Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

19
Թագավորը դիմում է Եսայի մարգարեի խորհրդին
(Ես. 37.1-7)
1Երբ Եզեկիա թագավորը լսեց, պատռտեց իր հանդերձները, քուրձ հագավ և գնաց Տիրոջ տուն։ 2Եվ պալատի հազարապետ Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաների ծերերին, քրձեր հագած, ուղարկեց Ամովսի որդի Եսայիա մարգարեի մոտ։ 3Եվ նրանք ասացին նրան. «Այսպես է ասում Եզեկիան. “Նեղության և կշտամբանքի ու նախատինքի օր է այս օրը, որովհետև երեխաները հասել են մայրերից ծնվելու կետին, բայց ծնելու ուժ չկա։ 4Թերևս քո Տեր Աստվածը լսի Ռաբսակի բոլոր խոսքերը, որին ուղարկել է իր տերը՝ Ասորեստանի թագավորը՝ նախատելու կենդանի Աստծուն, և թող քո Տեր Աստվածը հանդիմանի նրան այնպիսի խոսքերի համար, որ ինքը լսել է. ուրեմն դու աղոթի՛ր դեռ կենդանի մնացածների համար”»։ 5Եվ Եզեկիա թագավորի ծառաները եկան Եսայիայի մոտ։ 6Եսայիան ասաց նրանց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. Տերն այսպես է ասում. “Մի՛ վախեցիր այն խոսքերից, որ լսեցիր, որոնցով ինձ հայհոյեցին Ասորեստանի թագավորի ծառաները։ 7Ահա ես մի ոգի պիտի ուղարկեմ նրա վրա, և նա պիտի մի լուր լսի և վերադառնա իր երկիրն ու սրով ընկնի իր երկրում”»։
Ասորեստանցիների նոր սպառնալիքը
(Ես. 37.8-20)
8Ռաբսակը վերադարձավ և Ասորեստանի թագավորին գտավ Լեբնայի դեմ պատերազմելիս, քանի որ լսել էր, թե Լաքիսից հեռացել է։ 9Ասորեստանի թագավորը լսել էր, որ եթովպացիների թագավոր Թարակայի մասին ասել էին. «Ահա գալիս է քո դեմ պատերազմելու»։ Նա դարձյալ դեսպաններ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. 10«Այսպե՛ս ասեք Եզեկիային՝ Հուդայի թագավորին. “Թող քեզ չխաբի քո Աստվածը, որին ապավինել ես դու՝ ասելով. "Երուսաղեմը չպիտի մատնվի Ասորեստանի թագավորի ձեռքը"։ 11Ահա դու լսեցիր, թե ինչ են արել Ասորեստանի թագավորները բոլոր երկրներին, ինչպես են նրանց բնաջնջել, և դու պիտի ազատվե՞ս։ 12Մի՞թե այն ազգերի աստվածները, որոնց կործանեցին իմ հայրերը, ազատեցի՞ն նրանց՝ Գովզանի, Խառանի, Ռեսեփի և Թելասարում եղած Եդեմի որդիներին։ 13Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։
14Եզեկիան դեսպանների ձեռքից վերցրեց նամակները և կարդաց դրանք, ապա վեր կացավ գնաց Տիրոջ տուն, և Եզեկիան դրանք տարածեց Տիրոջ առաջ։ 15Եզեկիան աղոթեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՛վ Տեր Աստված Իսրայելի, որ նստած ես քերովբեների վրա, երկրի բոլոր թագավորությունների համար միայն դու ես Աստված, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը։ 16Ո՛վ Տեր, խոնարհի՛ր քո ականջը և լսի՛ր, ո՛վ Տեր, բա՛ց քո աչքերը և տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու։ 17Արդարև, ո՛վ Տեր, Ասորեստանի թագավորներն ազգեր են կործանել և ավերել նրանց երկրները. 18կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։ 19Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։
Եսայու պատգամը թագավորին
(Ես. 37.21-38)
20Եվ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի”»։ 21Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է.
«Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը.
Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։
22Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր
Եվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր
Եվ աչքերդ վեր հառեցիր.
Իսրայելի Սրբի վրա։
23Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր.
“Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝
Լիբանանի հեռու կողմերը.
Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիները
Եվ նրա ընտիր մայրիները.
Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանը
Եվ նրա պտղատու ծառերի#19.23 Կամ Կարմեղոսի։ անտառը։
24Եվ ես փորեցի և օտար ջրերը խմեցի
Եվ իմ ոտքերի թաթերով չորացրի
Եգիպտոսի բոլոր գետերը”։
25Մի՞թե դու չես լսել, որ ես եմ վաղուց արել այդ
Եվ նախանշել դա հին օրերից
Եվ բերել հիմա,
Որ ավերակների հողակույտեր դարձնես պարսպապատ քաղաքները։
26Եվ կարճ է նրանց բնակիչների ձեռքը,
Ուստի զարհուրեցին և ամաչեցին
Եվ դաշտի խոտի պես եղան,
Եվ կանաչ բանջարի,
Տանիքի խոտի պես
Եվ հասկ հանելուց առաջ՝ խորշակահար եղած արտի պես։
27Բայց ես գիտեմ քո բնակությունը, քո ելքն ու քո մուտքը
Եվ քո բարկությունն իմ դեմ։
28Քո՝ իմ դեմ ունեցած բարկության համար
Եվ քո հոխորտանքի համար, որ հասել է իմ ականջին,
Ահա ես էլ իմ կարթը դնում եմ քո քթին
Եվ իմ սանձը՝ քո բերանին
Եվ քեզ ետ եմ դարձնում քո եկած ճանապարհով։
29Եվ սա նշան կլինի քեզ համար.
Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը
Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը,
Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք
Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։
30Եվ Հուդայի տան ազատված մնացորդը
Պիտի կրկին արմատ արձակի դեպի վար
Եվ պտուղ տա վերևում,
31Որովհետև մնացորդը պիտի դուրս գա Երուսաղեմից,
Եվ վերապրողները՝ Սիոնի սարից.
Եվ սա Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է անելու։
32Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին.
“Նա չի մտնելու այս քաղաքը
Եվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ,
Եվ վահանով չի գալու նրա առջև
Եվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։
33Իր եկած ճանապարհով պիտի ետ դառնա
Եվ չի մտնելու այս քաղաքի մեջ”.
Ասում է Տերը.
34“Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն
Ե՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։
35Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։ 36Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դարձյալ շարժվեց ու գնաց և նստեց Նինվեում։ 37Եվ երբ նա երկրպագում էր իր աստծուն Նեսրաքի տանը, նրա որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, նրան սրով սպանեցին, և իրենք փախան Արարատի երկիրը։ Եվ նրա որդի Ասորդանը թագավոր դարձավ նրա փոխարեն։

Արդեն Ընտրված.

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք