Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26
26
Հուդայի Ոզիա թագավորը
(Դ Թագ. 14.21-22, 15.1-7)
1Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որն այն ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։ 2Սա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ Ամասիա թագավորն իր հայրերի հետ ննջել էր արդեն։ 3Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։ 4Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, ճիշտ ինչպես որ արել էր իր հայր Ամասիան։ 5Նա պաշտում էր Աստծուն Զաքարիայի օրոք, որն Աստծու տեսիլքներին հմուտ էր։ Այնքան ժամանակ, որքան Ոզիան պաշտում էր Տիրոջը, Աստված նրան հաջողություն էր տալիս։ 6Նա դուրս ելավ ու պատերազմեց փղշտացիների դեմ, քանդեց Գեթի պարիսպը, Հաբնեի պարիսպը և Ազովտոսի ու փղշտացիների երկրում քաղաքներ կառուցեց։ 7Աստված օգնեց նրան փղշտացիների, Գուր-Բահաղում բնակվող արաբացիների և մաոնացիների դեմ։ 8Ամմոնացիները հարկ էին տալիս Ոզիային, և նրա անունը տարածվեց մինչև Եգիպտոսի սահմանը, որովհետև նա շատ հզորացավ։ 9Ոզիան Երուսաղեմում աշտարակներ կառուցեց Անկյան դռան, Ձորի դռան ու պարսպի անկյան վրա և ամրացրեց դրանք։ 10Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։ 11Ոզիան գնդերով մարտի դուրս եկող և պատերազմող զորքեր ուներ ըստ Հեիել գրագրի ու Մաասիա կառավարչի կողմից կատարված հաշվառման՝ թագավորի իշխաններից Անանիայի ձեռքի տակ։ 12Բոլոր քաջազուն տոհմապետների թիվը երկու հազար վեց հարյուր էր։ 13Նրանց ձեռքի տակ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր զինվոր՝ մեծ զորությամբ պատերազմողներ, որոնք թագավորին օգնում էին թշնամու դեմ։ 14Ոզիան այդ ամբողջ զորքի համար պատրաստեց վահաններ, նիզակներ, սաղավարտներ, զրահներ, աղեղներ և քարեր արձակող պարսատիկներ։ 15Նա Երուսաղեմում մեծ վարպետությամբ պատրաստված մեքենաներ շինեց, որ աշտարակների և պարիսպների անկյունների վրա դրվեն և նետեր ու մեծ-մեծ քարեր արձակեն։ Նրա համբավը մինչև հեռուները գնաց, որովհետև նա զարմանալի կերպով օգնություն գտավ, մինչև որ զորացավ։
Ոզիան պատժվում է իր հպարտության համար
16Բայց երբ զորացավ, նրա սիրտը գոռոզացավ, որն իր կործանումին առաջնորդեց, և հանցանք գործեց իր Տեր Աստծու դեմ ու մտավ Տիրոջ տաճարը, որ խունկ ծխի խնկի սեղանի վրա։ 17Նրա հետևից մտավ Ազարիա քահանան, նրա հետ՝ Տիրոջ ութսուն քահանաներ, որոնք քաջ մարդիկ էին։ 18Սրանք կանգնեցին Ոզիա թագավորի դիմաց և ասացին նրան. «Քո գործը չէ, ո՛վ Ոզիա, որ Տիրոջը խունկ ծխես, այլ դա Ահարոնի որդիների՝ քահանաների գործն է, որոնք սրբագործված են խունկ ծխելու համար։ Դո՛ւրս եկ սրբարանից, որովհետև դու հանցանք գործեցիր, և դա քեզ համար պատիվ չէ Տեր Աստծուց»։ 19Ոզիան բարկացավ, և նրա ձեռքին էր բուրվառը, որ խունկ ծխի։ Քահանաների վրա բարկանալիս բորոտություն երևաց նրա ճակատին, քահանաների առջև, Տիրոջ տանը, խունկ ծխելու սեղանի մոտ։ 20Ազարիա քահանայապետը և բոլոր քահանաները դարձան նրա կողմը, և ահա նրա ճակատը բորոտությամբ էր պատած, և նրան շուտով դուրս հանեցին այնտեղից։ Ինքն էլ հենց շտապում էր դուրս գալ, որովհետև Տերը հարվածել էր նրան։ 21Ոզիա թագավորը բորոտ մնաց մինչև իր մահվան օրը։ Նա իբրև բորոտ բնակվում էր առանձին մի տան մեջ, որովհետև արգելված էր Տիրոջ տուն մտնել։ Իսկ նրա որդի Հովաթամը, որ թագավորի տան գլխավորն էր դարձել, կառավարում էր երկրի ժողովրդին։
22Ոզիայի մնացած պատմությունը՝ առաջինն ու վերջինը, գրեց Ամոսի որդի Եսայի մարգարեն։ 23Ոզիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին իր հայրերի մոտ, թագավորների գերեզմանների դաշտում, որովհետև ասացին, թե նա բորոտ է։ Եվ նրա որդի Հովաթամը թագավորեց նրա փոխարեն։
Արդեն Ընտրված.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018