։ Այդ ժամանակ Ասան ժողովրդից ոմանց ճնշեց։
Ասայի թագավորության վախճանը
(Գ Թագ. 15.23-24)
11Ասայի առաջին ու վերջին գործերի պատմությունը. ահա դրանք գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։ 12Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։ 13Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության քառասունմեկերորդ տարում։ 14Նրան թաղեցին Դավթի քաղաքում, այն գերեզմանում, որ ինքը պատրաստել էր։ Նրան պառկեցրին մի անկողնում, որը լցրել էին զանազան արվեստագործ բաղադրություններով, և նրա պատվին մեծ կրակ վառեցին։
Արդեն Ընտրված.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018